.
Երկօրյա համագումար ծառայության վայրը փոխած հովիվների ու երեցկանանց համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների և երեցկանանց համար, ովքեր սեպտեմբերից սկսել են ծառայել նոր համայնքներում, սեպտեմբերի 8-9-ը, Աղվերանում կազմակերպվեց երկօրյա համագումար։ Հանդիպման նպատակը, հոգևոր հաղորդակցությունից ու միասնական պաշտամունքից բացի, տեղափոխվող հովիվներին գործնական ուղեցույց տրամադրելն էր՝ շեշտադրելով Սուրբ Գրքի սկզբունքները և ծառայության պատասխանատվության կարևորությունը։

Համագումարի ընթացքում հովիվները և երեցկանայք երկու միասնական պաշտամունքի առիթ ունեցան, որոնք վարեց պատ. Սուրեն Մակարյանը։ Փառաբանության երգերի և միասնական աղոթքի պահերից բացի, ներկաները լսեցին նաև Աստծո Խոսքից պատգամներ։ Առաջին օրը քարոզեց ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը, ով Աստծո Խոսքի պատգամը կառուցել էր Գործք Առաքելոց 20․25-28 համարների վրա՝ անդրադառնալով հովվի պատասխանատվությանը և եկեղեցու արժեքին։

Երկրորդ օրվա պատգամաբերը ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանն էր, ով խոսեց Փիլիպեցիներին 2․1-5 համարների շուրջ՝ շեշտադրելով եկեղեցու միասնականության հիմքերը, հովվի աշխարհայացքի ու մտածելակերպի, առաջնորդության ոճի և ծառայելու կերպի խորքային ազդեցությունն ամբողջ համայնքի վրա։

Հիմնական նյութը ներկայացվեց որպես «Ուղեցույց Հայ Ավետարանական հովվի համար նոր եկեղեցի տեղափոխվելու ժամանակ»: Ավագ հովիվն ընդգծեց մի շարք կարևոր կետեր․

  • Սուրբգրային հիմքեր – հավատարիմ ծառայություն (Մատթ. 25.21), աղոթքով և համբերատարությամբ առաջնորդություն (Փիլ. 4.6), խոնարհություն (Ա Պետ. 5.3), սեր (Ա Կորնթ. 16.14), խաղաղություն (Հռոմ. 12.18)։
  • Հովվի ուխտը Տիրոջ առջև – մշտական կապ Աստծո հետ, ընտանեկան կյանքի սրբություն, եկեղեցուն նվիրվածություն և ազնիվ ծառայություն համայնքին։
  • Հոգևոր տրամադրություն – տեղափոխությունը պետք է ընկալել որպես Աստծո առաջնորդություն։
  • Ինչից խուսափել – քննադատություն, դժգոհություն, համեմատություններ կամ կտրուկ փոփոխություններ։
  • Ինչի վրա ուշադրություն դարձնել – համայնքի անդամներին սիրով մոտենալ, ավելի շատ լսել, ձևավորել առողջ հարաբերություններ, աստիճանաբար կառուցել վստահություն։
  • Ելքի զեկույցի կարևորությունը – ծառայության ավարտին հովիվը պետք է շնորհակալություն հայտնի նախկին համայնքին, նոր հովվին ներկայացնի ձեռքբերումներն ու անելիքները, օրհնի եկեղեցու նոր ընթացքն ու հովվի ծառայությունը։

Ուղեցույցի յուրաքանչյուր բաժին քննարկվեց հարց ու պատասխանի, վկայությունների միջոցով, բարձրացված հարցերի պատասխանները հիմնավորվեցին Աստծո Խոսքով ու հովվական փորձառությամբ:   

Հատուկ ժամանակ տրամադրվեց նաև տեղափոխվող հովիվներին՝ միմյանց հետ քննարկելու ելքի զեկույցի կետերը։ Նրանք կիսվեցին նախորդ եկեղեցու օրհնությունների և դեռևս չպատասխանված աղոթքների ու խնդիրների մասին, ինչը կարևոր կապ ապահովեց ծառայության շարունակականության համար։

Երեցկանայք իրենց ազատ ժամանակն անցկացրին Աղվերանի հարուստ բնության գրկում՝ վայելելով հանգիստը և միմյանց հետ կիսվելով արժեքավոր փորձով։

ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը հորդորեց հովիվներին նոր եկեղեցի տեղափոխվելն ընկալել ոչ թե որպես փակվող դուռ, այլ նոր սկիզբ՝ եղբայրական կապերի ու համատեղ ծառայության նոր հնարավորությունների համար՝ վստահ լինելով, որ Տիրոջ գործում օրհնություն է ոչ թե մրցակցությունը, այլ համագործակցությունը, միմյանցից սովորելն ու իրար քաջալերելը։ Ավագ հովվի եզրափակիչ հորդորն էր՝ հիշել, որ յուրաքանչյուր հովիվ ամեն համայնքում ծառայում է նույն Տիրոջը և քարոզում նույն Ավետարանը։

 

 

Նախորդ
...
X