Փառաբանությունը, կարելի է ասել, քրիստոնյայի հոգևոր կյանքի շունչն է․ այն ոչ միայն երգ կամ աղոթք է, այլև կենդանի կապ Արարչի հետ։ Աստծուն ուղղված սրտանց փառաբանության մեջ հոգևոր մարդը վերանորոգվում է, զորանում և ապրում Տիրոջ ներկայության ուրախությունը։ Իսկ երբ հավատացյալները միասին են փառաբանում, նրանց հոգևոր կյանքը ստանում է նոր խորություն, և համայնքը լցվում է խաղաղությամբ ու հույսով։
Սեպտեմբերի 13-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Երևանի երեք համայնքից (Բաղրամյան 18, ՀԱԹ և Շենգավիթի «Հույսի Տուն»), շուրջ հիսուն տիկին վերապրեց միասնական փառաբանության օրհնյալ փորձառությունը։
Երեկոն հագեցած էր հոգևոր երգերով, աղոթքով և Աստծո էությունը բացահայտող նյութերով։ Այս ձևաչափով հանդիպումն աննախադեպ էր, սակայն այնքան սիրվեց, որ տեղում առաջարկվեց այն դարձնել պարբերական և կազմակերպել տարվա յուրաքանչյուր եղանակի առաջին ամսվա սկզբին։
Մոտ մեկ ժամ քույրերը փառաբանության երգեր երգեցին, որոնց ընդմիջումներում լսեցին Աստծո էությունը բացահայտող, Աստվածաշնչում հանդիպող Նրա անունների բացատրությունները։ Դրանից հետո փառաբանությունը շարունակվում էր հենց այդ բացահայտումների հիման վրա։ Երգերի միջակայքում բարձրացվում էին աղոթքներ։ Քույրերը հնարավորություն ունեցան նաև աղոթել փոքր խմբերով, իսկ ավարտին վիճակահանությամբ որոշվեց, թե մինչև հաջորդ հանդիպումը եկեղեցիներից որ մեկը ում համար է աղոթելու։
Միասնական փառաբանության այս առիթը Երևանի տարբեր համայնքների կանանց միջև նաև նոր կապ ու հոգևոր հաղորդակցություն ստեղծեց։ Այն դարձավ վկայություն, որ միասնական փառաբանությունը կարող է ոչ միայն արթնություն դառնալ եկեղեցու կյանքում, այլև նորոգել անհատների հավատքը։