Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի (NEST) համագործակցությամբ Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծառայողների սերտիֆիկացման ծրագիրը մոտեցավ ավարտին: 2 տարի, տարին 4 անգամ, յուրաքանչյուրը 18 ժամ տևողությամբ դասընթացին մասնակցեցին Հայաստանի տարբեր շրջաններից ՀԱԵ ՔԴ 32 ծառայող: Նրանք սովորեցին Աստվածաշունչը սերտելու մեթոդներ ու հիմնարար գաղափարներ, ՔԴ-ին առնչվող նյութեր, կրթությանը զուգահեռ նոր հմտությունները կիրառեցին նաև ծառայության մեջ:
Օգոստոսի 29-ին տեղի ունեցավ դասընթացն ավարտած ուսանողների վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը, որը յուրօրինակ պաշտամունք էր: Վկայականները հանձնելու արարողության համար Լիբանանից Հայաստան էին ժամանել ոչ միայն դասավանդող ուսուցիչները՝ NEST-ի դասախոսներ դոկտոր Վիլբերտ Վան Սաանն ու տիկին Հալա Բիթար Հուրին, այլև NEST-ի նախագահ դոկտոր Մարտին Աքաադն ու դեկան դոկտոր Ռիմա Նասրալան: Ավարտական պաշտամունքին որպես պատգամաբեր հրավիրվել էր «Երիտասարդություն հանուն Քրիստոսի» կազմակերպության (YFC) Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Ջոն Սաղրյանը:
Պաշտամունքը սկսվեց դասախոսական ու հովվական կազմի, այնուհետև ուսանողների հանդիսավոր մուտքով: Երբ բոլորն իրենց տեղում էին, հյուրընկալող եկեղեցու՝ Բաղրամյան 18-ի օգնական հովիվ Արկադի Հանիսյանը պաշտամունքի մեկնարկն ազդարարեց փառաբանության աղոթքով: Այնուհետև NEST-ի ուսանող Շուշան Ենգիբարյանը, ով նաև համակարգում էր հայաստանյան դասընթացը, ողջունեց հյուրերին: «Մեծապես գնահատում ենք Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի նվիրվածությունը, որոնց մասնագիտական ու հոգևոր աջակցությունը այս ծրագրին, ապահովեց դրա որակն ու արդյունքները։ Նրանց ներկայությունն այսօր ևս վկայություն է մեր համագործակցության և միասնական ծառայության»,- նշեց Շուշանը:
Այնուհետև Բաղրամյան 18-ի երգչախումբն առաջնորդեց պաշտամունքի փառաբանության բաժինը: Դասընթացի, ուսանողների ու դասախոսների համար գոհության աղոթք բարձրացրեց պատ. Արմեն Միսակյանը՝ խնդրելով Աստծուց շնորհել ուսանողներին քաջություն Ավետարանը հռչակելու համար, իմաստություն ստացած գիտելիքները կիրառելու համար և սեր՝ ծառայելու յուրաքանչյուրին:
Պաշտամունքը շարունակվեց Սաղմոս 15-ով, այն ընթերցեց դասախոս Հալա Բիթար Հուրին, որից հետո առիթ տրվեց ուսանողներին, որպեսզի խոսեն իրենց փորձառության ու դասընթացի արդյունավետության մասին: Անահիտ Սիմոնյանը նկատեց, որ դասախոսները ոչ միայն գիտելիք ու փորձառություն էին փոխանցում, այլև իրենց կյանքի օրինակով փաստում էին, որ խոսքը գործ է ու հնազանդություն: «Այս ուսումնական շրջանը դարձավ այն ժամանակահատվածը, որտեղ իմ հավատքը նոր ուժ ստացավ: Այս ճանապարհը դարձավ ոչ միայն ուսումնական փուլ, այլև խոր հոգևոր փորձառություն, որտեղ ստացած գիտելիքներն անմիջապես կյանքի կոչվեցին»,- նշեց նա: Ուսանողներից Մերի Միքայելյանը դասընթացը բազմակողմանի դիտարկման և ուսումնասիրության հնարավորություն համարեց. «Շատ հնարավորություններ տրվեցին մեզ ամբողջական երևույթները ավելի լայն, ավելի մեծ պատկերի տակ նայելու և մտքում ունենալու դրանց ենթատեքստերը: Ստացած գիտելիքները, որոշ հարցերի շուրջ, հիմնովին փոխեցին իմ մտածելակերպը, կարծիքը, աստվածաբանական մեկնաբանությունները, ինչպես նաև ուսուցման գործընթացի մասին իմ պատկերացումները»:
Պաշտամունքի ընթացքը շարունակվեց Եսայի 58.6-10 համարների ընթերցանությամբ, որն առաջնորդեց ուսանողներից Անի Հաջինյանը: Այնուհետև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը համառոտ ներկայացրեց օրվա պատգամաբերին՝ Ջոն Սաղրյանին, ու ընթերցեց պատգամի բնաբան հատվածը՝ Հովհաննու 13.12-17-ը:
Ջոն Սաղրյանն իր խոսքը սկսեց կարճ վկայությամբ, այն մասին, թե ինչպես իր ծառայությունը սկսեց ավագ եղբայրներից մեկի խրատով՝ ծառայություն սկսել ոչ թե որևէ եկեղեցու կամ կազմակերպության համար, այլ Քրիստոսի. «Մենք հաշվետու ենք Քրիստոսին, ասել է թե, ինչ-որ անում ենք, պետք է անենք ուղղամտությամբ, գերազանցությամբ...: Կարևորը Հիսուսն է, ուստի առաջնորդն էլ Հիսուսի նման պետք է լինի»: Պատգամաբերն իր խոսքում անդրադարձավ քրիստոսանման առաջնորդի հատկություններին՝ շեշտելով ծառայող առաջնորդ լինելու կարևորությունը՝ օրինակ լինել, ուրիշների կարիքները սեփականից վեր դասել, թույլ տալ, որ մյուսները փայլեն՝ մնալով ստվերում, ծառայել առանց ակնկալելու, որ քեզ պետք է ծառայեն: Երկրորդ հատկությունը, որ առանձնացրեց Ջոն Սաղրյանը, հույս ունենալն է ապագայի հանդեպ, հույս, որը կախված չէ իրավիճակներից, այլ Աստծո հետ հարաբերություններից. «Յուրաքանչյուր ծառայողի առաքելությունն է Հիսուսին տեսանելի դարձնելը... ուստի Տիրոջն այնքան մոտ պետք է քայլենք, որ ամեն անգամ, երբ մեր բերանը բացենք, Իր խոսքերին արձագանքենք»,- եզրափակեց իր խոսքը պարոն Սաղրյանը:
Պաշտամունքը շարունակվեց Նիկիական հանգանակի ընթերցմամբ, որն առաջնորդեց ուսանողներից Զոհրաբ Բեկյանը: Հաջորդիվ դոկտոր Ռիմա Նասրալան ողջունեց ներկաներին՝ նշելով. «Այսօր տոնում ենք ձեր ջանքն ու հաջողությունը, վկայականները դրա ապացույցն են: Ու քանի որ ուզում ենք, որ շարունակեք ուսումնասիրել Աստվածաշունչը, ձեզ համար՝ որպես նվեր, պատրաստել ենք Լիբանանի Աստվածաշնչյան ընկերության կողմից վերջերս արևմտահայերեն թարգմանված Նոր Կտակարանը: Սա նաև մարտահրավեր է, որպեսզի կատարելագործեք ձեր արևմտահայերենը»,- նշեց դոկտոր Նասրալան: Այնուհետև, հանդիսավոր արարողությամբ հերթով բեմ հրավիրեց երկամյա դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին՝ ստանալու Աստվածաբանության ու Քրիստոնեական Դաստիարակության որակավորման վկայականները՝ անձամբ NEST-ի նախագահից: Ուսանողներից 11-ը ստացան գերազանցության վկայական:
Վկայականների հանձնման արարողությանը հաջորդեց NEST-ի նախագահ դոկտոր Մարտին Աքաադի ելույթը, որը գեղարվեստական լեզվով հոգևոր կոչ էր: Նա ուսանողներին երևակայական ճամփորդության հրավիրեց հայկական բնաշխարհով՝ անվանելով այն նրանց հոգևոր կոչման ալեգորիա: Նա նախ հորդորեց նայել Հայաստանի լեռներին, որոնք հաստատուն ու անսասան են, ինչպես Աստծո հավատարմությունը. «Դուք վերջին 2 տարիներին բարձրացաք լեռը, ու հիմա, երբ գագաթին եք, հիշեք՝ որքան բարձր է լեռը, այնքան մեծ է տեսադաշտը: Այստեղից Աստված կանչում է, որ ավելի հեռուն տեսնեք՝ Իր արքայության համար, և լինեք կանգուն՝ լեռների պես»: Այնուհետև դոկտոր Աքաադը ներկաների ուշադրությունը հրավիրեց հովիտների վրա, որոնցով հարուստ է մեր երկիրը՝ նշելով, որ այդ հովիտներում են հիմնական պտղատու այգիները. «Ծառայության ընթացքում դուք պետք է անցնեք այդ հովիտներով՝ երբեմն պայքարի, կարսկածի ու ցավի հովիտներով, բայց մի՛ ատեք այդ հովիտները, քանի որ այստեղ է, որ Աստված ձեր ծառայության, ուսուցման ու սիրո պտուղներն է տալու»: Վերջին համեմատությունը Հայաստանի գետերի հետ էր: Նա նշեց, որ գետերն ու աղբյուրները կյանք են տալիս այն ամենին, ինչին դիպչում են: Հիսուսն ասաց, որ Իրեն հավատացողներից կենդանի ջրեր կբխեն. «Ձեր գիտելիքներով դուք կարող եք հագեցնել ծարավը, հոգնածներին տոկունություն տալ և Բարի Լուրը տանել այնտեղ, ուր Տերը կառաջնորդի: Ուստի լեռների պես ուժեղ եղե՛ք խոսքի մեջ, հովիտների պես պտղատու և գետերի պես համառ՝ ձեր ծառայության մեջ: Հայաստանը, ձեր եկեղեցին և աշխարհը ձեր կարիքն ունեն: Հաստատուն եղե՛ք ճշմարրտության մեջ, ինչպես լեռները, Աստծո ժողովրդի հետ հավատարմորեն անցե՛ք հովիտներով, հոսեք Սուրբ Հոգու կենարար գետերով՝ կյանք բերելով ձեր ազգին ու երկրի սահմաններից դուրս: Ամեն անգամ, երբ կնկատեք ձեր երկրի գեղեցկությունը, հիշե՛ք այն Աստծուն, ով կանչեց, զինեց և ուղարկեց ձեզ»,- եզրափակեց իր խոսքը NEST-ի նախագահը:
Պաշտամունքի վերջին հատվածում շրջանավարտների համար աղոթք բարձրացրեց դասախոսներից Վիլբերտ Վան Սաանը: Այնուհետև շնորհակալության խոսքով հանդես եկավ ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը. «Մերձավոր Արևելքի Ատվածաբանական դպրոցը բազմաթիվ հովիվներ ու քրիստոնյա դաստիարակներ է պատրաստել ՀԱԵ-ի համար, բայց սա աննախադեպ էր, քանի որ տասնյակ առաջնորդների հասանելի դարձավ այդ կրթությունը: Աղոթում ենք, որ NEST-ը շարունակի սպառազինել քրիստոնյա ծառայողներին, որպեսզի էլ ավելի որակյալ ծառայություն բերվի Քրիստոսի անվանն ու փառքին»:
Տոնական պաշտամունքն ավարտվեց ավագ hովվի օրհնության աղոթքով: