Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին՝ որպես Ավետարանի քարոզչությամբ համայնքային ծառայության և հոգևոր խնամքի կենդանի օրգանիզմ, տարեցտարի ավելի շատ է կենտրոնանում տեղական համայնքների հոգևոր կարիքների գնահատման և հովիվների շնորհները դրանց համապատասխանեցնելու նպատակի վրա։ Այս տարի էլ ՀԱԵ Հոգևոր Խորհուրդը ռազմավարությամբ սահմանված սկզբունքներով որոշում կայացրեց՝ չորս ձեռնադրյալ և երկու պաշտոնակոչված հովվի ծառայության դաշտը տեղափոխել մեկ այլ համայնք։
Ըստ այդմ, Հոգևոր Խորհրդի որոշմամբ՝ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը սեպտեմբերից ստանձնել է ՀԱԵ Բաղրամյան 18-ի հովվությունը, իսկ վեր. Գևորգ Գասպարյանը՝ ՀԱԵ ՀԱԹ համայնքի հովվությունը։ Երկու համայնքն էլ քաջածանոթ է այս հովիվներին, քանի որ նախկինում ծառայել են այդ եկեղեցիներում:
Դիլիջանի ՀԱԵ-ն, որտեղ վերջին 25 տարին հովվական ծառայություն էր իրականացնում վեր. Գառնիկ Թութիկյանը, այսուհետև կհովվի Շիրակամուտի՝ արդեն նախկին հովիվ վեր. Արամ Մկրտչյանը: Իսկ վեր. Գառնիկ Թութիկյանը կստանձնի Երևանում ՀԱԵ «Հույսի տուն» համայնքի հովվությունը։ Շիրակամուտում, այսուհետև կծառայի պատ. Սուրեն Մակարյանը, ով նախորդ 4 տարին հոգևոր հովվություն էր անում «Հույսի տուն» համայնքում։
Փոխվել է նաև վերջին երկու տարում Վանաձորում՝ որպես ՀԱԵ օգնական հովիվ ծառայած պատ. Դավիթ Բաբայանի ծառայության դաշտը, ով այսուհետև կշարունակի ծառայությունը Ստեփանավանում՝ որպես ՀԱԵ օգնական հովիվ:
Տեղափոխությունները նախապես քննարկվել ու համաձայնեցվել են տեղական եկեղեցական խորհուրդների՝ հոգաբարձուների հետ։
Հովվության նոր դաշտի ստանձնման արարողությունները կայացան կիրակնօրյա պաշտամունքների ընթացքում՝ նախկին հովիվներին հուզիչ հրաժեշտի խոսքերով, երախտագիտությամբ և նոր հովվական ընտանիքին ողջույններով։ Հատուկ աղոթքներով՝ փառաբանությամբ ու գոհությամբ, համայնքները ճանապարհեցին իրենց նախկին հովիվներին և դիմավորեցին նորերին։
ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Վարդան Ափինյանը, քարտուղար պատ. Խաչիկ Նազարյանը և խորհրդի անդամ պրն. Վարդան Միքայելյանը կարևոր դեր ստանձնեցին՝ տեղափոխության պաշտոնական հայտարարությունները ներկայացնելով։
Ա Կորնթացիներին 3.5-7 համարներն ամփոփում են այս փոփոխությունների իմաստը․
«Արդ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սոսկ սպասավորներ, որոնց միջոցով հավատացիք... Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ուրեմն ո՛չ տնկողը որևէ բան արժի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, որ աճեցնում է»։
Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, որ եկեղեցու գլուխն ու առաջնորդը Քրիստոսն է, հոգևոր իրական աճի և զորության աղբյուրը՝ Տերը, իսկ հովիվները պարզապես հավատարիմ սպասավորներ են, ովքեր լսել են Աստծո կանչը, հասկացել են իրենց կոչումն ու հավատարմորեն ծառայում են այնտեղ, ուր Աստված ուղարկում է։
ՀԱԵ-ի այս ռազմավարական որոշումները ոչ միայն փոխում են հովվական ծառայության աշխարհագրությունը, այլև վկայում են եկեղեցու շարունակական կենսունակության մասին։ Հավատում ենք, որ այս փոփոխությունների շնորհիվ տեղական եկեղեցիները կխորացնեն իրենց հոգևոր գիտելիքները, որը կնպաստի հոգևոր կյանքի աճին, իսկ հովիվները կծառայեն ավելի մեծ արդյունավետությամբ։ Թող Աստծո շնորհքն ու առաջնորդությունը մշտապես ուղեկցեն նրանց նոր ճանապարհներին։