Դ Թագավորների 4․29-35 Ուրբաթ | Փետրվար 27
Եվ ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց: Դ Թագ․ 4․35
ԱՂՈԹՔԻ ԶԲՈՍԱՆՔ
Ես փակուղու մեջ հայտնվեցի։ Հոդվածի կեսը գրելուց հետո մտքերս կարծես սպառվել էին։ «Աստվա՛ծ իմ, ի՞նչ անեմ», - աղաչանքով դիմեցի Տիրոջը։ Հանկարծ հիշեցի մի հետազոտության մասին, ըստ որի՝ քայլելու ընթացքում ստեղծագործական ակտիվությունը միջինում բարձրանում է մոտ 60 տոկոսով։
Դ Թագավորների գրքում պատմվում է, թե ինչպես Եղիսե մարգարեն արձագանքեց սունամացի կնոջ աղերսանքին՝ նրա մահացած որդու համար (Դ Թագ. 4․18-35)։ Եղիսեի հրահանգով (հ. 29) Գեեզին գնաց և նրա գավազանը դրեց երեխայի վրա (հ. 31)։ Սակայն ոչինչ տեղի չունեցավ։ Ապա եկավ ինքը՝ Եղիսեն։ Նա աղոթեց, ապա պառկեց երեխայի վրա։ Բայց նույնիսկ այդ ժամանակ արդյունք չեղավ։ Վերջապես Եղիսեն «ելավ ու տան մեջ մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնաց և վեր կացավ ու կրկին կռացավ նրա վրա ․․․ երեխան բացեց իր աչքերը» (հ. 35)։
Աստվածաշունչը չի ասում, թե ինչու Եղիսեն սկսեց առաջ ու ետ քայլել։ Մենք նաև չգիտենք, թե ինչ էր նա մտածում։ Բայց մեկ բան ակնհայտ էր, երբ մարգարեի աղոթքները չէին պատասխանվում, նա չէր հանձնվում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ էր նա ասում Աստծուն այս ծանր իրավիճակում։
Իսկ մենք ինչպե՞ս ենք վարվում, երբ կանգնում ենք փակուղու առաջ և չգիտենք ինչ անել։ Միգուցե արժե աղոթքի զբոսանքի դուրս գալ։ Անկախ նրանից՝ փողոցում ենք քայլում, թե տան սենակում, Աստծո հետ հաղորդակցվելը կարող է պատասխաններ տալ բազմաթիվ հարցերի։
Այսօր ի՞նչ փակուղու առաջ ենք։ Ինչպե՞ս կարող ենք Աստծուց խնդրել, որ մեզ առաջնորդի։
Աղոթք – Տե՛ր, երբ իմ ճանապարհին դժվարությունների հանդիպեմ, օգնի՛ր որքան հնարավոր է մոտ մնամ Քեզ՝ զգալով կենդանի ներկայությունդ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 17-19, Մարկոս 6․30-56