.
Փոքր խմբերում Աստվածաշունչ սերտելու մեթոդները. Սեմինար ՀԱԵ հովիվների ու քարոզիչների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվներն ու քարոզիչ եղբայրները ևս մեկ հիանալի առիթ ունեցան՝ զինվելու Սուրբ Գիրքը սերտելու գործնական ու փորձված գործիքներով, այս անգամ՝ փոքր խմբերում խորքային սերտողությունների, աշակերտության զարգացման և նոր առաջնորդների ձևավորման ուղղվածությամբ:

Սեպտեմբերի 5-ին, Բաղրամյան 18-ում էին Community Bible Study-ի («Սուրբ Գրքի Համատեղ ուսումնասիրություն») միջհարանվանական ու միջազգային կառույցի փորձառու դասընթացավարները: Ալեքսանդր Գերասիմովիչը՝ «Սուրբ Գրքի Համատեղ ուսումնասիրություն» (CBS) ծառայության համակարգողը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, սեմինարի մասնակիցներին ներկայացրեց արդյունավետ մեթոդաբանություն, որը կիրառվում է ավելի քան 120 երկրում, շուրջ 85 լեզվով։ Նա կիսվեց գործնական մոտեցումներով, որոնց նպատակը ոչ միայն Աստվածաշնչի խորքային ճանաչումն է, այլև կյանքերի վերափոխումը։ Այս ծառայությունը սկսվել է 1975 թվականին, ԱՄՆ-ում՝ ընդամենը մեկ խմբով, սակայն այսօր այն դարձել է համաշխարհային շարժում՝ ընդգրկելով հարյուր հազարավոր մարդկանց։

«Համատեղ ուսումնասիրության» մեթոդները, որոնք անդրադառնում են Սուրբ Գրքին համար առ համար, կենտրոնացած են քրիստոնեական հավատքի հիմնարար ճշմարտությունների վրա՝ խուսափելով դավանաբանական տարաձայնություններից։

Գերասիմովիչը հատուկ ընդգծեց, որ այս ծառայության նյութերը նախատեսված են տարբեր տարիքային ու սոցիալական խմբերի համար՝ մեծահասակներից մինչև երեխաներ ու պատանիներ։ Դրանք օգնում են եկեղեցիներին ոչ միայն Աստվածաշնչի սերտողություններ կազմակերպել, այլև զարգացնել աշակերտության ծառայությունը և պատրաստել նոր առաջնորդներ։

Սեմինարի տեսական մասին հաջորդեց գործնականը՝ փոքր խմբերում լսածը կիրառելու հնարավորությամբ: Հովիվները նախ իրենք իրենց մեջ փորձեցին կիրառել այն գործիքները, որոնք հետագայում օգնելու են նրանց առավել արդյունավետ կերպով մատուցել Աստծո վերափոխող Խոսքը համայնքի ներսում՝ սերտողության փոքր խմբերում:

Նախորդ
...
X