Հոբ 2. 7-13 Ուրբաթ | Մարտ 13
Նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր։ Հոբ 2․13
ԼԻՆԵԼ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
«Մայրի՛կ, գլուխս ցավում է»։ «Մայրի՛կ, մրսում եմ»։ «Մայրի՛կ, ոտքերս շփիր». Անդադար բացականչում էր աղջիկս, ով բարձր ջերմություն, դող և մարմնի ցավեր ուներ։
Նա խնդրում էր ինչ-որ կերպ մեղմել իր տառապանքը, բայց իրականում նրան պարզապես իմ ներկայությունն էր պետք։ Երբ բժիշկը զննեց աղջկաս, պարզվեց, որ նրա մոտ վիրուսային վարակ էր։ Ոչինչ հնարավոր չէր անել, բացի այն, որ պետք էր համաբերատար անցնել այդ փուլը և պարզապես հաղթահարել հիվանդությունը։
Այդ օրը մի քանի ժամ նստեցի հիվանդ դստերս կողքին։ Շփում էի նրա ոտքերը, տալիս համապատասխան դեղերը և սպասում, որ վիճակը փոքր-ինչ բարելավվի։ Խոստովանում եմ՝ երբեմն իմ ներսում արթնանում էր եսասիրությունը՝ «դժվար է»։ Այո՛, իսկապես հեշտ չէ նստել տառապող մարդու կողքին և տեսնել, թե ինչպես է նա ցավից տանջվում։
Հոբի ընկերներն էլ եկան նրան զորակցելու դժվար պահին։ Այս երեքին, հաճախ, երբեմն արդարացիորեն, քննադատում են իրենց հետագա վարքագծի համար։ Սակայն հաճախ մոռացվում է, որ սկզբում նրանք պարզապես լուռ նստեցին նրա կողքին։ «Նրա հետ յոթ օր ու յոթ գիշեր գետնին նստեցին. նրա հետ մի բառ չէին խոսում, որովհետև տեսան, որ ցավը չափազանց մեծ էր» (Հոբ 2․13)։
Հոբի ընկերների օրինակը մեզ հիշեցնում է, որ երբ սիրելի մարդը տառապում է, երբեմն ամենակարևորը պարզապես կողքին լինելն է։ Հնարավոր է՝ մխիթարության ճիշտ խոսքեր չգտնենք, բայց մեր ներկայությունն ինքնին, թերևս, լավագույն մխիթարությունն է, որ կարող ենք ցուցաբերել։
Արդյո՞ք մեր ծանոթների կամ սիրելիների մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր դժվար ժամանակներ են ապրում։ Ինչպե՞ս կարող ենք նրանց կողքին լինել։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ Քո անսահման սիրո և ողորմության համար։ Բացի՛ր աչքերս, օգնի՛ր տեսնել նրանց, ովքեր տառապում են, և համարձակություն տու՛ր կանգնելու նրանց կողքին։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 20-22, Մարկոս 13. 21-37