.
Սուրբ Ծննդյան լույսը Հայաստանի տարբեր բնակավայրերում. ամփոփելով տոնական միջոցառումները

Սուրբ Ծնունդը հույսի, սիրո և նորոգության տոն է, որն ամեն տարի առանձնահատուկ ջերմությամբ է համակում քրիստոնյաների սրտերը։ 2026 թվականի Սուրբ Ծնունդը բացառություն չէր. Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA), միավորելով իրենց ջանքերը, Քրիստոսի Ծննդյան Ավետիսը հասցրին Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բազմաթիվ բնակավայրեր։

ՀԱԵ 22 տեղական եկեղեցում հունվարը տոնական եռուզեռի ամիս էր։ Մեծ պատրաստակամությամբ և նվիրումով կազմակերպված միջոցառումների կենտրոնում Սուրբ Ծննդյան հոգևոր պատգամն ու մանուկների անկեղծ ժպիտներն էին։

Եկեղեցիների մեծ մասում բեմադրվեց «Հիշողության քարտեզը» խորագրով պիեսը։ Այն յուրօրինակ հիշեցում էր, որ Սուրբ Ծննդյան իրական հրաշքը նյութական նվերների մեջ չէ, այլ ներելու, սիրելու, ունեցածը կիսելու և միմյանց հանդեպ հոգատար լինելու կարողության։ 

Երեք քաղաքում Փրկչի Ծննդյան բարի լուրն ավետվեց այլ պիեսների բեմադրությամբ։ Վարդենիսում ներկայացվեց «Մեծ նվերը», Դիլիջանում` «Սուրբծննդյան նարինջներ», իսկ Գյումրիում` «Գիշերային իրարանցում» պիեսները։

Քրիստոնեական դաստիարակության բաժնի ծառայակիցների անխոնջ աշխատանքի շնորհիվ Քրիստոսի Ծննդյան պատգամը ներկայացվեց գեղեցիկ ու մատչելի ձևաչափով։ Միջոցառումների աշխարհագրությունն ընդգրկուն էր.

· 19 բնակավայր Հայաստանի ողջ տարածքում։

· 24 սահմանամերձ գյուղ, որտեղ տոնի բերկրանքն առավել քան սպասված էր։

· 72 միջոցառում, որոնք միավորեցին հազարավոր հանդիսատեսի։

Յուրաքանչյուր ներկայացում և հանդիպում հնարավորություն էր՝ վայելելու Աստծո անսահման սերն ու լսելու փրկության պատգամը։

Տոնն ամբողջական չէր լինի առանց երեխաների ուրախության։ ՀԱԵ-ի և AMAA-ի համատեղ ջանքերով պատրաստվել և փաթեթավորվել էին հազարավոր նվերներ։ Յուրաքանչյուր միջոցառման ավարտին երեխաները ստացան սպասված նվերները, ինչն էլ ավելի գեղեցկացրեց տոնական օրը՝ 10.000 երեխայի ժպիտ նվիրելով:

Նախորդ
...
X