2026 թ.-ի հունվարի 9-ին և 10-ին ավելի քան 2000 երեխա և գրեթե նույնքան մեծահասակ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի բեմից լսեց Սուրբ Ծննդյան Բարի Լուրը:
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) «Հայասա» թատերախմբի երեխաները, թատրոնի պրոֆեսիոնալ դերասանների հետ միասին (Արա Կարագյան, Ելենա Եսայան, Արա Գևորգյան, Արշակ Սեմիրջյան, Մաշա Ուզունյան), երկու օր, չորս հերթափոխով խաղացին «Իմ փետրավոր ընկերը» Սուրբ Ծննդյան ներկայացումը:
Բեմադրիչ ռեժիսոր Նունե Աբրահամյանի մատուցմամբ բեմականացումը գունեղ ու դիտարժան էր, և երեխաներին ծանոթ հեքիաթների հերոսների ճանապարհների խաչաձևմամբ՝ պատմեց փոքրիկ մի տղայի մասին:
Ընտանիքում ամենափոքրը լինելով՝ նա հաճախ ճնշված էր եղբայրների ու քույրերի կողմից և այդ պատճառով փոքր-ինչ չարացած էր բոլորի հանդեպ, ու ամբողջ սրտով փափագում էր փչացնել Սուրբ Ծննդյան տոնը: Բայց այդ խորհրդավոր գիշերը նա հանդիպում է իր պես փոքրիկ մի հրեշտակի, ով ընկերանում է տղայի հետ, նկատում նրա սառցե սիրտը և բացահայտում, որ միայն Հիսուսը կարող է այն փոխել:
Փոքրիկն ու իր փետրավոր ընկերը՝ հրեշտակը, ճանապարհ են ընկնում դեպի Մանուկ Հիսուսի մսուրը, հաղթահարում բազմաթիվ խոչընդոտներ և սովորում գնահատել ունեցած ընկերությունն ու փոխվել: Տղայի սառցե սիրտն ամբողջությամբ հալվում է Փրկչի հետ հանդիպումից հետո, երբ լցվում է երկնային լույսով: Այդ պահից սկսած մյուսների երազանքները նրա համար ավելի կարևոր են դառնում, քան սեփականը:
Ներկայացման մասսայական տեսարաններն իրենց յուրահատուկ ելույթներով հարստացրին «Էլենը և երեխաները» պարային թատրոն ստուդիայի սաները՝ գեղարվեստական ղեկավար և տնօրեն Էլեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Գունեղ, հուզիչ և հոգևոր արժեքների մասին պատմող ներկայացումից հետո երեխաների Սուրբ Ծննդյան ուրախությունն ամբողջացրին նախապես պատրաստված նվերները, որոնք ամեն տարի Հայաստան են հասնում AMAA-ի ջանքերով և խնամքով փաթեթավորվում ՀԱԵ-ի նախաձեռնությամբ՝ տասնյակ կամավորների աջակցությամբ: