Մատթեոս 5. 13-16 Կիրակի | Մարտ 15
Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել։ Մատթ․ 5․14
ԼԻՆԵԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԼՈՒՅՍԸ
Երբ համավարակի ժամանակ, անվտանգության նկատառումներից ելնելով, աշակերտներին տուն ուղարկեցին, դպրոցական շենքերն ու բակերը դատարկվեցին։ Այնուամենայնիվ, որոշ ուսուցիչներ փորձում էին գտնել միջոցներ՝ արտահայտելու իրենց աջակցությունն աշակերտներին, և ոգևորել նրանց՝ պահպանելու լավատեսությունն այս դժվար շրջանում։ Մի քանի դպրոցներ մեկնարկեցին «Եղի՛ր լույս» անվամբ նախաձեռնությունը, որի շրջանակներում ամեն երեկո աշակերտները շենքերի բնակիչներին լույսերով ողջունում էին պատուհաններից։
Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը ներկայացրեց «Եղի՛ր լույս» նախաձեռնության իր սեփական տարբերակը՝ կոչ անելով Իր աշակերտներին լույսով փայլել ուրիշների առջև (Մատթ․ 5․16): Նրա կոչն ուներ շատ ավելի խոր իմաստ, քան պարզապես բարոյական աջակցությունը: Նա կոչ արեց մեզ դրսևորել այն լույսը, որն Ինքն է դրել մեր մեջ՝ ցույց տալով աշխարհին, թե ով է Աստված: Մեր կյանքը՝ մեր խոսքերն ու գործողությունները, ցույց են տալիս Քրիստոսի տված հույսը՝ այն տեսանելի դարձնելով ուրիշների համար: Մենք նման ենք ճրագի, որը կանգնած է ճրագակալի վրա՝ լուսավորելու բոլորին։
Տերը մեզ անվանում է «աշխարհի լույս» և կոչ անում լուսավորել նրանց ճանապարհը, ովքեր դեռ չեն լսել բարի լուրի մասին: Մեր միջոցով Նրա լույսի դրսևորումը կարող է ցույց տալ մարդկանց ճշմարիտ ճանապարհը դեպի Աստված՝ դեպի հույսի աղբյուրը։
Ո՞ւմ մեջ ենք տեսնում Հիսուս Քրիստոսի լույսը։ Ինչպե՞ս կարող ենք Նրա լույսը սփռել ուրիշների կյանքի վրա։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու ես իմ հույսը։ Գործածի՛ր ինձ, որպեսզի իմ կյանքի միջոցով աշխարհին ցույց տամ Քո լույսը։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 26-27, Մարկոս 14. 27-53