Ղուկաս 15․1-10 Չորեքշաբթի | Փետրվար 25
Ինձ հետ ուրախացե՛ք, որովհետև իմ կորած ոչխարը գտա։ Ղուկ․15․6
ՀԱՐՅՈՒՐԵՐՈՐԴ ՈՉԽԱՐԸ
Կենտրոնական Ասիայից մի խուլ հովիվ փափագում էր Ավետարանը հասցնել նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց։ Հասարակության կողմից մերժված լինելով և կրելով «Ալլահի կողմից անիծված» պիտակը՝ նա ճաշակեց Փրկչի կողմից ընդունված լինելու երջանկությունը։ Մի օր նա իմացավ խուլ, համր և կույր կնոջ մասին, ով ապրում էր հեռավոր մի վայրում, և ճանապարհ ընկավ նրան գտնելու։ Այդ տեղանքում գայլեր կային, սակայն նա ոտքով անցավ վտանգավոր ճանապարհը և հասավ նրա տուն։ Կնոջ ձեռքի վրա մատի շարժումներով նա սկսեց «խոսել»: Այդ օրը նրանք մեծ ուրախություն ապրեցին, որովհետև կինն ապաշխարեց և ընդունեց Քրիստոսին որպես Տեր և Փրկիչ։
Հիսուսը նույնպես երկար ճանապարհ անցավ՝ «կորածին փնտրելու և փրկելու» համար (Ղուկ․ 19․10): Կորած ոչխարի առակի օրինակով Նա բացատրեց, թե որքան կարևոր է յուրաքանչյուր մարդ Աստծո համար, անկախ նրանից ընդունում է մարդն այդ ամենը, թե ոչ: Առակում հովիվը թողնում է իննսունինը ոչխարը, որպեսզի գտնի կորածին (Ղուկ․ 15․4): Առանց այդ մեկ ոչխարի հոտը կլիներ թերի: Եվ երբ նա գտավ կորածին, ուրախացավ և հրավիրեց իր հարևաններին ուրախանալու իր հետ միասին (հ․ 6): Աստծու հրեշտակների մոտ ուրախություն է ամեն ապաշխարած մեղավորի համար, երբ մարդը դարձի է գալիս (հ․ 10):
Մենք էլ մի ժամանակ կորած ոչխարների պես էինք, որոնց Տերը երկար ու անդադար փնտրում էր։ Մեզ համար Նա աշխարհ եկավ, խաչվեց, և այսօր երկինքը Նրա հետ ուրախանում է մեզ համար։
Ի՞նչ զգացողություն ենք ապրում, երբ մտածում ենք, որ Քրիստոսը մեզ գտավ, ինչպես կորած ոչխարին։ Արդյո՞ք մենք աղոթքներում հիշում ենք այն մարդկանց, ովքեր դեռ չեն լսել փրկության բարի լուրի մասին։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ գտել ես ինձ և դարձրել Քո հոտի մի մասնիկը: Պատրաստի՛ր սիրտս, որ մոտենամ մարդկանց նույն կարեկցանքով և սրտացավությամբ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 12-14, Մարկոս 5․21-43