.
2026թ., Փետրվարի 28

Մարկոս 2․1-5                                                                                       Շաբաթ   |   Փետրվար 28

 

 

Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։ Մարկ․ 2․4

 

ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՏՔԸ

 

Համաժողովի ընթացքում Ջենին նկատեց, որ իր ընկերուհին, ով պետք է զեկույց ներկայացներ, իրեն լավ չէր զգում։ Նա մոտեցավ ու հարցրեց, թե ինչպես է նա, ինչով կարող է օգնել։ «Ինձ վատ եմ զգում, - պատասխանեց ընկերուհին, - բայց պետք է զեկույցով հանդես գամ։ Եթե վաղն էլ չկազդուրվեմ, կգնամ բժշկի»։ 

Հաջող զեկույցից հետո՝ հաջորդ առավոտյան աղջկա դուռը թակեցին։ Ջենին էր, ով եկել էր, որպեսզի նրան հիվանդանոց տանի։ Պարզվեց՝ վիճակը լուրջ էր, սակայն, բարեբախտաբար, հիվանդին ժամանակին օգնություն ցուցաբերվեց։ Ընկերուհու հոգատարությունն ու զգոնությունն օգնեցին փրկել նրա կյանքը։

Հաստատակամ ընկերները մեծ օրհնություն են։ Նույն ճշմարտությունն է արձանագրում նաև Մարկոս ավետարանիչը։ Լսելով Հիսուսի բժշկարար զորության մասին և իմանալով, որ Նա քաղաք է եկել (Մարկ. 2․1), չորս ընկերներ որոշեցին իրենց անդամալույծ ընկերոջը Նրա մոտ տանել։ Սակայն տունը լեցուն էր մարդկանցով, և նրանք չկարողացան ներս մտնել (հ. 2)։ Այդժամ ընկերները «քանդեցին այն տան տանիքը… և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը» (հ. 4)։ Հիսուսը, տեսնելով նրանց հավատը, բժշկեց հիվանդին (հ. 11-12)։

Եկե՛ք ուրիշների կարիքները հաստատակամ աղոթքով բերենք Քրիստոսի առաջ։ Իսկ պատասխանի սպասման ընթացքում շարունակենք հոգ տանել նրանց մասին և ամեն կերպ ձգտենք օգնություն ու զորակցություն ցուցաբերել։

 

Ինչպե՞ս են մեր ընկերների հոգատարությունն ու հաստատակամությունն օգնել մեզ։ Ի՞նչ կարող ենք անել այսօր ինչ-որ մեկին օգնելու համար։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ հավատարիմ ընկերներիս համար։ Օգնի՛ր հարատևել ուրիշների համար աղոթելու մեջ և նրանց կարիքները բերել Քո առաջ մեծ հավատով ու սիրով։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 20-22, Մարկոս 7․1-13