Միքիա 7․1-5․18-20 Կիրակի | Փետրվար 15
Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող․․․: Միք․ 7․18
ՆՈՐ ՍԿԻԶԲ ԱՍՏԾՈ ՀԵՏ
Նիլը մեծացել էր ընտանեկան անբարենպաստ պայմաններում։ Տարիներ շարունակ նա իրեն անցանկալի և անպետք էր զգում։ Նրա հոգում տիրում էր զայրույթն ու հուսահատությունը։ Սակայն մի օր, երբ նա արդեն խորը հուսահատության մեջ մտածում էր ինքնասպանության մասին, պատահական հայտնվեց և մասնակցեց եկեղեցական ծառայության։ Դա «Աստծո միջամտությունն էր ... մինչ այդ ինձ թվում էր, թե բոլորն ատում են ինձ, իսկ այնտեղ հանկարծ զգացի, որ սիրված եմ», - հիշում է Նիլը։
Նիլը որոշեց այդ սիրո մասին պատմել նաև ուրիշներին։ Մի օր նա նկատեց տեղացի դեռահասների, ովքեր պարբերաբար բացակայում էին դպրոցից և վատ արարքներ գործում։ Նա հիմնեց «Կյանքի շղթա» ծառայությունը՝ մի ավտոտնակ, որտեղ հեծանիվներ վերանորոգելով՝ մարդիկ կարող էին շտկել նաև իրենց կյանքը։ «Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն իրացնեն իրենց ներուժը և, որ ամենակարևորն է, հարաբերություններ սկսեն Հիսուսի հետ», - ոգևորությամբ ասում է Նիլը։
Լավ է կյանքում երկրորդ հնարավորություն ունենալը։ Բայց ոչ մի հնարավորություն չի կարող համեմատվել այն հնարավորության հետ, որի մասին խոսում է Նիլը. նոր կյանք սկսել Քրիստոսի հետ։ Աստծո ժողովրդի պատմության մռայլ շրջանում Միքիա մարգարեն ողբում էր. «Բարեպաշտը կորչում է երկրից» (Միք․ 7․2)։ Նա գրեց Իսրայելին տանջող բռնության, կաշառակերության և խաբեության մասին (հ․ 2-5):
Այնուամենայնիվ, մարգարեն ապավինում էր Աստծո անսպառ ողորմությանը։ «Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող», - բացականչեց նա (հ․ 18):
Մենք կարող ենք մեզ անօգուտ զգալ, ինչպես Նիլը, ընկած, ինչպես այն երիտասարդները, որոնց նա ծառայում էր, կամ մեղավոր, ինչպես իսրայելացիները: Բայց Աստծո շնորհը երբեք չի սպառվում: Նրա գրկում, ով ջնջեց անօրինությունները և մեղքերը նետեց «ծովի խորքերը» (հ․ 19), մեզ միշտ սպասում է նոր սկիզբ: Մենք պարզապես պետք է գանք Նրա մոտ և ողորմություն խնդրենք:
Ո՞ր ոլորտներում ենք պատրաստ փոխել ամեն բան և սկսել նոր ուղի Աստծո հետ։
Ինչպե՞ս է մեր սիրտն արձագանքում Աստծո ողորմությանը:
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Քո ողորմության համար։ Դու միշտ հավատարիմ ես, նույնիսկ երբ սայթաքում ու ընկնում եմ։ Օգնի՛ր ինձ՝ Քեզ հետ ամեն բան սկսել նորից։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Ղևտական 17-18, Մատթեոս 27. 27-50