Մատթեոս 6․25-34 Կիրակի | Փետրվար 22
Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են»։ Մատթ․ 6․34
ՄԻ՛ ՄՏԱՀՈԳՎԵՔ
Երբ երկօրյա արձակուրդի էի մեկնում, կարծում էի, թե խնդիրներս թողել եմ տանը, բայց անհանգիստ մտքերս ուղեկցում էին ինձ ամբողջ ճանապարհին։ «Մի՞թե մտքերս ու սիրտս այդպես էլ չեն խաղաղվի», - մտածեցի ես։ Բայց երբ սկսեցի աղոթել, հանկարծ հիշեցի Քրիստոսի խոսքերը. «Արդ, վաղվա մասին մի՛ հոգացեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (Մատթ․ 6․34):
Ինձ անհանգստացնում էր այն, ինչ կարող էր տեղի ունենալ ապագայում, և այդ մտքերը խանգարում էին՝ վայելելու Աստծո կողմից ներկայում տրված խաղաղությունը։
Քրիստոսը Լեռան քարոզում անդրադառնում է մտահոգության հարցին և կոչ անում վստահել մեր Երկնային Հորը, ով կհոգա մեր մասին (հ․25-26, 32): Նա հիշեցնում է, որ մտահոգվելը ոչ մի արդյունք չի տալիս (հ․ 27), բացի լարվածությունից, բացասական մտքերից և սթրեսից՝ զգուշացնելով, որ ապագայի հնարավոր խնդիրների մասին անհանգստանալն ու մտահոգվելը շեղում է մեզ Աստծո կամքը ներկայում կատարելուց: Տերը գիտի, թե ինչ է լինելու վաղը, ուստի մենք կարող ենք ապավինել Նրա օգնությանը ցանկացած իրավիճակում (հ․ 34):
Տերը խոսում է մեր մտահոգության մասին, քանի որ այն սասանում է մեր հավատքի հիմքերը՝ անվստահությամբ լցնելով Աստծո զորության և բարության նկատմամբ։ Հաղթահարե՛նք մեր վախերը և կենտրոնանանք Աստծո կամքի վրա, թե ինչ է Նա ուզում իրականացնել մեր միջոցով այստեղ և հիմա։
Այսօր ի՞նչ հոգսեր կարող ենք վստահել Աստծուն՝ հավատալով, որ նա կհոգա ամեն բանի համար:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ դժվարությունների մեջ միայնակ չես թողնում։ Օգնի՛ր վստահել Քո անսահման սիրուն ու բարությանն ամեն օր։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 4-6, Մարկոս 4․1-20