.
ՀԱԵ ծառայողների վերապատրաստման երկօրյա սեմինար Հանքավանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ), շարունակելով առանցքային համարել հովիվների և քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծառայողների կրթությունը, պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ և կիրառում կրթական տարբեր մոտեցումներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ռեսուրսների ներգրավմամբ։

Հերթական երկօրյա սեմինարը կազմակերպվել էր Հանքավանում, 2026 թվականի փետրվարի սկզբին՝ Community Bible Study-ի (CBS՝ Սուրբ Գրքի համայնքային ուսումնասիրություն) միջհարանվանական և միջազգային կառույցի փորձառու դասընթացավարների ու երիտասարդ ծառայողների՝ 12 հոգանոց խմբի մասնակցությամբ։ Փորձի փոխանակման, տեսական և գործնական հմտություններով վերազինվելու տեսանկյունից սեմինարն ու խմբային քննարկումներն առանձնահատուկ արժեքավոր էին։ Դասերն ընթանում էին զուգահեռ երեք խմբով։

Հայաստանի տարբեր քաղաքներից ՀԱԵ ավելի քան 60 ծառայող՝ հովիվներ, ՔԴ պատասխանատուներ և աշակերտներ պատրաստող առաջնորդներ, նախապես ընտրել էին իրենց հետաքրքրող թեման և սեմինարի երկու օրվա ընթացքում ուսումնասիրում էին նախընտրած նյութը։

Մասնակիցների մի մասն առավել մանրամասն ծանոթացավ Աստվածաշունչը սերտելու CBS մեթոդին, որը շուրջ 50 տարվա ընթացքում կիրառվում է ավելի քան 120 երկրում՝ մոտ 85 լեզվով։ Նրանք նաև լսեցին պատանիներին արդյունավետ քննարկումների ու բանավեճերի մեջ ներգրավելու, ինչպես նաև քննարվող նյութը գրագետ ամփոփելու գործնական սկզբունքների մասին։ Մյուս խումբը սերտում էր Աստվածաշնչի բանավոր ուսումնասիրության մեթոդները, իսկ երրորդ խումբն ուսումնասիրում հոգևոր առաջնորդության արդյունավետության երեք կարևոր բաղկացուցիչները՝ բացահայտելով, թե ինչպես կարելի է դառնալ առաջնորդ, ում վստահում են։

Այսպիսի նախաձեռնությունները ոչ միայն խորացնում են ծառայողների մասնագիտական կարողությունները, այլև ամրապնդում հոգևոր տեսլականը՝ նպաստելով եկեղեցում առողջ առաջնորդության ձևավորմանը։

Նախորդ
...
X