Ելք 35. 20-29 Երկուշաբթի | Մարտ 16
Իսրայելի որդիները՝ յուրաքանչյուր տղամարդ թե կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն տեսակ գործերի համար ․․․ սիրահոժար ընծաներ բերեցին Տիրոջը։ Ելք 35․29
ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ
«Փառք Աստծուն Իր բարության համար», - գրված էր հուշատախտակի վրա։ «Նա թույլ տվեց ինձ մասնակցել այս ճանապարհի կառուցմանը՝ որպես շրջանակ այն հրաշալի պատկերի, որ Ինքն է ստեղծել»։ Այս արձանագրությունը գրվեց 1915 թվականին՝ ինժեներ Սեմյուել Քրիստոֆեր Լանկաստերի կողմից։ Ցուցանակը տեղադրված է գեղատեսիլ դիտակետում՝ իր նախագծած ճանապարհի կողքին, որն անցնում է անտառներով, ժայռերով և ջրվեժներով լի մի ապշեցուցիչ կիրճով։
Մենք հաճախ ընկնում ենք գայթակղության մեջ, երբ մեր ձեռքբերումները վերագրում ենք ինքներս մեզ։ Բայց ի՞նչ կլինի, եթե դրանք դիտենք որպես համեստ «շրջանակ» Աստծո գլուխգործոցի շուրջ։ Նմանատիպ վերաբերմունքի գեղեցիկ օրինակ է Մովսեսի կազմակերպած նվիրահավաքը Սուրբ խորանի կառուցման համար (Ելք 35․5)։ «Ովքեր հոժարասիրտ էին և ամբողջ հոգով կամեցող, եկան և Տիրոջն ընծա բերեցին․․․», ժողովուրդը բերում էր թանկարժեք մետաղներ և քարեր, կտավներ, մորթի, փայտ, խունկ և օծման յուղ (հ․ 21-28)։ Մարդիկ սիրահոժար ընծաներ բերեցին՝ պատրաստ կատարելու Տիրոջ պատվերը (հ․ 29)։ Աստված որոշ արհեստավորների հատուկ շնորհներ տվեց, սակայն խորանի կառուցման գործում յուրաքանչյուրը կարող էր իր ներդրումն ունենալ, օրինակ՝ կանայք, ովքեր հմուտ էին այծի մազ մանելու մեջ (հ․ 26)։
Թե՛ այն ժամանակ, թե՛ ներկա օրերում ամենակարևորը մարդու սրտի դիրքն է։ «Ում սիրտը որ հոժար է, թող ընծա բերի Տիրոջ համար․․․» (հ․ 5)։ Միայն այդ դեպքում մեր ներդրումը կօգտագործվի լավագույն կերպով։
Ի՞նչ հասանելի ռեսուրսներ ունենք։ Ինչպե՞ս կարող ենք դրանք օգտագործել Տիրոջ փառքի համար։
Աղոթք – Տե՛ր, ես կարող եմ տարվել` իմ սեփական փառքը որոնելով։
Օգնի՛ր ինձ ապրել այնպես, որ կյանքս Քեզ փառաբանի։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 28-29, Մարկոս 14. 54-72