.
«ՄԵԾ ԽԱՂ». երիտասարդական սպորտային տոն Երևանում և Վանաձորում

Երիտասարդական ակտիվությունը, թիմային ոգին և առողջ մրցակցությունը միավորվեցին մեկ հարկի տակ։ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Քրիստոնեական Դաստիարակության (ՔԴ) բաժնի սպորտային ծառայության թիմը կազմակերպել էր սպասված «ՄԵԾ ԽԱՂ» միջոցառումը, որը դարձավ իսկական ճամփորդություն և տոն հարյուրավոր երիտասարդների համար։

Միջոցառման մասնակիցներն այս անգամ ստացել էին յուրօրինակ հանձնարարություն. յուրաքանչյուր թիմ պետք է ներկայանար իրեն հատկացված գույնի հագուստով և ունենար հենց այդ գույնն ունեցող հյուրասիրություն։ Այս գունեղ մոտեցումը միջոցառմանը հաղորդեց հատուկ տրամադրություն և ստեղծագործական մթնոլորտ։

«Մեծ խաղն» ընդգրկեց գրեթե ողջ Հայաստանը՝ անցկացվելով երկու հիմնական վայրում։ Երևանում հանդիպեցին մայրաքաղաքի և հարակից շրջանների երիտասարդները։ Իսկ Վանաձորում իրենց ուժերը չափեցին Լոռվա, Տավուշի և Շիրակի մարզերի ներկայացուցիչները։

Օրը հագեցած էր բազմաբնույթ հանձնարարություններով՝ դինամիկ դահլիճային խաղերից մինչև բարդ ինտելեկտուալ առաջադրանքներ։ Մասնակիցները մրցում էին ինչպես անհատական հմտություններով, այնպես էլ թիմային միասնականությամբ։ Խաղի ընթացքն ուղեկցվում էր անսպասելի շրջադարձերով. ամեն նոր միավոր կարող էր արմատապես փոխել հաղթողի անունը՝ պահելով լարվածությունն ու հետաքրքրությունը մինչև վերջին վայրկյանը։

Թեև պայքարը թեժ էր, սակայն միջոցառման գլխավոր նպատակն ընկերության հաստատումն ու թիմային գաղափարի զարգացումն էր։ Մրցանակները նույնպես ընտրված էին այնպես, որ խթանեին երիտասարդների միասնական ժամանցը։

«Մեծ խաղը» ևս մեկ անգամ ապացուցեց, որ սպորտային ծառայությունը լավագույն հարթակն է՝ երիտասարդների ներուժը բացահայտելու, նոր ընկերներ ձեռք բերելու և քրիստոնեական սիրո ու միասնության մեջ աճելու համար։

 

Նախորդ
...
X