Եփեսացիներին 4. 1-7 Շաբաթ | Մարտ 7
… ջանալով Հոգու միությունը խաղաղության կապով պահել։ Եփ. 4.3
ՊԱՀՊԱՆԵ՛ՆՔ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1967 թվականի հունվարին Վինեկոն քաղաքի բնակիչները զարմանքով հայտնաբերեցին, որ իրենց քաղաքը սխալմամբ դուրս է մնացել Վիսկոնսին նահանգի պաշտոնական ճանապարհային քարտեզից, ինչի հետևանքով այն զրկվեց զբոսաշրջային եկամուտներից։ Ի պատասխան՝ քաղաքը որոշեց «անջատվել» նահանգից և նույն տարվա հուլիսի 21-ին իրեն հռչակել անկախ պետություն։ Նահանգային իշխանությունները սկսեցին քայլեր ձեռնարկել, և մի քանի ամիս տևած բանակցություններից հետո քաղաքն ու նահանգը համաձայնության եկան. 1967 թվականի հուլիսի 22-ին՝ 00։01 րոպեին, Վինեկոնը կրկին միացավ Վիսկոնսինին։
Դժբախտաբար, բաժանումների մեծամասնության հարցն այդքան հեշտությամբ չի լուծվում։ Այնուամենայնիվ, դրանք այնպիսի սպառնալիք են ներկայացնում, որ Առակաց գիրքը «կռիվ հրահրող» անձին (Առ. 6.19) դասում է «Տիրոջն ատելի բաների» շարքում (հ.16):
Բաժանումները ոչ միայն խնդիրներ են առաջացնում, այլև աղավաղում են Քրիստոսի և Նրա Հոր կերպարը: Խաչելությունից առաջ գիշերը Հիսուսն աղոթեց, որ Իր հետևորդները միաբան լինեն. «Որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր» (Հովհ. 17.21):
Տերը հստակ ցույց տվեց, որ մեր միաբանությունը Քրիստոսի մեջ կամ դրա բացակայությունն ազդում է Նրա հանդեպ աշխարհի վերաբերմունքի վրա։ Հավանաբար հենց այդ պատճառով Պողոս Առաքյալը եփեսացիներին ուղղված նամակում գրում էր՝ ջանացե՛ք «Հոգու միությունը խաղաղության կապով պահել» (Եփ. 4․3)։
Ի՞նչը կարող է մեզ բաժանել մյուս հավատացյալներից։ Ի՞նչ կարող ենք անել այս բաժանարար գործոնների դեմ՝ Քրիստոսի մարմնի միաբանությունը պահպանելու համար։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, տուր ինձ սիրով լեցուն սիրտ, որպեսզի Քրիստոսով քույրերիս ու եղբայներիս հետ միասին կարողանանք արտացոլել այն միասնությունը, որ Դու ցանկանում ես տեսնել մեր մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 3-4, Մարկոս 10. 32-52