.
2026թ., Մարտի 11

Մատթեոս 18․21-35                                                                           Չորեքշաբթի   |   Մարտ 11

 

 

Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը նրան ներեց։ Մատթ․ 18․27

 

ԱԶԱՏԱԳՐՈՒՄ՝ ՆԵՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

 

«Վախը վերածվեց ատելության, և մի օր ես հակադարձեցի», - պատմում է Սայ Գարտեն։ Դեռահասության տարիներին նա ենթարկվում էր հասակակիցների ծաղրանքին ու բռնությանը։ Զայրույթը կուտակվում էր նրա մեջ, և ժամանակի ընթացքում նա սկսեց պատասխանել նույն դաժանությամբ, ինչպես վարվում էին իր հետ։ Նրան ծաղրի ենթարկողներն ի վերջո հետ կանգնեցին իրենց վատ քայլերից, բայց Սայի հոգում խոր վերքեր մնացին։

Շատ տարիներ անց նրա հոգևոր ընկերներից մեկը, իմանալով եղելության մասին, խորհուրդ տվեց ներել նրանց։ Սայը զայրացած պատասխանեց՝ «երբե՛ք»։ Իր կարծիքով նրանք արժանի չէին ներման։ Սակայն ժամանակի ընթացքում Սայը ներեց և զգաց, թե ինչպես է սրտից ծանր բեռ ընկնում։ «Առաջինը, ինչից ազատվեցի, ատելությունն էր», -  խոստովանեց նա՝ ավելի ուշ վերանայելով նաև իր նախկին համոզմունքը, թե ինքը ևս Աստծո սիրուն ու ներմանն արժանի չէ ու երբեք չի ստանա։

Մենք բոլորս էլ անցնում ենք ներման բարդ շրջափուլով. թե՛ այն պարագում, երբ մենք պետք է ներենք, թե՛ երբ ինքներս ենք ներում ակնկալում։ Ահա թե ինչու Հիսուսը պատմեց ծառայի առակը, ով տիրոջը պարտք էր այնքան գումար, որի մարման համար մի քանի կյանք կպահանջվեր (Մատթ. 18.24): Այնուամենայնիվ, «Տերն այդ ծառային գթաց, արձակեց նրան և պարտքը ներեց» (h. 27): Արդյո՞ք դա արդար որոշում էր։ Առաջին հայացքից՝ ո՛չ։ Բայց դա անսահման ողորմություն էր՝ անհավատալի շնորհ։

Ապա այդ ներված ծառան հանդիպեց իր ծառայակցին, ով իրեն պարտք էր անհամեմատ փոքր գումար, և նրան բանտ գցեց (հ. 28-30)։ Դժվար է հավատալ՝ ինչպե՞ս կարող էր չներել, երբ քիչ առաջ ինքն էր ներում ստացել. դաժան և ցավալի անարդարություն։

Սայը հասկացավ, որ ուրիշներին ներելը սերտորեն կապված է այն գիտակցության հետ, որ մենք ինքներս ներված ենք Աստծո կողմից։ Մեր մեղքը առակի նույն անտանելի պարտքն է, որը Հիսուսը վճարեց խաչի վրա: Այն գիտակցմամբ, որ Աստված ազատեց մեզ Իր դատաստանից, մենք էլ ազատենք ուրիշներին մեր դատապարտումից։

 

Ո՞ւմ ենք դժվարանում ներել, և ինչպե՞ս կարող ենք մեր ցավն ու նրանց մեղքը վստահել Աստծուն։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ խաչի վրա ամբողջովին մարեցիր իմ պարտքը։ Քո սիրո ու ողորմության օրինակով սովորեցրո՛ւ ինձ ներել նրանց, ովքեր ցավ են պատճառել ինձ։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Օրենք 14-16, Մարկոս 12. 28-44