.
2026թ., Փետրվարի 19

Ղևտական 25. 35-43                                                                     Հինգշաբթի   |   Փետրվար 19

 

 

Եթե քո եղբայրը աղքատանա, և նրա ձեռքը քեզ մոտ թուլանա, նրան պիտի օգնես ․․․ որպեսզի քեզ մոտ ապրի։ Ղևտ․ 25․35

 

ԱՌԱՏԱՁԵՌՆ ՍԵՐ

 

Թոդն իր կրտսեր եղբորը՝ Ալեքսին, ով վերջերս էր ավարտել համալսարանը, հրավիրեց ապրել իր կառուցած տանը։ Նա ցանկանում էր օգնել եղբորը ոտքի կանգնել, ուստի սկզբնական շրջանում նրանից ոչ մի վճար չէր վերցնում։ Կես տարի անց Թոդը խնդրեց, որ Ալեքսը սկսի բնակարանի համար որոշ գումար վճարել։ Անցան տարիներ։ Երբ Ալեքսը մտածում էր սեփական բնակարան ձեռք բերելու մասին և նույնիսկ գտավ շահավետ տարբերակ, այդ ժամանակ Թոդը բացահայտեց մի գաղտնիք. այդ ամբողջ ընթացքում նա Ալեքսի վճարած գումարները կուտակել էր խնայողական հաշվին։ Այժմ այնտեղ արդեն զգալի գումար էր հավաքվել, որը պատկանում էր Ալեքսին։ Լսելով այդ մասին՝ նա խորապես հուզվեց և երախտագիտությամբ նայեց եղբորը։

Աստվածաշնչի Ղևտական գրքում Աստված Մովսեսի միջոցով իսրայելացիներին տվեց մի շարք պատվիրաններ, որոնց մեջ կային նաև ցուցումներ կարիքավորներին աջակցելու վերաբերյալ (Ղևտ. 25․35)։ Սահմանվեց նաև «Հոբելյանական տարին» (հ. 10), որի ընթացքում ներվում էին պարտքերը, ստրուկներն ազատ էին արձակվում, և օգնություն էր ցուցաբերվում աղքատներին (հ. 23-55)։ Տերն իսրայելացիներին հիշեցրեց. «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Քանանի երկիրը տամ ձեզ ու լինեմ ձեր Աստվածը» (հ. 38)։ Նա նրանց նոր հայրենիք էր տվել, և այժմ նրանք պետք է ընդօրինակեին Նրան՝ ողորմություն ցուցաբերելով և իրենց տները բացելով ուրիշների համար:

Շատ տարիներ անց Հովհաննես առաքյալը գրեց. «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք» (Ա Հովհ․ 3․1): Քրիստոսի զոհաբերության միջոցով մենք ստացել ենք այս առատաձեռն սիրո լիությունը (հ․ 16): Եվ երբ Տերն օրհնում է մեզ, մենք էլ մեր հերթին Նրա սերը ցուցաբերենք ուրիշների հանդեպ:

 

Ինչպե՞ս է Աստծո առատաձեռն սերը դրսևորվել մեր կյանքում։ Ինչպե՞ս կարող ենք այդ սերը փոխանցել ուրիշներին։

 

Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր բաժնեկցել Քո անփոփոխ սերն ինձ շրջապատող մարդկանց հետ։ Ամեն:



Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 25, Մարկոս 1. 1-22