.
ՀԱԵ կանանց աշնանային համագումարներ․ ամփոփվեց «Կեղծ աստվածների» թեման

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) կանանց ծառայությունները համակարգող աշխատանքային խմբի կողմից իրականացված կարիքների ուսումնասիրության արդյունքում այս տարի առաջին անգամ կազմակերպվեցին նաև աշնանային մեկօրյա տարածաշրջանային համագումարներ։ Դրանք անցկացվեցին Երևանում, ինչպես նաև Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում՝ ընդգրկելով շուրջ 400 մասնակից։

Նոյեմբերի 22-ին համագումարներ կայացան միաժամանակ Գյումրիում և Դիլիջանում, նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի ՀԱԵ կանանց առաջին անգամ հյուրընկալեց Կապանի եկեղեցին, իսկ նոյեմբերի 29-ին համագումար տեղի ունեցավ Երևանում։

Գյումրիում էր հավաքվել ՀԱԵ Գյումրու, Վանաձորի, Ալավերդու և Շիրակամուտի կանանց խմբերի ավելի քան 100 անդամ։ Նույն թվով մասնակիցներ էին համախմբվել նաև Դիլիջանում՝ ներկայացնելով ՀԱԵ Դիլիջանի, Բերդի, Իջևանի, Նոյեմբերյանի, Սպիտակի, Թումանյանի և Ստեփանավանի կանանց խմբերը։ Կապանում հավաքվել էին Սիսիանի, Գորիսի և Կապանի քույրերը, իսկ Երևանի Բաղրամյան 18-ի կանայք հյուրընկալել էին Երևանի ՀԱԹ-ի և «Հույսի Տան», ինչպես նաև հարակից շրջանների՝ Աբովյանի, Արմավիրի, Այնթապի ու Արտաշատի քույրերին։

Բոլոր չորս քաղաքներում համագումարները մեկնարկեցին փառաբանությամբ, աղոթքով ու միասնական պաշտամունքով, որին հաջորդեց անցնող տարվա ընթացքում մեկօրյա և ամառային համագումարներում սերտված գրքի՝ Թիմ Քելլերի «Կեղծ աստվածներ»-ի ամփոփումը։ Գյումրիում և Կապանում խոսնակը ՀԱԵ Գյումրու հովիվ վեր. Արամ Բաբաջանյանն էր, իսկ Դիլիջանում և Երևանում՝ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը։ Վեր. Բաբաջանյանը, հիշեցնելով Բ Օրենք 6.4–6 համարներում նկարագրված կարևոր հրահանգը, խոսեց կռապաշտության նուրբ և հաճախ աննկատ դրսևորումների մասին՝ ամփոփելով Թիմ Քելլերի գրքում արծարծվող ոլորտները՝ սերը, դրամը, հաջողությունն ու փառքը, ինչպես նաև կրոնական ու մշակութային թաքնված կուռքերը։ Վեր. Խաչատրյանը նույնպես ամփոփեց գրքում ներկայացվող ոլորտներն ու անդրադարձավ ժամանակակից կուռքերին, դրանց առկայության նշաններին ու դրանցից ձերբազատվելու միակ միջոցին՝ Ավետարանին։

Բոլոր համագումարների մասնակիցները թեման քննարկեցին փոքր խմբերում՝ անձնական անդրադարձ կատարելով սեփական կյանքին և դիտարկելով այն լսած նյութերի համատեքստում։

Գյումրիում, Դիլիջանում և Կապանում կանանց համագումարի մասնակիցները, բացի Աստծո Խոսքը սերտելուց ու հոգևոր միաբանությունից, նաև ուրախ ժամանցի հնարավորություն ունեցան․ խաղացին ինտելեկտուալ և զվարճալի խաղեր, պատրաստեցին ձեռքի աշխատանքներ։

Կարելի է ասել, որ ՀԱԵ կանանց ծառայությունների այս տարվա աշնանային համագումարները դարձան նոր և կարևոր քայլ՝ ծառայության խորացման և համայնքների կանանց հոգևոր կարիքներին ավելի զգայուն արձագանքելու ճանապարհին։ Աշնանային մեկօրյա համագումարի նախաձեռնությունը նոր էր, սակայն ունի շարունակական դառնալու միտում։ Տարածաշրջանային հանդիպումները հնարավորություն են տալիս տարբեր համայնքների կանանց միավորվելու, աղոթքով ու Աստծո Խոսքի սերտողությամբ խորացնելու հոգևոր գիտելիքները և նորովի արժևորելու սեփական կյանքի առաջնահերթությունները։

Նախորդ
...
X