Ծնունդ 25. 7-11 Երկուշաբթի | Մարտ 9
Աբրահամը, բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած, ավանդեց իր հոգին ու մեռավ և միացավ իր ժողովրդին։ Ծն․ 25․8
ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ
Երեսուն տարի առաջ ես մասնակցեցի գործազուրկների համար նախատեսված սեմինարի, և այն իմ հիշողության մեջ մնաց ողջ կյանքի ընթացքում։ Մեզ՝ աշխատանքից հեռացված աշխատակիցներիս, խնդրեցին գրել մի տեքստ, որը կարտասանեինք թոշակի անցնելիս։ Սկզբում, իհարկե, զարմացանք։ Մենք աշխատանք էինք փնտրում և շատ հեռու էինք թոշակի տարիքից։ Սակայն վարողը բացատրեց վարժության նպատակը. «Ձեր ելույթը, հավանաբար, ոչ մի կապ չի ունենա ձեր մասնագիտության հետ։ Կյանքի իմաստն աշխատանքի մեջ չէ»։ Իրոք, թեև մենք վշտացած էինք աշխատանքից զրկվելու պատճառով, բայց մեր կյանքը շատ ավելի մեծ իմաստ ուներ, քան պարզապես աշխատանք ունենալը։
Աբրահամի կյանքի ավարտի մանրամասներն ինձ հիշեցնում են այս դասը։ Նա մահացավ «բարի ծերության մեջ, ալևորած և իր օրերից կշտացած» (Ծն․ 25․8): Աստվածաշնչում մենք բազմիցս տեսնում ենք, որ նահապետը հավատարմորեն հետևեց Աստծո հրահանգներին, սակայն գրեթե ոչինչ չի ասվում նրա ապրուստի միջոցների մասին։ Աբրահամի հավատքն (Ծն․ 15․6) արձագանքում է Ժողովողի խոսքերին. «Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս․․․» (Ժող․ 2․26): Իսկ նախորդող համարներում ասվում է. «Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։ Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ» (հ․ 24-25):
Նույնիսկ կորստի և անհանգստության պահերին կարևոր է հիշել Աբրահամի օրինակը և Ժողովողի խոսքերը, որոնք մեզ ուղղորդում են դեպի իրական գոհունակություն, որն Աստծո մեջ է։
Ի՞նչ ենք ցանկանում թողնել որպես հիշատակ մեր կյանքից։ Ինչպե՞ս է հավիտենական ժառանգության մասին մտորելն առաջնորդում մեզ։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, օգնի՛ր ապրել արդար կյանքով և գոհություն գտնել Քո ներկայության մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 8-10, Մարկոս 11. 19-33