Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) «Շողիկ» ճամբարն այս տարի հյուրընկալեց ավելի քան 1800 մանուկի, պատանու և երիտասարդի Հայաստանի գրեթե բոլոր մարզերից։
ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժինը, յուրաքանչյուր տարիքային խմբի պատասխանատու ծառայողների հետ, ամիսներ շարունակ հանդիպում, պլանավորում և մանրակրկիտ կառուցում էր ճամբարների թեմաները, բովանդակությունն ու ամբողջական ծրագիրը։
Մանկական ճամբար․ «Գտի՛ր գաղտնաբառը»
Սկզբում «Շողիկի» բնակիչները 8-11 տարեկան երեխաներն էին։ 660 մանուկ, 3 հերթափոխ, 1 մեծ բացահայտում։ Հունիսի 25-ից հուլիսի 13-ը Հանքավանի ճամբարի կյանքը պտտվում էր մեկ առանցքի շուրջ՝ որոնել, գտնել և բացահայտել մեկ կարևոր գաղտնիք։
«Գտի՛ր գաղտնաբառը» խորագրով մանկական ճամբարը դարձավ արկածներով լի որոնումների, խորախորհուրդ դասերի և թիմային համագործակցության վայր։ Յուրաքանչյուր օր կառուցված էր այնպես, որ երեխաները համատեղեին ուրախությունը, խաղը և հոգևոր բացահայտումները։ Տրամաբանական առաջադրանքների, խաղերի, ձեռքի աշխատանքների և ամենօրյա հոգևոր դասերի միջոցով նրանք սովորում էին կարևոր արժեքներ՝ աշխատասիրություն, յուրահատկություն, ազատություն, համերաշխություն և գոհունակություն։
- Աշխատասեր լինելը սովորեցին Նեեմիայի օրինակից, ով վճռականությամբ վերակառուցեց Երուսաղեմի պարիսպները՝ չվախենալով ո՛չ աշխատանքից, ո՛չ էլ թշնամիներից։
- Յուրահատուկ լինելը հասկացան Քաղեբի և Հեսուի օրինակով, ովքեր համարձակությամբ առանձնացան ամբոխից՝ մնալով հավատքի մեջ։
- Ազատությունը տեսան Հուդա Իսկարիովտացու պատմության մեջ՝ խորհելով կախվածությունների վտանգի և դրանցից ազատագրվելու մասին։
- Համերաշխությունը ընկալեցին Դավթի և Սավուղի հարաբերությունների օրինակով՝ սովորելով ապրել խաղաղության և համերաշխության մեջ նույնիսկ թշնամանքի պայմաններում։
- Գոհունակությունը սերտեցին Իսրայելի ժողովրդի անապատային ուղուց՝ հասկանալով, որ պետք է գոհունակ և շնորհակալ սիրտ ունենալ ամեն իրավիճակում։
Եվ վերջապես՝ երկար որոնումներից հետո երեխաները միասին բացահայտեցին գլխավոր գաղտնաբառը՝ Աստվածաշունչը։
Մանկապատանեկան ճամբար
Մանկապատանեկան ճամբարը նորամուծություն էր։ ՀԱԵ ՔԴ բաժնի դիտարկումների և տարիքային առանձնահատկություններից բխող կարիքների հիման վրա՝ 12-13 տարեկան 220 մասնակցի համար հուլիսի 25-30-ը կազմակերպվեց առանձին ճամբար։
Այս ճամբարի ծրագիրը, ըստ էության, մանկական և պատանեկան ճամբարների ծրագրային համատեղումն էր։ Առաջնորդները մանկական ճամբարի թեմաները ներկայացնում էին պատանեկան մեթոդաբանությամբ՝ ապահովելով անցումային փուլը։
Պատանեկան ճամբար․ «Ելի՛ր»
«Վե՛ր կաց, լուսավորվի՛ր, որովհետև եկել է քո լույսը, և Տիրոջ փառքը ծագեց քեզ վրա» (Եսայի 60․1):
Հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը տեղի ունեցավ պատանեկան ճամբարը՝ 14-16 տարեկան շուրջ 600 պատանու համար, երեք հերթափոխով։
Ճամբարի խորագիրը՝ «Ելի՛ր», մարտահրավեր էր ոչ միայն ելնելու և շարժվելու, այլև հոգևորապես արթնանալու և գործելու․
- Ելի՛ր, ճանաչիր
- Ելի՛ր, հնազանդվիր
- Ելի՛ր, ապրիր
- Ելի՛ր, վկայիր
Չորս թեմաներից բաղկացած դասաշարերը, որոնք փոխկապակցված էին, օգնեցին պատանիներին կայացնել շրջադարձային որոշումներ։ Ճանաչելով Աստծո անփոփոխ և հավատարիմ էությունը՝ նրանք սովորեցին վստահել Նրան իրենց կյանքի դժվարությունների մեջ, հնազանդվել Աստծո Խոսքին և ապրել Նրա առաջնորդությամբ։ Լցված լինելով Տիրոջ ուրախությամբ ու սիրով՝ նրանք սովորեցին նաև այդ վկայությունը բաժնեկցել շրջապատի հետ։
Թեմաները նախ ներկայացվում էին բիբլիոդրամայի միջոցով՝ հին և նոր կտակարանի պատմությունները վերապրելով առաջին դեմքով։ Այնուհետև պատանիները բաժանվում էին փոքր խմբերի և քննարկում օրվա նյութը գործնական կիրառման հարթության մեջ։
Պատանեկան ճամբարը հիշարժան էր նաև թիմային խաղերով, արշավներով, սեմինարներով և ներկայացումներով, որոնք ամրապնդեցին ընկերական և խմբային կապերը։
Երիտասարդական ճամբար․ «Վերականգնի՛ր շունչդ»
Օգոստոսի 14-22-ը կայացավ ճամբարի եզրափակիչ մասը երիտասարդների համար։ Այն անցկացվեց երկու հերթափոխով․ սկզբում՝ 17-20, ապա՝ 21 և բարձր տարիքային խմբերի շուրջ 330 երիտասարդի համար։
Ճամբարի խորագիրն էր՝ «Վերականգնի՛ր շունչդ», որը կոչ էր կյանքի նպատակները և Աստծո հետ ունեցած կապը վերանայելու։
Հյուր խոսնակն էր Բեյրութի Առաջին Ավետարանական եկեղեցու հովիվ վեր․ Ժիրայր Ղազարյանը։ Նա ուսուցանեց, թե ինչ է նշանակում լինել Աստծո կողմից ընտրված, օրհնված, կոտրված և ուղարկված։
Երիտասարդները հիշեցին, որ Աստված յուրաքանչյուրին ընտրել է ոչ թե անձնական արժանիքների, այլ Իր մեծ շնորհի արդյունքում։ Սա առիթ էր գիտակցելու կյանքը որպես Աստծո կողմից տրված և օրհնված նվեր՝ նույնիսկ կոտրվածությունների մեջ։
Ճամբարային օրերը հարուստ էին ոչ միայն հոգևոր փորձառություններով, այլև ստեղծագործական նախաձեռնություններով։ Արվեստի և խոհարարական աշխատարանները հնարավորություն տվեցին երիտասարդներին՝ բացահայտելու իրենց տաղանդները, արտահայտելու զգացմունքները և մտերմանալու։
Շատերը ճամբարից հեռացան կյանքի նպատակի մասին նոր գիտակցությամբ, Աստծո սիրո ընկալման վերականգնմամբ և որոշումով՝ իրենց օրհնություններով կիսվելու աշխարհի հետ։
Աստծո շնորհի գիտակցությամբ ու Նրան ճանաչելու ձգտումով լի ևս մեկ ամառ արդեն անցյալում է։ Բայց մենք լիահույս ենք, որ այս յուրահատուկ վայրում նորից միասին հավաքվելու առիթ կլինի՝ նոր օրհնությունների, նոր հնարավորությունների և Աստծո շնորհքը նորովի վայելելու համար։