.
2026թ., Փետրվարի 24

Եսայի 53․1-6                                                                                 Երեքշաբթի   |   Փետրվար 24

 

 

Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։ Ես․ 53․3

 

ՏԵՍՆԵԼ ԱՍՏՎԱԾԱՅԻՆԸ

 

Մարդկանց մեծ մասը խուսափում էր Ջորջ Չեյզից, ով ապրում էր անտառի եզրին գտնվող մի հին տնակում։ Ոչ ոք չէր այցելում նրան, սակայն բոլորը գիտեին, որ Ջորջի տանը ո՛չ լոգարան կար, ո՛չ էլ ցնցուղ, իսկ նրա մարմնից տարածվող հոտն ինքնին ամեն ինչ ասում էր։

Մի օր անսպասելիորեն ահեղ փոթորիկ բարձրացավ։ Հսկայական ալիքները հուժկու թափով հարվածեցին ափին՝ քշելով լողափին կից կառուցված շքեղ տները։ Փրկված մարդկանցից տասնմեկը՝ թրջված ու վախեցած, ապաստան գտան Ջորջի տանը։ Նա նրանց տվեց այն ամենը, ինչ ուներ՝ ջուր, կաթ, կոճապղպեղով թեյ և, ամենակարևորը՝ ապահով տանիք։ Ջրհեղեղից հետո տեղի բնակիչների կարծիքը Ջորջի մասին էապես փոխվեց։

Տխուր է, երբ մենք մարդկանց մասին մակերեսային դատողություններ ենք անում, սակայն այսպիսին է մարդկային էությունը։ Ոմանք նույն կերպ են վերաբերվում նաև Քրիստոսին՝ Նրան պատկերացնելով այնպես, ինչպես հին նկարներում է պատկերված՝ գեղեցիկ ու անտարբեր դեմքով։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է։ Եսայի մարգարեն Մեսիայի մասին գրել է․ «Նա ո՛չ տեսք ուներ, ո՛չ էլ վայելչություն, որ նրան նայեինք, ոչ էլ այնպիսի տեսք, որ ցանկայինք։ Անարգված և մարդկանցից մերժված ․․․ որից երես են դարձնում մարդիկ» (Ես. 53․2-3)։ Եվ այնուամենայնիվ, այս Մարդը մեզ տվեց այն ամենը, ինչ ուներ․ «Նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց» (հ. 4)։ Նա Իր կյանքը զոհեց մեզ համար։

Ցավալի է, երբ մենք չենք ճանաչում մեր մերձավորներին։ Բայց շատ ավելի ողբերգական է չտեսնել Նրա աստվածային էությունը, Ով մեզ հավիտենական փրկություն բերեց։

 

Ինչպե՞ս կարող ենք արտաքին դրսևորումների ետևում նկատել մարդկանց իրական էությունը։ Երբ խորհում ենք Քրիստոսի մասին, ինչպիսի՞ կերպար է ձևավորվում մեր սրտում։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր տեսնել ու ընկալել  յուրաքանչյուր մարդու՝ որպես Քո պատկերով և նմանությամբ ստեղծված։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 9-11, Մարկոս 5․1-20