Ծնունդ 24. 1-4, 10-12 Կիրակի | Մարտ 22
Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե իմ այս ճանապարհը, որով ես գնում եմ, հաջողեցնելու ես։ Ծնունդ 24․42
ԱԲՐԱՀԱՄԻ ԱՍՏՎԱԾԸ
Ամինան ճանաչեց և ընդունեց Քրիստոսին մի երկրում, որտեղ քրիստոնեությունն անօրինական էր։ Նա փորձեց իր հավատքի փորձառությամբ կիսվել եղբոր հետ, բայց նա մերժեց նրա խոսքերը։ Որոշ ժամանակ անց նրա եղբայրը հիվանդացավ վտանգավոր հիվանդությամբ։ Մութ հիվանդանոցային սենյակում պառկած, շնչահեղձ լինելով՝ նա պատրաստ էր Հիսուսին ընդունել որպես Աստծո Որդի, բայց վախենում էր բարձրաձայն արտասանել Նրա անունը, որպեսզի ոչ ոք չլսի իրեն։ Սակայն անզորության մեջ նա բացականչեց. «Քրոջս Աստված, օգնի՛ր ինձ»։ Հանկարծ նրա շնչառությունը թեթևացավ, և սենյակը, կարծես, լուսավորվեց։ Այդ օրվանից սկսվեց նրա ճանապարհը դեպի Քրիստոսի հանդեպ հավատը։
Ծննդոց գրքում Աբրահամի ծառան գնաց իր տիրոջ որդու համար կին փնտրելու։ Աղոթքի մեջ նա ասաց. «Ո՛վ Տեր, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված» (Ծն․ 24․12)։ Ինչո՞ւ։ Որովհետև նա գիտեր, որ Աստված խոստացել էր Աբրահամին. «Ես քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ» (Ծն․ 12․2)։ Այնուհետև Աստված կրկնեց այս խոստումը (Ծն․ 15․2-5)։ «Աբրամը հավատաց Տիրոջը, և նա նրա համար արդարություն համարեց այդ» (հ․ 6)։ Ծառան վստահեց իր տիրոջ Աստծուն, քանի որ տեսավ նրա հավատքը։
Մեր խոսքերը կարող են քաջալերել ուրիշներին հետևել Քրիստոսին։ Բայց մեր խոսքերից առավել կարևոր է այն, թե ինչպես ենք մենք ապրում։ Աստծո հանդեպ ճշմարիտ հավատն ավելի բարձր է խոսում, քան ցանկացած խոսք։
Թող Աբրահամի Աստվածն օգտագործի մեր կյանքը՝ մարդկանց Իրեն մոտեցնելու համար։
Ինչպե՞ս ենք ճանաչել Աստծուն։ Ինչպե՞ս է մեր կյանքը ցույց տալիս, որ մենք հավատում ենք Նրան։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, թող կյանքս արտացոլի Քրիստոսի լույսն իմ բոլոր գործերում։ Թող ուրիշներն իմ մեջ տեսնեն անկեղծ հավատքս Քո հանդեպ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 10-12, Ղուկաս 1. 39-56