Նման իրադարձություն դեռ չէր եղել․ այս անգամ ոչ թե երեխաներն էին մեկնել «Շողիկ» ճամբար, այլ հենց ճամբարն էր այցելել նրանց։ Սեպտեմբերի 13-ին Երևանում և սեպտեմբերի 14-ին Վանաձորում կազմակերպված հետճամբարային միջոցառումներին մասնակցեց շուրջ 375 մանուկ՝ Երևանից ու մոտ տարածաշրջաններից, ինչպես նաև Լոռու մարզից։
Միջոցառումների ընթացքում երեխաները կրկին վերապրեցին ճամբարի հիշարժան պահերը։ Սիրելի հերոսների ներկայությունը, երգերն ու պարերը նրանց վերադարձրին երկու ամիս ետ։ Սա հնարավորություն տվեց ոչ միայն ուրախանալ ու ծիծաղել, այլև հիշել այն կարևոր հոգևոր ճշմարտությունները, որոնք սովորել էին ճամբարի ընթացքում և ժամանակի ընթացքում հնարավոր է մոռացվել էին։ Ամենակարևորը՝ հիշեցին ճամբարի գաղտնաբառը՝ Աստվածաշունչը:
Միջոցառման պատվավոր հյուրերն էին «Արաբական Ծոցի Աստվածաշնչի ընկերության» տնօրեն Հրայր Ջեբեջյանը և տիկինը՝ Արդա Ջեբեջյանը։ Նրանք երեխաների համար հատուկ նվեր էին պատրաստել՝ գունազարդ մանկական Աստվածաշունչ։ Տիկին Արդան սիրով ներկայացրեց գիրքը, որի ստեղծման գործընթացում իր դերակատարումն է ունեցել։ Այս նվերը մեծ ուրախություն պատճառեց մանուկներին, քանի որ գիրքը ոչ միայն գեղեցիկ ու հասկանալի ձևով ներկայացնում է Աստվածաշնչի պատմությունները, այլև հրավիրում է երեխաներին՝ միասին ընթերցելու և տարբեր առաջադրանքների միջոցով ամրապնդելու Աստծո Խոսքը։ Պարոն Հրայր Ջեբեջյանն էլ, իր հերթին, երեխաների ուշադրությունը հրավիրեց Սուրբ Գրքի հայերեն անվանման վրա. «Աշխարհում ոչ մի ուրիշ լեզու այս գրքին Աստվածաշունչ չի կոչում: Ուրեմն, եթե սա Աստծո Շունչն է, ապա չափազանց կարևոր է յուրաքանչյուր քրիստոնյայի հոգևոր կյանքի համար»,- նշեց նա:
Միջոցառման ավարտին երեխաները ոգևորությամբ խոստացան, որ ամեն օր կարդալու են այն և շարունակելու են սովորել ու պատմել Աստծո մասին։
Հասմիկ Հարությունյան
ՀԱԵ ՔԴ բաժնի մանկական ծրագրերի համակարգող