Ծնունդ 33. 1-10 Երկուշաբթի | Փետրվար 16
Ինքն անցավ նրանց առաջը և մինչև գետին յոթ անգամ խոնարհություն արեց նախքան իր եղբորը մոտենալը։ Ծն․ 33․3
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ
Իմ զարմիկներին, ովքեր ապրում էին մեզնից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, մանկության տարիներին արգելված էր շփվել մեր ընտանիքի հետ։ Նրանք երբեք չէին գալիս մեր տուն տոն օրերին և նույնիսկ չէին բարևում, երբ պատահաբար հանդիպում էինք խանութում։ Պատճառն այն էր, որ այդ տարիներին մենք եկեղեցի չէինք հաճախում, և նրանց ծնողները կարծում էին, թե մենք կարող ենք վատ ազդեցություն ունենալ նրանց վրա։ Սակայն տարիներ անց զարմիկներից մեկը եկավ ավագ եղբորս հուղարկավորությանը։ Նա հերթով մոտեցավ մեզնից յուրաքանչյուրին ու խոնարհությամբ ներողություն խնդրեց այդպիսի վերաբերմունքի և օտարացման համար։ Այդ օրվանից մեր հարաբերությունները սկսեցին վերականգնվել։
Շատ տարիներ առաջ նման իրավիճակում հայտնվեցին նաև Հակոբի և նրա երկվորյակ եղբոր՝ Եսավի հարաբերությունները: Հակոբը, լինելով ծնունդով երկրորդը, գործեց երկու անպատվաբեր արարք։ Նախ նա Եսավից ապուրի դիմաց գնեց առաջնեկության իրավունքը (Ծննդ. 25․19-34), ապա խաբեց իր ծերացած հորը, որպեսզի վերջինս օրհնի իրեն՝ եղբոր փոխարեն (Ծննդ. 26․34-27․40)։ Զայրացած Եսավը խոստացավ սպանել Հակոբին, և նա ստիպված փախավ այլ երկիր։
Տարիներ անց Հակոբը ցանկանում էր տուն վերադառնալ, սակայն վախենում էր, որ իր և եղբոր միջև եղած խնդիրը չի կարող լուծվել առանց արյունահեղության (Ծննդ. 32․6-8)։ Երբ վերջապես հանդիպեց Եսավին, նա երկյուղում էր, թե Եսավը կսպանի իրեն, բայց վերջինս «վազեց ընդառաջ, և գրկեց նրան» (հ․ 4)։
Անկախ նրանից՝ մենք ենք ցավ պատճառել, թե ինքներս ենք վիրավորված, ամենաճիշտ քայլը, որ կարող ենք անել, հարաբերությունների վերականգնմանն ուղղված ձգտումն է։ Սա պահանջում է խոնարհություն, սրտաբացություն, հաճախ նաև՝ մեծ ջանքեր, սակայն Աստված կարող է օգնել մեզ այդ ճանապարհին։
Ի՞նչ հարաբերություններ ունենք մեր կյանքում, որոնք այսօր վերականգնման կարիք ունեն։ Ինչպե՞ս կարող ենք առաջին քայլը կատարել դեպի հաշտություն։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, թույլ մի՛ տուր, որ իմ սրտում դառնություն արմատավորվի։
Օգնի՛ր ներել և խոնարհությամբ նաև ներում խնդրել։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 19-20, Մատթեոս 27. 51-66