Ա Հովհաննես 2․28-3․3 Ուրբաթ | Փետրվար 20
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։ Ա Հովհ․ 3․1
ԱՍՏԾՈ ՍԻՐԵԼԻՆԵՐ
Ոսկրածուծի փոխպատվաստման անհրաժեշտությունն Ագնեսին իր հայրենիքից՝ Մալթայից, տարավ մինչև Անգլիա։ Այնտեղ նա ընկերացավ հիվանդանոցի հոգևորական Մորիսի հետ, ով, ի զարմանս իրեն, նույնպես մալթացի էր։ Անգլիայում ամեն ինչ նրան օտար ու անսովոր էր թվում։ Ընտանիքից հեռու ապրելը դժվար էր, սակայն նա հաճախ տեսնում էր Աստծո ձեռքն իր հետ կատարվող ամեն բանի մեջ։ «Եթե Տերը չլիներ, չգիտեմ՝ ինչպես կկարողանայի անցնել այս ամենի միջով»,- կիսվում է նա։
Երբ բուժումն ավարտվեց, և Ագնեսը վերադարձավ տուն, նա շարունակեց կապ պահպանել Մորիսի հետ, ով մշտապես հորդորում էր նրան ապավինել Աստծուն։ Անցան տարիներ, և Ագնեսը պատահաբար իմացավ իր դոնորի անունը։ Պարզվեց, որ դոնորը Մորիսն էր: Այս բացահայտումն Ագնեսի սրտում անջնջելի հետք թողեց: «Ես սկսեցի առավել խորությամբ ճանաչել Աստծո գործն իմ կյանքում և ավելի հստակ զգալ Նրա կարիքը»,- վկայում է նա՝ երկնային սիրո ու ողորմության հանդեպ խորին երախտագիտությամբ լցված։
Ագնեսի՝ Աստծո սիրո հանդեպ ունեցած հիացմունքը հիշեցնում է Հովհաննես առաքյալի խոսքերը․ «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց» (Ա Հովհ. 3․1)։ Ինչպես Մորիսն էր հորդորում Ագնեսին վստահել Աստծուն, այնպես էլ Հովհաննեսն էր կոչ անում հավատացյալներին պահել իրենց կապը Նրա հետ․ «Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ» (Ա Հովհ. 2․28)։
Անկախ հանգամանքներից և կարիքներից՝ եկե՛ք մեր հույսը դնենք Երկնային Հոր վրա, ով ամեն ժամանակ շրջապատում է մեզ Իր սիրով և հոգատարությամբ։
Ինչպե՞ս է Աստծո սերը մեզ համար հասանելի դարձել: Արդյո՞ք Նրա զավակը լինելու գիտակցումը փոխում է մեր մտածելակերպն ու վարքը։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ ենք Քո անսահման ողորմության և հավատարմության համար։ Օգնի՛ր ամեն օր ապրել Քո սիրո լույսի մեջ և նույն սերն արտացոլել մեր շրջապատի մարդկանց հանդեպ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 26-27, Մարկոս 2