.
2026թ., Մարտի 12

Բ Տիմոթեոսին 1. 6-14                                                                         Հինգշաբթի   |   Մարտ 12

 

 

Որովհետև Աստված մեզ երկչոտության հոգի չտվեց, այլ զորության, սիրո և ողջամտության։ Բ Տիմ․1․7

 

ՆՎԻՐՄԱՆ ԳԻՆԸ

 

Քսաներկու քրիստոնյա ծառայողներից բաղկացած մի խումբ կես օր ճանապարհ էր անցել, որպեսզի հանդիպի մեկ այլ երկրից ժամանած հովվի հետ՝ նրա թանկարժեք փորձի փոխանակման համար։ Եթե նրանց բռնեին, հովիվը կարտաքսվեր, իսկ նրանք կդատապարտվեին երեք տարվա ազատազրկման։ Քսաներկու հոգուց տասնութն արդեն բանտարկվել էին Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի համար։

Հովիվը նրանց նվիրեց իր հետ բերված Աստվածաշնչերը։ Մի կին իր Աստվածաշունչը նվիրեց մյուսին։ Շատերի նման՝ նա բացարձակապես անգիր գիտեր բոլոր գլուխները՝ պատրաստ լինելով, որ ձերբակալվելու պարագայում շարունակի բաժնեկցել Աստծո Խոսքով։ Ավելի ուշ, նա խնդրեց հովվին աղոթել, որ իրենց համայնքը նույնպես կարողանա անարգել ու ազատ պաշտել Տիրոջը, ինչպես նրա հովված եկեղեցին։ Հովիվը, տպավորված տեղի հավատացյալների անձնուրացությամբ, աղոթեց, որ իր եկեղեցին նույնպես դառնա նույնքան նվիրված և խոնարհ իր հավատքի մեջ, ինչպես նրանց համայնքները։

Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում բախվում են տարբեր տեսակ հալածանքների։ Բոլոր քրիստոնյաներն էլ կարող են հանդիպել փորձության և հեռանալ Հիսուս Քրիստոսից, երբ Նրա նկատմամբ հավատքը դառնում է չափազանց վտանգավոր։ Այնուամենայնիվ, Սուրբ Հոգին մեզ հնարավորություն է տալիս օգտագործել Աստծո պարգևները զորությամբ, սիրով և ողջամտությամբ։ Աստված կօգնի մեզ համարձակորեն կիսվել Ավետարանի Բարի Լուրով, ուր էլ որ ուղարկի մեզ։ Հիսուսի զոհաբերության շնորհով (հ. 9-10), մենք պետք է լինենք անձնուրաց և խոնարհ՝ պահելով «ողջամիտ խոսքերը… հավատով ու սիրով, որ Քրիստոս Հիսուսով է» (հ. 13)։

 

Ի՞նչ ենք երբևէ զոհաբերել Ավետարանի համար։ Ո՞ւմ հետ ենք պատրաստ այսօր կիսվել Քրիստոսի մասին Բարի Լուրով։

 

Աղոթք – Ամենակարո՛ղ Աստված, զորացրո՛ւ հավատքս և հաստատի՛ր նվիրումս՝ Քեզ ճանաչելու և համարձակորեն կիսվելու Քո Բարի Լուրով ուրիշների հետ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 17-19, Մարկոս 13. 1-20