Սաղմոսներ 145․ 13-21 Ուրբաթ | Մարտ 20
Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն։ Սաղմ․ 145․18
ԱՍՏՎԱԾ ՄՈՏ Է
Լինելով միայնակ մայր՝ Մոնիկան միշտ չէ, որ ժամանակ էր գտնում Աստծո հետ հաղորդակցվելու համար։ Մի օր, երբ իրեն ճնշված էր զգում, նա որոշեց դուրս գալ գետի ափ՝ զբոսնելու, ջրի մեղմ խշշոցի ներքո հանգստանալու և ծաղիկների բույրով լցված մաքուր օդը շնչելու։ Մոնիկան մի պահ պատկերացրեց, որ այդ պահին Հիսուսը քայլում է իր կողքով և ներքուստ խաղաղություն զգաց։ «Կարծես հայտնվեցի Նրա ներկայության մեջ, և դա ինձ լցրեց խաղաղությամբ և ուրախությամբ», - պատմում է նա։ Այդ օրվանից նա ամեն օր դուրս էր գալիս զբոսնելու և Աստծո հետ ժամանակ անցկացնելու։ «Ես տանջվում էի մեղքի զգացումից, բայց պատասխանը հենց իմ աչքի առաջ էր․ Տերը միշտ մոտ է», - խոստովանում է Մոնիկան։
Սաղմոսները լի են նմանատիպ ճշմարտություններով։ Աստված իսկապես միշտ մեզ հետ է։ Սաղմոս 145-ում Դավիթը գովաբանում է Արարչին և Նրա կատարյալ բնավորությունը. «Տերն արդար է իր բոլոր ճանապարհների մեջ և ողորմած է իր բոլոր գործերում» (Սաղմ․ 145․17)։ Աստված բավարարում է մեր ցանկությունները (հ․16), աջակցում է ընկածներին և կշտացնում քաղցածներին (հ․ 14-15)։ «Տերը մոտիկ է բոլորին, որ իրեն են կանչում. այն բոլորին, որ ճշմարտությամբ կանչում են իրեն» (հ․ 18)։
Մենք կարող ենք միանալ Դավթի փառաբանությանը՝ հնարավորություններ գտնելով Աստծուն մոտենալու համար, ինչպես արեց Մոնիկան։ «Իմ բերանը պիտի խոսի Տիրոջ օրհնությունը, և ամեն մարմին պիտի օրհնի նրա սուրբ անունը հավիտյանս հավիտենից» (հ․ 21)։
Ի՞նչ իրավիճակների մեջ ենք զգում, որ Աստված մոտ է մեզ։ Ինչպե՞ս կարող ենք ձևավորել Նրա հետ ամենօրյա հաղորդակցման սովորություն։
Աղոթք – Ողորմա՛ծ Տեր, շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ մասին և շրջապատում Քո ներկայությամբ։ Օգնի՛ր հարատևեմ Քո ներկայության մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 4-6, Ղուկաս 1. 1-20