Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին (ՀԱԵ) նույնպես հրավեր էր ստացել մասնակցելու 2025 թ․ նոյեմբերի 14-ին և 15-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության առաջին «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը, որին ներկա էր ավելի քան 300 մասնակից Հայաստանից և արտերկրից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։
«Աղոթքի նախաճաշ»-ին Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի (ՀԱՀԽ) լիազորմամբ, որպես վերջինիս ներկայացուցիչ մասնակցում էր ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, իսկ ՀԱԵ-ն ներկայացնում էր Հոգևոր Խորհրդի նախագահ Վարդան Ափինյանը: Մասնակիցների թվում էին նաև Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վեր. դոկ. Հարություն Սելիմյանը, և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հայաստանի գրասենյակի ներկայացուցիչները:
Իրադարձությունն իսկապես աննախադեպ էր՝ միտված աղոթքի, հոգևոր նյութերի քննարկման ու համագործակցության: Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությունը, Հայաստանի այլ քրիստոնեական համայնքների հետ միասին, արտացոլում էր խաղաղության և համագործակցության այն հոգին, որն այս միջոցառման հիմքում էր։
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանին վստահվել էր ավելի քան 300 հյուրերին, որոնց թվում էին նաև ՀՀ Վարչապետն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հոգևոր խորհրդածություն ներկայացնել Բ Մնացորդաց 7.14 համարի շուրջ և աղոթել (ուղիղ մեջբերումը՝ ստորև):
«Սողոմոնն ավարտել էր տաճարի կառուցումն ու պատրաստվում էր զոհեր մատուցել, երբ Տերը երևաց նրան և ասաց ՛՛...և իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, խոնարհվի, աղոթի, իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, այն ժամանակ ես երկնքից կլսեմ, կներեմ նրա մեղքը և կբժշկեմ նրա երկիրը՛՛ : Այս հատվածն անկեղծ ապաշխարության կոչ է: Տերն այսօր էլ մեզ է ասում, որ ապաշխարության կարիք կա, և այն պետք է սկսվի Տիրոջ տնից, Տիրոջ ժողովրդից, իսկ Տիրոջ ժողովուրդը Քրիստոսով որդեգրված քրիստոնյաներն են, մենք ենք։ Տերը մեզ առաջարկում է իրական ապաշխարհությամբ գալ դեպի իրեն՝ իրապես նայելով մեր շրջապատին, նայելով մեր ներսը, տեսնելով, թե ինչի համար էինք կանչված և ինչով ենք հիմա զբաղվում։ Տերը մեզ հրավիրում է Սուրբ Հոգու վերափոխող ներգործությամբ նայել, տեսնել յուրաքանչյուր թերություն և սխալ, ու շտկել դրանք, որպեսզի կարողանանք լինել իր անունով կոչվածներ և առաքելությամբ առաջ գնացողներ։ Իրական ապաշխարությունը խոր վերափոխում է առաջարկում, և խոր վերափոխման հրավեր կա նաև Սուրբ Գրքի այս համարում: Մենք եկեղեցիներում ենք, բայց նաև՝ աշխարհում։ Խնդիրն այն է, որ հիմա աշխարհն ավելի շատ է եկեղեցում, քան եկեղեցին է աշխարհում: Բայց երբ որ լինենք աշխարհում ու չլինենք աշխարհինը, այլ՝ Քրիստոսինը, այդ ժամանակ իրական փոփոխություն կլինի։ Եվ այսօր մեր աղոթքն ու խնդրանքն է, որ Քրիստոսի տված հրավերով մենք աշխարհում լինենք իրական աղ և լույս, աղ, որը հականեխող է, բայց նաև՝ համ ու հոտ բերող , լույս, որը ճշմարտություն և արդարություն է բերում: Եկե՛ք այս աղոթքում նման դիրքում լինենք՝ խոնարհված, ծնկած, բայց Տիրոջ սերը հայցող եւ Տիրոջ զորությամբ մեր շրջապատը, մեր ընտանիքները, մեր հայրենիքը վերափոխող։ Խոնարհվե՛նք աղոթքի.
Մեր փառավոր Տեր Աստվա՛ծ, Քո առջև ենք խոնարհված: Քո այս հրավերով դու մեզ այսօր ևս հիշեցնում ես, որ եթե մենք իսկապես Քո ձայնը լսենք, Սուրբ Հոգի Աստծո զորությանը ենթարկվենք եւ առիթ տանք, որ Աստծո Խոսքը, Աստծո ճշմարտությունը մեզ վերափոխի, ապաշխարհություն շնորհի, մենք նորից օրհնված կլինենք, որովհետև նորից կվայելենք քո ներկայությունը, նորից կզգանք քո սերը: Հիմա, Տե՛ր, որպես հայ ազգ, որպես Հայաստանում բնակվող բոլոր ազգերի ներկայացուցիչներ՝ մենք խոնարհվել ենք Քո առջև և աղերսում ենք Քո բժշկարար ներկայությունը, աղերսում ենք ապաշխարությանդ շնորհը, աղերսում ենք նոր օրհնություններ: Խնդրում ենք, Տե՛ր, որ վերականգնես հայ ընտանիքի կերպարը, որը քրիստոնյա ընտանիքի կերպար է, վերականգնես հայ ազգի մեջ իրական քրիստոնյայի կեցվածքն ու ընթացքը, որը ոչ թե ձևի վրա է հիմնված, այլ Քեզ հետ իրական փոխհարաբերությունների վրա: Առիթ տու՛ր, Տե՛ր, որպեսզի մեր ազգը այս տարածաշրջանում լինի այն փարոսը, որն իր հոգևոր կեցվածքով, իր քրիստոնյա ընթացքով պատմում է, որ Աստված ունի՝ այսօր էլ փրկող, այսօր էլ վերականգնող, այսօր էլ նոր կյանք շնորհող: Տու՛ր մեզ, Տե՛ր, այդ խիզախությունը, որ մենք կարողանանք քո աղն ու լույսը լինել և ճշմարտություն ու թարմություն բերել ամենուրեք, ուր որ դու մեզ ուղարկում ես. այս ամենը խնդրում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»:
Միջոցառումը հարուստ էր ելույթներով, պանելային քննարկումներով ու աղոթքի պահերով: Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն անդրադարձավ Հայաստանի՝ որպես աշխարհի առաջին քրիստոնյա պետության, ժառանգությանը և հասարակական կյանքում անձնական հավատքի կարևորությանը, այլև վկայեց իր ապաշխարության ու Աստծուն գտնելու մասին:
Հատուկ հրավիրված բանախոսների թվում էին Ջիմ Գարլոուն՝ հոգևոր առաջնորդ և բազմաթիվ գրքերի հեղինակ, ինչպես նաև Մարիամ Իբրահիմը՝ կրոնական հալածանքներ կրած անձ և մարդու իրավունքների պաշտպան։
«Աղոթքի նախաճաշը» կազմակերպվել էր հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդությունն ու կրոնական ազատությունը։
ՀԱԵ-ն նույնպես լիահույս է, որ «Աղոթքի նախաճաշով» Հայաստանը միանում է այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու Աստծո Խոսքի շուրջ, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար աստվածահաճո լուծումներ գտնելու: