Հովել 2. 21-27 Չորեքշաբթի | Փետրվար 18
Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը․․․ Հով․ 2․25
ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Սիրտս սեղմվեց, հույզերս խառնվեցին իրար։ Ընկերս, ով օգնում էր համակարգչիս կարգավորումների հարցում, պատահաբար ջնջեց բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ես տեղափոխել էի դրա մեջ։ Տարիների թանկագին հիշողություններ՝ ընտանիքից ու ընկերներից, մեկ ակնթարթում անհետացան։ Խուճապը պատեց ինձ։ Թվում էր՝ այլևս երբեք չեմ կարողանա վերականգնել այն գեղեցիկ պահերը՝ տոների, ճամփորդությունների ու առանձնահատուկ առիթների լուսավոր հուշերը, որոնք ունեի նկարների տեսքով։ Մինչ անսահման հուսահատության մեջ էի, ընկերս խոստացավ, որ կփորձի վերականգնել ֆայլերը։ Մի քանի տագնապալից ու ձգձգվող ժամերից հետո, աչքերիս առաջ հայտնվեցին այդ թանկարժեք լուսանկարներն ու տեսանյութերը։
Տագնապալի սպասումը երկար չտևեց, սակայն հասցրեց լցնել հոգիս ծանր ու տհաճ զգացումներով։ Կորուստը միշտ էլ ցավոտ ու դառը փորձառություն է։ Հովել մարգարեն իր գրքում ապաշխարության կոչ էր անում Հուդայի ժողովրդին այն դեպքից հետո, երբ մորեխների անթիվ բազմությունը ոչնչացրել էր հացահատիկի դաշտերը, պտղատու այգիներն ու ծառերը։ Նա նաև զգուշացնում էր ժողովրդին Աստծուն անհնազանդ լինելու գալիք հետևանքների մասին։ Սակայն Տերը չի լքում Իր ժողովրդին։ Նա խոստացավ օգնել և վերականգնել երկիրը, եթե նրա բնակիչներն ամբողջ սրտով դառնան դեպի Իրեն. «Եվ ես ձեզ կհատուցեմ այն տարիները, որ կերան մորեխը, ջորյակը, ճիճուն և խառնիճը․․․» (Հով․ 2․25)։
Ճիշտ այնպես, ինչպես Աստված վերականգնեց Հուդան, այնպես էլ ցանկանում է վերականգնել մեզ։ Ինչպիսի հանգամանքներում էլ գտնվենք, դառնանք դեպի Աստված և վստահենք Նրան։ «Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը», - ասում է Նա (հ․ 27)։ Տերը հավատարիմ է, Նա կարող է վերականգնել այն, ինչ կորցրել ենք, և պարգևել ամենամեծ օրհնությունը՝ Իր հետ կենդանի ու մտերիմ փոխհարաբերությունը։
Ինչպե՞ս է Աստված օգնել մեզ կորստի ժամանակ։ Ի՞նչ կցանկանայինք այսօր ասել Նրան մեր ներկայիս վիճակի ու ապրումների մասին։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու ես ինձ վերականգնողը: Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 23-24, Մարկոս 1. 1-22