.
ՀԱԵ ավելի քան 100 պատվիրակ մասնակցեց տարեկան համաժողովին

Հայաստանյայց Ավետարանական 22 տեղական եկեղեցու ավելի քան 100 պատվիրակ՝ այդ թվում և որպես պատվո հյուր ներկա գտնվող երեցկանայք, նոյեմբերի 9-ին և 10-ին Հանքավանի «Շողիկ» ճամբարում էր՝ մասնակցելու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ամենամյա համագումարին: Տարեկան համաժողովը ՀԱԵ կարևոր իրադարձություններից է, քանի որ համաժողովն է ընտրում ՀԱԵ ղեկավար մարմինը, ուստի նրան է ներկայացվում նաև տարվա կտրվածքով տեղի ունեցած ծառայությունների հաշվետվությունը: Համաժողովի այս տարվա խորագիրն առնված էր Եփեսացիներին 4.15-ից և վերնագրված էր «Քրիստոսի մարմինը»: Այն ամբողջությամբ՝ թե՛ պատգամնրի, թե՛ սեմինարների կոնտեքստում, նվիրված էր Քրիստոսի եկեղեցու դերին ու նշանակությանը:

Համաժողովի առաջին օրը հաղորդակցության, փառաբանության ու աղոթքի օր էր: Երեկոյան բացման ծրագիրը հոգևորի մասին մտածելու և վերաարժևորելու առիթ էր.  սուրբգրային մեջբերումներ, հոգևոր հին ու նոր երգեր, Արարչի, կյանքի իմաստի, մարդկային փնտրտուքների ու միակ ճշմարտության մասին պատմող խորիմաստ ներկայացումներ: Գեղարվեստական տարրերով համեմված հոգևոր երեկոն ավարտվեց աղոթքի հատուկ պահով: Պատվիրակներն «Աղոթքի պատից» ընտրեցին ՀԱԵ 22 համայնքերից որևէ մեկի անունը, և փոքր խմբերով նախ Աստծուն փառք տվեցին տեղական եկեղեցիների համար, այնուհետև աստվածահաճո լուծումներ խնդրեցին այդ եկեղեցիների առջև ծագող հնարավոր խնդիրների ու մարտահրավերների համար:

Համաժողովի երկրորդ օրը հարուստ էր աշխատանքային ժողովներով, բայց ամեն ինչից առաջ՝ վաղ առավոտյան, պատվիրակները միասնական պաշտամունք մատուցեցին Աստծուն: Պատգամաբերը ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ, Վանաձորի հովիվ վեր. Վարդան Ափինյանն էր: Խոսելով Եփեսացիներին 4.1-16 համարների շուրջ՝ վերապատվելին անդրադարձավ Քրիստոսով միաբանության կանչվածներին, խոսեց կոչմանը վայել կերպով ընթանալու և Քրիստոսից տրված շնորհի ու դրա նպատակի մասին. «Եփեսացիս 4-րդ գլուխը կոչ է բոլոր հավատացյալներին՝ գիտակցելու իրենց կոչման մեծությունը և ապրելու այդ կոչմանը վայել կերպով։ Պողոս առաքյալը հիշեցնում է, որ քրիստոնեական կյանքը միայն գիտելիք կամ խոսք չէ, այլ՝ գործնական քայլ է սիրո, խոնարհության, հեզության և համբերատարության մեջ։ Միաբանությունը՝ որպես Քրիստոսի մարմնի նշան, ծնվում է այն ժամանակ, երբ հավատացյալներն իրապես ճանաչում են Քրիստոսի սիրո խորությունը և այդ սերը ցուցաբերում են միմյանց հանդեպ։ Եկեղեցին աճում և ամրանում է, երբ յուրաքանչյուր անդամ ծառայում է իրեն տրված շնորհով՝ ոչ թե բաժանելով, այլ սիրո մեջ միավորելով»,- եզրափակեց պատգամը վեր. Ափինյանը:

Հաջորդիվ, փոքր ընդմիջմամբ, երկու աշխատանքային ժողովները, ըստ էության, հաշվետվության ու մարտահրավերների մասին բարձրաձայնելու առիթ էին: Նախ հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԵ Հոգևոր Խորհրդի (ՀԽ) նախագահը: Վեր. Ափինյանը նշեց, որ ՀԽ-ն հաշվետու տարում 10 հանդիպում է ունեցել, որոնց մեծ մասը երկար ժամեր են տևել, ու ընթացել են խորհրդի անդամների միջև առողջ և հասուն համագործակցությամբ: Հընթացս ծագած որևէ հարցի անմիջապես արձագանք և լուծում է տրվել։ Վերապատվելին անդրադարձավ նաև այցելություններին, ռազմավարության շրջանակում կատարված ուսումնասիրություններին ու եկեղեցիների հոգևոր կյանքին առչվող որոշումներին, ինչպես նաև գործող ու նոր ձևավորված հանձնախմբերին, մասնավորապես՝ ՀԱԵ արխիվի հանձնախմբին: Այնուհետև հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱԵ ՀԽ ատենադպիր պատ. Խաչիկ Նազարյանը, ով, ի թիվս այլ տեղեկատվության, նշեց, որ մեկ տարվա ընթացքում ՀԽ-ն 38 որոշում է կայացրել: Այնուհետև ՀԱԵ ՀԽ գանձապահ վեր. Սարգիս Օչինյանը ներկայացրեց գանձանակի պարունակությունը, ձևավորման գործընթացը, և հանձնախմբերի տարեկան միջոցառումներին հատկացվող ֆինանսավորման սկզբունքները: Առիթ տրվեց նաև նոր ձևավորված ՀԱԵ արխիվի հանձնախմբի ղեկավար Վարդան Միքայելյանին, ով նաև ՀԱԵ ՀԽ աշխարհական անդամներից է: Պարոն Միքայելյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչով է զբաղվում հանձնախումբը, ինչ է արել մինչ օրս, ինչ առաքելություն և մարտահրավերներ ունի՝ շեշտելով գլխավոր նպատակը՝ հավաքագրել ու պահպանել Հայաստանում ՀԱԵ ծառայության պատմությանն առնչվող նյութերը՝ հետագայում այն թվայնացնելու և ավելի հասանելի դարձնելու տեսլականով:    

Հաշվետվությամբ հանդես եկավ նաև ՀԱԵ ՀԽ փոխնախագահ, հովվական հանձնախմբի ղեկավար վեր. Գևորգ Գասպարյանը: Վերջինս խոսեց տարվա կտրվածքով ձեռնադրյալ ու պաշտոնակոչված հովվիվների, հովվության պատրաստվողների ընթացքի ու նոր թեկնածուների հետ աշխատելու ընթացակարգի մասին:

Աշխատանքային երկրորդ ժողովը մեկնարկեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի հաշվետվությամբ: Տարվա կտրվածքով տեղի ունեցած կարևոր իրադարձությունների, եկեղեցական ծառայությունների ու ռազմավարական գործընթացների մասին պատմող տեսանյութից հետո ավագ հովիվն առաջին անգամ համաժողովին ներկայացրեց ՀԱԵ ողջ ֆինանսական հաշվետվությունը՝ մանրամասն ցուցադրելով այն գրաֆիկական պատկերների միջոցով: ՀԱԵ ավագ հովիվը նշեց նաև, որ ՀԱԵ 22 տեղական եկեղեցում նկատվում է թե՛ հոգևոր, թե՛ Աստծո Խոսքի գիտության խորքային աճ, որը խթանում է նաև աղոթքի կյանքի աշխուժացմանը և աշխարհում Քրիստոսի ավետարանով ապրողի կեցվածք ունենալուն:

Անցնող տարին ամփոփեց նաև ՀԱԵ կանանց ծառայությունները համակարգող Էլիզ Բաղդասարյանը: Նրա զեկույցը կատարված աշխատանքների, սերտվող նյութերի, մեկօրյա և ամառային համագումարների մասին էր: Որպես նորություն՝ տիկին Բաղդասարյանը նշեց կանանց աշխատանքային խմբի կողմից կարիքի ուսումնասիրման ու որոշմաման արդյունքում աշնանային մեկօրյա տարածաշրջանային համագումարների ավելացումը, որն այս տարի առաջին անգամ տեղի կունենա նոյեմբերի վերջին՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում ու Կապանում:

ՀԱԵ տարեկան համաժողովի երկրորդ աշխատանքային ժողովին ներկա էին նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի գրասենյակի ղեկավար Արեն Դեյիրմենջյանն ու գործերի կառավարիչ Նարեկ Թութխալյանը: Պարոն Դեյիրմենջյանը ողջունեց ներկաներին ու խոսեց ՀԱԵ-ի ու AMAA-ի կապի ավելի քան մեկդարյա արմատների, 90-ականներից հետո Հայաստանում ծառայություններ սկսելու և համագործակցելու ժամանակի մարտահրավերներից բխած ձեւի մասին ու անդրադարձավ այդ համագործակցության ներկա փուլին: Արեն Դեյիրմենջյանը վստահեցրեց, որ AMAA-ը շարունակում է ՀԱԵ-ի կողքին լինել, ու թեև նոր մարտահրավերների բերումով փոխվել է համագործակցության ձևը, բայց ոչ ծավալը, այն նոր ռազմավարական ուղղություն և բույթ է ստացել: Նարեկ Թութխալյանն իր հերթին խոսեց AMAA-ի հեռահար տեսլականի ու ՀԱԵ-ի հետ համատեղ ծառայության գործուն օրինակների մասին՝ շեշտելով, որ այսօր AMAA-ի ռազմավարական ուղղվածությունը՝ ի թիվս սոցիալական այլ ծրագրերի, ապագա սերունդների որակյալ կրթությունն է, որի առանցքում հոգևոր արժեքներն են: 

Մինչև աշխատանքային երրորդ ժողովը ներկաները մասնակցեցին եկեղեցու և անդամության մասին վեր. Արամ Բաբաջանյանի սեմինարին: Վերապատվելին 2 մասից բաղկացած սեմինարի առաջին հատվածում խոսեց այն մասին, թե ինչ է եկեղեցին և ով է եկեղեցու անդամը սուրբգրային տեսանկյունից՝ հիմնվելով Եփեսացիներին 2.19-22 և Ա Կորնթացիներին 12.12-31 հատվածների վրա: Սեմինարի երկրորդ հատվածում վեր. Բաբաջանյանը գործնական տեսանկյունից անդրադարձավ ՀԱԵ անդամի դերին, պատասխանատվությանը, իրավունքներին և պարտականություններին՝ ՀԱԵ Ներքին Կանոնագրի համաձայն։ Սուրբ Գրքի վրա հիմնված խորքային այս սեմինարը կարևոր էր, որպեսզի պատվիրակները ևս մեկ անգամ անդրադառնան և հիմնավոր կերպով վերարժևորեն եկեղեցու անդամ լինելու կարևոր առաքելությունը:  

Աշխատանքային երրորդ ժողովը մեկնարկեց ՀԱԵ Քրիստոնեական Դաստիարակության (ՔԴ) բաժնի հաշվետվությամբ, որը, ինչպես միշտ, ծավալուն, հարուստ ու քաջալերող էր: Տարվա ընթացքում հազարավոր մանուկներ, պատանիներ ու երիտասարդներ տարբեր առիթներով շարունակել են լսել Աստծո Խոսքը, աճել հոգևոր կյանքում ու գտել իրենց հարցերի պատասխանները Սուրբ Գրքում: Տեղական եկեղեցիներին աջակցելու համար ՔԴ բաժինը դասաշարեր ու օգտակար ռեսուրսներով գրականություն է թողարկել: Բայց տարվա ձեռքբերումը, թերևս, ծառայության անցած 100-ից ավելի նոր առաջնորդներն են, ովքեր հաջողությամբ ավարտել են աշակերտների ու պատրաստվողների համար նախատեսված 6-ամյա կրթությունը: Նրանք, գիտելիքներով զինված ու վկայությամբ հաստատված, առաջին անգամ լծվել են Տիրոջ գործի ծառայությանը «Շողիկ» ճամբարում: 

Այնուհետև հաշվետվությամբ հանդես եկան տղամարդկանց, զույգերի և ավետարանչության հանձնախմբի ղեկավարները: Տղամարդկանց հանձնախմբի ղեկավար պատ. Արմո Արզումանյանը ներկայացրեց տեղի ունեցած մեկօրյա մարզային ու երկօրյա ընդհանուր համագումարների հաշվետվությունը, տղամարդկանց խմբերում սերտվող նյութերն ու նոր թարգմանված  «Տղամարդու հռչակագիր» գիրքը, որը մեկ տարվա կտրվածքով ուղեցույց կլինի Սուրբ Գրքի սերտողության տղամարդկանց խմբերի համար: Պատ. Արմո Արզումանյանը կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում գործող ՀԱԵ 22 տեղական եկեղեցու տղամարդկանց բոլոր խմբերը միևնույն նյութն են սերտելու և հոգևոր նույն ընթացքն են անցնելու:  

Զույգերի հանձնախմբի ղեկավար պատ. Արման Մարտիրոսյանը նույնպես ներկայացրեց տարվա կտրվածքով իրականացված ծրագրերը: Նա ուրախությամբ նշեց, որ եկեղեցիներում սերտողությունների մասնակցող զույգերի թիվն աճել է, կրկնակի անգամ մեծացել է նաև զույգերի ծառայություն իրականացնող եկեղեցիների թիվը: Մինչ այս զույգերը սերտել են «Պայքարող ընտանիքի ռազմավարությունը» սուրբգրային 6 թեմայից բաղկացած նյութը, իսկ գարնանը նախատեսվող համագումարից հետո սերտողությունները կլինեն Կենդրիկ Ալեքսի «Աղոթքի ռազմավարությունը» գրքի շրջանակներում, որը կնպաստի ընտանիքներում աղոթքի կարգավորված, նպատակային ու հետևողական ռազմավարության մշակմանը:

Ավետարանչության հանձնախմբի ղեկավար պատ. Արմեն Միսակյանը համաժողովին ներկայացրեց այն ուսումնասիրությունների արդյունքները, որոնք հանձնախումբն արել է արդյունավետ ծառայություններ իրականացնելու նպատակով: Հարցումները բացահայտել են տեղական եկեղեցիներում ավելի փոքր օղակներով արդյունավետ ավետարանչության համար անհրաժեշտ հմտությունների բացը, որի արդյունքում, հանձնախմբի նախաձեռնությամբ ու անմիջական  մասնակցությամբ, կազմակերպվել  են  մի շարք դասընթացներ՝ համագործակցելով ոլորտում հմտացած հոգևոր մասնագետների հետ: 

Աշխատանքային ժողովներին հնչած յուրաքանչյուր հաշվետվությունից հետո դահլիճում ներկա հովիվներից ու պատվիրակներից որևէ մեկն աղոթք էր բարձրացնում առ Աստված՝ շնորհակալություն հայտնելով տվյալ հանձնախմբի կամ բաժնի ծառայության և օրհնությունների համար, ու աղերսելով Տիրոջ իմաստությունը, առաջնորդությունը՝ հետագա մարտահրավերների հաղթահարման ընթացքում:

Համաժողովի աշխատանքային մասն ավարտվեց ՀԱԵ Ներքին Կանոնագրում Հոգևոր Խորհրդի առաջարկով տեղի ունեցած որոշ փոփոխությունների վերաբերյալ պատվիրակների քվեարկությամբ: Համաժողովը հաստատեց բոլոր փոփոխությունները: Ձայնի իրավունք ունեցող  պատվիրակներն առաջարկվող փոփոխությունների առաջին երկու բաժինները հաստատեցին միաձայն, իսկ վերջին բաժինը 2 ձեռնպահ քվեարկությամբ:  

Համաժողովի վերջին օրվա երեկոն պաշտամունքի ու Սուրբ Հաղորդության առիթ էր: Փառաբանության երգերից ու աղոթքից հետո հնչեց սուրբգրային պատգամը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց Եփեսացիներին 4.11-24-ում Քրիստոսի Մարմինը լինելու չափանիշներից ու այն մասին, թե ինչպես պետք է յուրաքանչյուր անհատի ծառայությունն ու Աստծուց ստացած պարգևները նպաստեն հոգևոր աճին և եկեղեցու առողջացմանը: Վերապատվելին շեշտեց սիրո և ճշմարտության համահունչ սինթեզը. «Աստծո նպատակը ոչ թե ահռելի շինություններ կամ կառույցներ կերտելն է, այլ միավորված ու սիրով առաջնորդվող ընտանիք ստեղծելը, որտեղ Քրիստոսը կենտրոնն է, Սուրբ Հոգին՝ զորությունը, հավատարմությունը՝ չափանիշը»:

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 2025 թ.-ի համաժողովն ավարտվեց Սուրբ Հաղորդության մատակարարմամբ, որը միավորեց Քիստոսի Մարմինը՝ եկեղեցին, իր Տիրոջ ու Նրա կատարած զոհողության շուրջ՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ ամեն բան Աստծո շնորհի ու ողորմության արդյունք է:

Նախորդ
...
X