.
Հիշատակի պաշտամունք՝ նվիրված Անդրանիկ Մարդոյանին

«...եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ»։
Ա Թեսաղոնիկեցիներին 4.14

Աստծո Խոսքի վրա խարսխված հույսով ու մխիթարությամբ սեպտեմբերի 26-ին, Բաղրամյան 18 հասցեում գտնվող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (ՀԱԵ) տեղի ունեցավ ՀԱԵ համայնքի և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) երախտավոր Անդրանիկ Մարդոյանի հիշատակին նվիրված պաշտամունքը։

Ներկա էին ոչ միայն պարոն Մարդոյանի տիկինը՝ Մելանյա Գեղամյանը, որդին, հարազատները, մտերիմներն ու գործընկերները, այլև AMAA-ի ղեկավար կազմն ու Հայ Ավետարանական տարբեր միությունների հովիվներ։

Հանդիպումը սկսվեց պարոն Մարդոյանի կյանքի ու ավանդի մասին պատմող տեսանյութով՝ հիշեցնելով ներկաներին, որ նա ապրեց մոտ 75 տարի՝ ազնիվ, կենսուրախ, մշտապես ինքնազարգացող, ուրիշներին կրթող ու ոգեշնչող կյանք։ Նրա կյանքի առանցքում սերն էր Աստծո և հայրենիքի հանդեպ։ Օրվա խորհուրդը՝ փառավորել Աստծուն այդ տարիների համար։

Այնուհետև ՀԱԵ Բաղրամյան 18-ի օգնական հովիվ Արկադի Հանիսյանը պաշտամունքի կոչ արեց՝ ընթերցելով Սաղմոս 90.1-3 և 12 համարները։ Պաշտամունքը շարունակվեց փառաբանության երգերով ու Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ վեր. դոկ. Հարություն Սելիմյանի աղոթքով, որից հետո հնչեցին պարոն Մարդոյանին նվիրված հիշատակի խոսքեր։

Առաջինն իր սրտի խոսքն ուղղեց AMAA-ի գործադիր տնօրեն Սերժ Բուչակչյանը՝ մեջբերելով Մատթևոս 5.16 համարը. «Այդպես էլ թող ձեր լույսը մարդկանց առաջ փայլի, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է…»: «Որքանով հասցրեցի ճանաչել կամ լսել Անդրանիկի մասին, նա այս ճշմարտության կրողն էր իր կյանքում։ Նա հավատքով ու հավատարմությամբ ծառայեց AMAA-ի հայաստանյան մասնաճյուղում շուրջ 28 տարի։ Մենք շնորհակալ ենք Աստծուն նրա կյանքի տարիների համար, որ նվեր էր մեզ ու մեծ օրհնություն՝ AMAA-ի համար»,– նշեց պարոն Բուչակչյանը։

Այնուհետև խոսեց AMAA-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արեն Դեյիրմենջյանը՝ ներկայացնելով պարոն Մարդոյանի հետ վերջին վեց տարվա իր աշխատանքային փորձառությունը․ «Նա ուշադրություն էր դարձնում այնպիսի բաներին, որոնք հաճախ մեր աչքից վրիպում էին, և միշտ հայրական հոգատարությամբ լրացնում էր բացթողումները։ Ես շատ էի գնահատում դա իր մեջ… Կպակասի մեզ նրա ներկայությունը գրասենյակում, բայց այսօր մենք տոնում ենք նրա կյանքը և հիշում նրա օրինակը, որին ձգտելու ենք նմանվել»,– ասաց պարոն Դեյիրմենջյանը։

Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վեր․ դոկ. Ռընե Լևոնյանն իր խոսքում նշեց, որ 15 տարի աշխատել է Անդրանիկ Մարդոյանի հետ․ «Հետաքրքիր էր Անդրանիկի հետ աշխատելն ու համագործակցելը, որովհետև նա հստակ գիտեր՝ ինչ է ուզում, ինչ է մտածում, և գիտեր նաև իր նպատակներին հասնելու ճանապարհները։ Միևնույն ժամանակ մեծապես հարգում էր վերադասի կարծիքը։ Նա երբեք չէր նայում ժամացույցին։ Նա գործի ու հավատարմության մարդ էր, նվեր էր ոչ միայն իր ընտանիքին, այլև մեզ բոլորիս համար»,– նշեց վեր․ Լևոնյանը։

Հիշատակի խոսքերին հաջորդեց երկու երգ, որ հատուկ էին պարոն Մարդոյանի համար։ Նա սիրում էր երգել, և հաճախ երգում էր նաև հոգևոր երգեր։ Երգչախումբն առաջնորդեց «Քրիստոսն է ժայռը» և «Սեր վերցուց զիս» երգերը։

Աստծո Խոսքի քաջալերող, բայց նաև սթափեցնող պատգամը ներկաներին փոխանցեց ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր․ Ավետիք Խաչատրյանը։ Նա խոսեց Պողոս առաքյալի՝ Թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի 4.13-18 համարներում եկեղեցուն տրված մխիթարության խոսքի մասին․ «Մահը մեզ համար ծանր բաժանում է, բայց Աստծո Խոսքը մեզ պատրաստում է թե՛ կյանքի, թե՛ բաժանման։ Սուրբ Հոգին մեզ սովորեցնում է, թե ինչպես սգալ, և միևնույն ժամանակ հույս ու մխիթարություն ունենալ։ Մահը սարսափելի բան է, բայց փոխանակ ապրելու մահվան վախով, պետք է մահը դիտարկել այն որպես հոգևոր «ամոնիակ»՝ զարթուցիչ, որ արթնացնում է մեզ այն կեղծ հավատից, թե այս երկրում հավերժ պիտի ապրենք։ Ամոնիակը տհաճ է, բայց արդյունավետ։ Իսկ երբ արթնանում ես մոլորություններից, խաղաղություն ունեցի՛ր, որովհետև Հիսուսն իր մահով վճարեց քո մեղքերի համար: Մահը վերջին խոսքը չունի։ Քրիստոս հարություն առավ, և մենք էլ հարություն կառնենք»,- նշեց վերապատվելին՝ հույս հայտնելով, որ Աստծո ողորմությամբ մի օր դարձյալ կարող ենք հանդիպել պարոն Մարդոյանին, ում խորհուրդներն ու նրբանկատությունը դժվար է մոռանալ։

Հիշատակի պաշտամունքն ավարտվեց Ավստրալիայում AMAA-ի ներկայացուցիչ ու Հայ Ավետարանական հովիվ վեր. դոկ. Գրիգոր Յումուշաջեկյանի օրհնության աղոթքով:  

Նախորդ
...
X