Հովհաննես 3. 1-6, 14-16, 36 Երեքշաբթի | Փետրվար 17
Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի: Հովհ․ 3․36
ՀԱՎԱՏՔ ԵՎ ՀՈՒՅՍ
Բելլը չէր ցանկանում որևէ առնչություն ունենալ իր ծնողների հավատքի հետ։ Համալսարանում նա իրեն հռչակել էր աթեիստ և որոշել ապրել առանց Աստծո։ Սակայն շուտով նրա կյանքում սկսվեց փորձությունների շրջան և ծանր հարվածներ․ ապագա ամուսնուց բաժանվելու և այլ դժբախտությունների արդյունքում նա հայտնվեց երկարատև դեպրեսիայի ճիրաններում։ Բելլը սկսեց մտածել նույնիսկ կյանքին վերջ տալու մասին։
Հուսահատության ամենախոր պահին նա հիշեց, թե ինչ ուրախությամբ էին իր ծնողներն ապրում Քրիստոսով, և որոշեց իր վստահությունը դնել Փրկչի վրա։ Որոշ ժամանակ անց Բելլը լսեց, որ Չինաստանում կան բնակիչներ, ովքեր երբեք չէին լսել Ավետարանի բարի լուրը։ Նա փափագեց մեկնել այնտեղ՝ որպես միսիոներ։ Շատերը փորձում էին նրան հետ պահել, սակայն նա, այնուամենայնիվ, ուղևորվեց Չինաստան՝ համալսարանում ծանոթացած երիտասարդի հետ, որի հետ հետագայում ամուսնացավ։ Իր կյանքի մնացած տարիներին Բելլն Ավետարանի բարի լուրը հասցրեց Չինաստանի և Թաիլանդի բնակիչներին։ Հազարավոր մարդիկ դարձի եկան դեպի Քրիստոսը, և այդ կնոջ թողած հոգևոր ժառանգությունը մինչ օրս կենդանի է մնում այդ երկրներում։
Ո՞վ պարգևեց այս երիտասարդ կնոջը նոր կյանք և հույս։ Ո՞վ էր քայլում նրա կողքին, երբ նա հաղթահարում էր դժվարությունները։ Իհարկե՛, Տեր Հիսուս Քրիստոսը։
Հաճախ շատերս մտածում ենք, թե որն է կյանքի իմաստը։ Եթե ունենք կասկածներ, դիմենք Քրիստոսին՝ Աստծո միածին Որդուն, Ով մահացավ մեզ համար (Հռոմ․ 5․8)։ Նա տալիս է հավիտենական կյանք (Հովհ․ 3․16)։ Եվ եթե մենք վստահենք Նրան, ինչպես Բելլն էր վստահում, Նա մեզ հետ կլինի մեր բոլոր պայքարներում և կօգնի Իր սերը փոխանցել ուրիշներին։
Ո՞րն է մեր կյանքի իրական իմաստը։ Ի՞նչ է նշանակում հույս գտնել Քրիստոսի մեջ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ այն նպատակների և ծրագրերի համար, որոնք Դու ունես ինձ համար։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 21-22, Մատթեոս 28