Եսայի 54․4-8 Երկուշաբթի | Մարտ 2
Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես: Ես․ 54․4
ՔՐԻՍՏՈՍԻ ՄԵՋ ԱՄՈԹ ՉԿԱ
Բելթան ապրում էր Անգլիայի Գիլֆորդ քաղաքում։ Երբ նա 14 տարեկան էր, Լոնդոնի եկեղեցիներից մեկում ընդունեց Քրիստոսին որպես իր Տեր ու Փրկիչ։ Թեև եկեղեցու համայնքի մարդիկ հիմնականում սևամորթ էին, այնուամենայնիվ, աղջիկն իրեն օտար էր զգում։ Նրան ծաղրում էին՝ ասելով, թե իր հայրենի Գիլֆորդում նա իրեն պահում է «սպիտակ երեխաների պես»։
Բելթան չգիտեր, թե ինչ անել։ Տասնվեց տարեկանում նա ծանոթացավ մի հմայիչ երիտասարդի հետ, և սիրո փափագը նրան մղեց անխոհեմ քայլերի։ Նա հղիացավ, ինչից հետո եկեղեցում նրան այլևս չընդունեցին։ Աջակցություն ու մխիթարություն նա գտավ Եսայի մարգարեի գրքում գրված Աստծո քաջալերական խոսքերի մեջ․ «Մի՛ վախեցիր, որովհետև չպիտի ամաչես, անպատվված մի՛ զգա, որովհետև չպիտի նախատվես. դու պիտի մոռանաս քո պատանության ամոթը…» (Ես. 54․4)։ «Ես միայնակ էի և շփոթված, - հիշում էր Բելթան, - բայց այդ խոսքերը բացեցին իմ առաջ ճշմարտությունը, որ Աստված միշտ եղել է իմ հենարանը»։
Մարգարեի խոսքերը զորացրին նրա հավատքը, ժամանակի ընթացքում օգնեցին վերականգնվել և փոխանցել Աստծո Խոսքի շնորհն իրեն շրջապատողներին։ Մերժվածությունն ու ամոթը կործանում և դատարկում են մարդու սիրտը, սակայն Աստված մեզ է ուղղում Իր վերափոխող Խոսքը։ Նա շարունակում է սիրել, ներել և ընդունել մեզ։
Ինչպե՞ս է Աստծո սերն այսօր դրսևորվում մեր կյանքում։
Աղոթք – Շնորհքի Աստվա՛ծ, շնորհակալ եմ, որ Քրիստոսի վերականգնող սիրո միջոցով հեռացրիր իմ ամոթն ու մեղքը։ Ես ընդունում եմ Քո շնորհն ու խաղաղությունը և վստահությամբ հանձնում կյանքս ապահով ձեռքերիդ մեջ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 26-27, Մարկոս 8. 1-21