Գ Թագավորների 11․1-13 Երեքշաբթի | Մարտ 3
Սակայն չեմ խլելու ամբողջ թագավորությունը: Գ Թագ․ 11․13
ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆ
Վաթսունյոթամյա Սաբինան Բելգիայում գտնվող իր տնից ճանապարհվեց ընկերուհու մոտ, ով ապրում էր շուրջ 140 կիլոմետր հեռավորության վրա։ Ուղևորությունը պետք է տևեր ընդամենը երկու ժամ, սակայն երկարաձգվեց մինչև մի քանի օր։ Սաբինան լիցքավորում էր մեքենան, քնում և շարունակում վարել, մինչ ճանապարհային նշանները ֆրանսերենից փոխվեցին գերմաներենի, ապա՝ խորվաթերենի։
«Ես զբաղվում էի իմ գործերով և պարզապես առաջ էի շարժվում», - հետագայում խոստովանում է նա։ Միայն Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ հասնելով՝ Սաբինան վերջապես հասկացավ, որ սխալ ուղղությամբ է ընթանում։
Նա անցավ գրեթե ութ հարյուր հիսուն կիլոմետր։ Մի թանկարժեք սխալ։ Սակայն ամենաիմաստուն մարդը երկրագնդի վրա՝ Սողոմոն թագավորը, թույլ տվեց շատ ավելի թանկ արժեցող սխալ։ Նա սիրեց «օտարազգի շատ կանանց … որոնց մասին Տերն ասել էր Իսրայելի որդիներին, թե՝ «Մի՛ ամուսնացեք նրանց հետ»» (Գ Թագ. 11․1-2)։ «Սողոմոնի ծերության ժամանակ նրա կանայք նրա սիրտը շեղեցին դեպի ուրիշ աստվածներ» (հ. 4), նա սկսեց երկրպագել կուռքերին (հ. 7-8)։
Ինչպե՞ս Սողոմոնն այդքան հեռացավ ճշմարիտ ճանապարհից։ Յոթ հարյուր կանայք նրան մոլորեցրին։ Արդյունքում՝ «Տերը բարկացավ Սողոմոնի վրա, քանի որ իր սիրտը շեղել էր․․․» (հ․ 9)։ Տերը մեզ կանչում է հավատարիմ լինելու, բայց մեր սրտերը հեշտությամբ կարող են շեղվել ճանապարհից։ Ուստի աղոթենք Արարչին, որ օգնի մեզ զգոն և մոտ լինել Իրեն։ Իսկ շեղվելու պարագայում հիշե՛նք՝ Նա շնորհքի Աստված է, Ով ցանկանում է վերադարձնել մեզ դեպի ճշմարիտ ուղին (հ. 13)։
Ի՞նչն է մեզ շեղում և հեռացնում Աստծուց։ Այսօր քննե՛նք մեր սիրտը. արդյո՞ք իսկապես քայլում ենք Նրա հետ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ների՛ր, որ սիրտս այդքան հեշտությամբ շեղվում է բարությունից և ճշմարտությունից։ Շնորհակալ եմ, որ Քո անսահման շնորհով միշտ պատրաստ ես ընդունել ինձ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 28-30, Մարկոս 8. 22-38