«Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց ինձ մոտ գալ, որովհետև երկնքի արքայությունն այդպիսիներինն է» (Մատթեոս 19.14):
Մանկական ծառայությունը եկեղեցու կարևորագույն ոլորտներից է. երեխայի սիրտն այն պարարտ հողն է, որտեղ այսօր պետք է ցանվեն հավատքի առաջին սերմերը, որպեսզի վաղն ունենանք ամուր հոգևոր արմատներ ունեցող սերունդ։ Այս ծառայությունը զորացնելու և առաջնորդներին անհրաժեշտ գիտելիքներով վերազինելու նպատակով Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) քրիստոնեական դաստիարակության բաժինն անցկացրեց սեմինար շուրջ 170 առաջնորդի համար, ովքեր ջանասիրությամբ ծառայում են ՀԱԵ 22 տեղական եկեղեցու մանկական խմբերում։
Հանդիպումներն անցկացվեցին երկու փուլով՝ Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում և Երևանում՝ Բաղրամյան 18 հասցեում։
Սեմինարի ընթացքում ներկայացվեց երեք կարևոր թեմա՝ «Ի՞նչ է մանկական պաշտամունքը», «Լսարանի կառավարում», և «Աշխատանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ»։
Թեմաներն ընտրված էին այնպես, որ արձագանքեն ծառայության մեջ հանդիպող իրական խնդիրներին։ Մասնակիցները վերհիշեցին մանկական պաշտամունքի կառույցը, բովանդակությունը, առաջնորդի կերպարն ու դերը։ Առանձնակի ուշադրություն դարձվեց լսարանի կառավարման հմտություններին՝ հաշվի առնելով այժմյան երեխաների վարքագծային փոփոխություններն ու առանձնահատկությունները։
Նոր և կարևոր թեմա էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին գիտելիքներն ու նրանց հետ աշխատելու նրբությունները։ Վերջինիս խոսնակն էր հատուկ հոգեբան-լոգոպեդ, դասընթացավար Հռիփսիմե Գրիգորյանը։
Տեսական գիտելիքները համեմվեցին գործնական օրինակներով ու տարատեսակ հարցերով, որոնք օգնեցին մասնակիցներին ձեռք բերել կիրառելի հմտություններ՝ յուրաքանչյուր երեխայի հանդեպ անհատական ու սիրով լի մոտեցում ցուցաբերելու համար։
Որպես այս հանդիպումների գործնական շարունակություն՝ յուրաքանչյուր մասնակցի տրամադրվեց «Մանկական առաջնորդի ձեռնարկը»։ Այն ներառում է սեմինարի ամբողջական նյութը և նախատեսված է ծառայության ընթացքում որպես ուղեցույց օգտագործելու համար։
Նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական և կնպաստեն, որպեսզի մեր առաջնորդները լինեն պատրաստված՝ երեխաներին դեպի ճշմարտությունն առաջնորդելու ճանապարհին։