.
Աստծո կանչին պատասխանելով. ՀԱԵ տղամարդկանց համագումար Հանքավանում

«Ու՞ր ես, Ադա՛մ»,- Աստծո հարցը, որ հնչել էր Եդեմի պարտեզում, հնչեց նաև Հանքավանի աշնանային բնության գրկում: 

Հոկտեմբերի 30-ից նեյեմբերի 1-ը Շողիկ ճամբարում կայացավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տղամարդկանց համագումարը, որին մասնակցեց 17 տարեկանից բարձր 75 տղամարդ, Հայաստանի տարբեր շրջաններից։ Երկօրյա եղբայրական համագումարը մարզային մեկօրյա հանդիպումների ամփոփումն էր՝ թե՛ ընթացքով, թե՛ բովանդակությամբ։

Միասնական պաշտամունքներից, աղոթքի պահերից, խաղերից, հաղորդակցությունից բացի, տղամարդիկ սերտեցին Աստծո Խոսքն ու իրենց դերն այդ Խոսքի լույսի ներքո: Այս տարի առաջին անգամ սերտողությունները տարիքային բաժանումով եղան՝ մինչև 40 և 40 տարեկանից բարձր տղամարդկանց համար։ Երիտասարդների խմբի խոսնակն էր Վեր. Արամ Բաբաջանյանը, ով հետաքրքիր կերպով ամփոփեց մարզային հանդիպումների ընթացքում բարձրացված թեմաները՝ պատասխանելով գլխավոր հոգևոր հարցին. «Ու՞ր ես, Ադա՛մ»։ Քննարկումները երիտասարդների շրջանում դարձան ինքնաճանաչման և պատասխանատվության խոր դասեր՝ անդրադառնալով տղամարդու դերին ընտանիքում, եկեղեցում և հասարակության մեջ։

Ավելի մեծահասակ տղամարդկանց խմբում խոսեց Վեր. Գագիկ Հովհաննիսյանը՝ շեշտադրելով ընտանիքում տղամարդու կոչումն ու «Ադամ լինելու» գաղափարը։ Քանի որ խմբի անդամների մեծ մասն ամուսնացած էր, քննարկումները կենտրոնացած էին ամուսնական և հայրական պատասխանատվության, ինչպես նաև հավատով առաջնորդության թեմաների շուրջ։ 

Համագումարի կարևոր իրադարձություններից մեկն էլ «Տղամարդու հռչակագիրը» գրքի թարգմանության շնորհանդեսն էր։ Այն անդրադառնում է քրիստոնեական ընտանիքի, տղամարդու պատասխանատվության և հոգևոր առաջնորդության թեմաներին։ Հեղինակները Սթիվեն և Ալեքս Քենդրիկ եղբայրներն են՝ Ռենդի Ալկորնի համահեղինակությամբ, ովքեր նաև քրիստոնեական թեմայով ֆիլմերի սցենարների հեղինակ ու ռեժիսոր են։ Գիրքը յուրօրինակ մարտահրավեր է տղամարդկանց՝ ճանաչելու իրենց դերն ընտանիքում և ամուսնության մեջ, ընդունելու հոգևոր պատասխանատվություն և ապրելու իրենց կյանքն Աստծո պատվիրանների համաձայն։ «Տղամարդու հռչակագիրը» մեծ խանդավառությամբ ընդունվեց, և տարբեր եկեղեցիներ այն ձեռք բերեցին իրենց եղբայրական սերտողությունների ու ծառայողական պատրաստության համար՝ որպես հոգևոր աճի գործիք։ Եղբայրական հանձնախմբի կողմից պատրաստվել էին նաև խորհրդանշական նվերներ՝ կախազարդեր՝ Հովհաննու Ավետարանի խոսքերով. «Որ մեկ լինեն, ինչպես Մենք» (Հովհ. 17.22)։ Այս խոսքն արտահայտում էր համագումարի գլխավոր պատգամը՝ եղբայրական միասնությունը և Քրիստոսով միավորված լինելու կանչը։

Համագումարը հագեցած էր նաև փառաբանությամբ ու թեմատիկ ներկայացումներով, որոնց միջոցով ցուցադրվեց Ադամի անկումն ու մարդու՝ Քրիստոսի միջոցով վերականգնումը՝ որպես Տիրոջ պատկերով և նմանությամբ վերակերտված մարդ։ Համագումարն ամփոփվեց Սուրբ Հաղորդության Պաշտամունքով` ամբողջացնելով եղբայրական միաբանությունը՝ որպես Քրիստոսի մարմնի անդամեր:

Նախորդ
...
X