Սաղմոսներ 42.1-8 Շաբաթ | Փետրվար 21
Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ ․․․ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Սաղմ․ 42․5
ՀԻՇԵԼ` ՄՈՌԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Իր գրքերից մեկում Ռիչարդ Մոուն կիսվում է հարավ-աֆրիկյան սևամորթ մի աստվածաբանի ցավալի հուշերով, ով ապրել էր ապարտհեյդի՝ ռասսայական խտրականության ժամանակաշրջանում։ Մոուն գրում է. «Նա պատմում էր մի աֆրիկացի աղջկա մասին, ում ուսուցիչը խնդրեց սահմանել «հուշ» բառը։ Մի փոքր մտածելուց հետո աղջիկը պատասխանեց. «Հուշը մի բան է, որն օգնում է ինձ մոռանալ վատը»»։ Նրա անցյալում շատ դառնություններ կային, որոնց մասին չէր ցանկանում հիշել, ուստի աղջիկը նախընտրում էր կենտրոնանալ լավ հիշողությունների վրա։
Շատերը կրում են սարսափելի, կարծես անջնջելի իրադարձությունների սպիներ։ Սակայն այս աղջկա իմաստությունը մեծ հույս է տալիս: Եթե մենք սովորենք հիշել միայն դրականը, այդ հիշողությունները կօգնեն մեզ առաջ շարժվել։
Սաղմոս 42-ում հեղինակն իրեն համեմատում է ծարավ եղջերուի հետ, որ փափագում է ջրերին այնպես, ինչպես ինքն է փափագում Տիրոջը։ Սակայն նա նաև նշում է. «Այս բաները հիշելով՝ հոգիս հեղում եմ ինձանում, որ բազմության հետ անցնեմ ու նրանց հետ գնամ մինչև Աստծու տուն. տոնահանդես անող ամբոխի հետ՝ օրհնության և գովասանության ձայնով» (Սաղմ․ 42․4):
Սաղմոսերգուի՝ Աստծուն երկրպագելու հիշողությունները ոգեշնչում էին նրան գովաբանել նույնիսկ դժվարին ժամանակներում։ «Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և խռովված ես ինձանում։ Հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է» (հ․ 6): Աստծուն հիշելը և Նրա ներկայության մեջ մեր պատկանելիության զգացումը կարող են օգնել մեզ հաղթահարել ցավալի անցյալը։
Ի՞նչ մռայլ հիշողություններ ունենք անցյալում, որոնք հետապնդում են մեզ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, Դու գիտես իմ վերքերն ու սպիները, իմ ցավերն ու վշտերը։ Պարուրի՛ր ինձ Քո սիրով և բժշկի՛ր, որպեսզի իսպառ մոռանամ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 1-3, Մարկոս 3