Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) պատվիրակությունը՝ ի դեմս ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանի և Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանի, հոկտեմբերի 14-20-ը գտնվում էր ԱՄՆ-ում՝ մասնակցելու Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) 106-րդ տարեկան համաժողովին և դրան նախորդած Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (ՀԱՀԽ) նիստին։
ՀԱՀԽ-ն իր այս տարվա հերթական նիստն անցկացրեց հոկտեմբերի 16-17-ը՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ համախմբելով աշխարհասփյուռ Հայ Ավետարանական հինգ միությունների, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) և «Փիլիպոսյան» հիմնադրամի ղեկավար կազմին։
Խորհուրդը ողջունեց Սերժ Բուչակչյանին՝ որպես Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության նոր գլխավոր գործադիր տնօրեն, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ՀԱՀԽ-ի արդեն նախկին գործադիր տնօրեն վերապատվելի դոկտոր Վահան Թութիկյանին՝ ավելի քան քսաներկու տարվա անգնահատելի ծառայության համար։ Խորհրդի նիստը նշանավորվեց նոր գործադիր տնօրենի ընտրությամբ․ միաձայն քվեարկությամբ այդ պաշտոնում նախնական երկամյա ժամկետով ընտրվեց վերապատվելի դոկտոր Գրիգոր Յումուշաջիկյանը։
Խորհրդի նիստում ներկայացվեցին ղեկավար կազմի, ինչպես նաև եկեղեցական միությունների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների գրավոր և բանավոր զեկույցները։ Այնուհետև, ՀԱՀԽ-ն վերանայեց անցած տարվա գործունեությունն ու նախաձեռնությունները՝ գնահատելով առաջընթացը Հայ Ավետարանական միությունների, AMAA-ի և հարակից հաստատությունների համագործակցության ամրապնդման գործում։
Խորհրդի անդամները քննարկեցին նաև Հայ Ավետարանական եկեղեցու 180-ամյակի տոնակատարության ծրագրերը, որոնք կանցկացվեն 2026 թվականին։ Աղոթքի հատուկ պահեր եղան եկեղեցու կյանքի և վկայության նորոգության, Հայաստանի և աշխարհասփյուռ հայերի համար՝ պատմության այս վճռորոշ փուլում արդարության հաստատման, խաղաղության տիրապետման և մարդկային արժանապատվության վերականգնման նպատակով։ Աղոթքներ բարձրացվեցին նաև Արցախի բնիկ հայ բնակչության, քաղաքական գերիների, ինչպես նաև բռնության և ցեղասպանության զոհերի համար։
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատվիրակները հոկտեմբերի 18-ին, Գլենդելի Հայ Նազովրեցի եկեղեցում հանդես եկան ՀԱԵ 2024–2025 թվականների իրադարձությունների, ձեռքբերումների և մարտահրավերների վերաբերյալ հաշվետվությամբ՝ մասնակցելով AMAA-ի տարեկան համաժողովին, որը տեղի էր ունենում «Հավատարիմ մեր ժառանգությանը» խորագրի ներքո։ Համաժողովի ընթացքում վերահաստատվեց, որ AMAA-ի առաքելությունը պարզապես ծրագիր կամ նախագիծ չէ, այլ՝ աստվածային կոչում, հավատքի գործնական դրսևորում՝ արդարության, ողորմածության և խոնարհության միջոցով։
Նույն օրը՝ երեկոյան, վեր. Ավետիք Խաչատրյանն ու վեր. Վարդան Ափինյանը մասնակցեցին նաև AMAA-ի տարեկան ժողովի պաշտոնական ճաշին։ Երեկոն միավորել էր համայնքի անդամների, հասարակական ու եկեղեցական հեղինակավոր ներկայացուցիչների, AMAA-ի բարեկամների, ինչպես նաև աշխարհասփյուռ Հայ Ավետարանական եկեղեցիների և միությունների պատվիրակների՝ տոնելու հավատքի և ծառայության մեկդարյա ժառանգությունը և, միաժամանակ, պատվելու AMAA-ի նախկին նախագահ, բժիշկ Նազարեթ Դարակճյանին։
ԱՄՆ այցելության օրերին ՀԱԵ ղեկավար կազմը՝ ռազմավարական թեմաների քննարկման, փորձի փոխանակման և համագործակցության խորացման նպատակով, նաև մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի Ավետարանական եկեղեցիների հովիվների, ծառայողների, AMAA-ի ղեկավար կազմի և գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ։
Երախտագիտությամբ փառք ենք տալիս Աստծուն, որ Իր անսահման շնորհով, ողորմությամբ և հավատարմությամբ շարունակում է առաջնորդել Իր ծառաներին՝ նորոգելով նրանց ուժը և զորացնելով ծառայությունը՝ ի փառս Իր Սուրբ Անվան։