.
Ի հիշատակ պարոն Անդրանիկ Մարդոյանի

2025 թ.-ի հուլիսի 29-ին հարազատների, բարեկամների ու ընկերների հետ միասին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունն ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին վերջին հրաժեշտը տվեցին 30 տարվա գործընկեր ու ծառայակից Անդրանիկ Մարդոյանին: Հրաժեշտը խոր ցավով էր, որը կարող է ամոքվել միայն հավիտենական կյանքի հույսով. «Որովհետև եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ ու հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսով ննջեցյալներին կյանքի կբերի նրա հետ» (Ա Թեսաղոնիկեցիներին 4.14)։

Անդրանիկ Մարդոյանը յուրահատուկ հետք է թողել իրեն ճանաչող յուրաքանչյուր անհատի կյանքում: Անուրանալի է նաև նրա թողած հետքը ՀԱԵ-ի պատմության ու հոգևոր ծառայության մեջ:  Նրա ձայնով էին խոսում 90-ականների սկզբում հայերեն թարգմանված հոգևոր ֆիլմերի հերոսները, նրա լուսանկարչական ապարատն էր արձանագրում Հայաստանի անկախացումից հետո վերազարթոնք ապրող Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու պատմությունը, տարիներ շարունակ նրա գրած հոդվածներով, հավաքագրած արխիվային հսկայածավալ նյութերով, տպագրած ամսագրերով ու գրքերով է նաև լուսաբանվել եկեղեցու գործունեությունը: Պարոն Մարդոյանի շնորհիվ էր տարիներ շարունակ հայ ընթերցողին հասանելի դառնում արևելահայերեն «Զհաց մեր Հանապազորդ» ամենօրյա հոգևոր խորհրդածությունների գրքույկն ու «Հայ Ընտանիքի Օրացույցը»: Նա մեծապես նպաստել է նաև եկեղեցու արտաքին կապերի ամրապնդմանը՝ պետական ու հոգևոր կառույցների հետ փոխգործակցության համատեքստում։

Անդրանիկ Խորենի Մարդոյանի կենսագրությունը հարուստ է: Նա ապրեց գրեթե 75 տարի, ապրեց ազնիվ, կենսուրախ, մշտապես ինքնազարգացող, մյուսներին կրթող ու ոգեշնչող կյանք, որի առանցքում սերն էր Աստծո ու հայրենիքի հանդեպ: Փառք ենք տալիս Աստծուն այդ տարիների համար:

Ստորև ներկայացնում ենք պարոն Մարդոյանի ինքնակենսագրականը՝ առանց խմբագրման,  այնպես ինչպես ինքն է ներկայացրել 2023 թ.-ին տպագրված AMAA-ի 30-ամյակին նվիրված իր հեղինակած գրքում։

 

ԱՆԴՐԱՆԻԿ ԽՈՐԵՆԻ ՄԱՐԴՈՅԱՆ

Ծնվել է 1950 թ., Երևանում։

Հայրը՝ Խորեն Մարդոյանը, Տիգրանակերտից է, մայրը՝ Վարդուհի Մարդոյանը,Կըրկխանից: Նրանց ընտանիքները ցեղասպանությունից հետո հանգրվանել են Սիրիայում, որտեղ էլ ամուսնացել են , և 1946-ին՝ հայրենադարձվել։

Անդրանիկ Մարդոյանն ութնամյա կրթությունը ստացել է Երևանի պարարվեստի դպրոցում, որից հետո, ընտանեկան ծանր պայմաններից ելնելով, հարկադրված է եղել միջնակարգ կրթությունը շարունակել երեկոյան դպրոցում: Ուսմանը զուգահեռ՝ աշխատել է մի շարք կազմակերպություններում՝ որպես փոստատար, շինարարության մեջ և գործարանում՝ որպես բանվոր և այլն:

1969-1971 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Ծառայության առաջին տարում սովորել է կրտսեր հրամանատարական դպրոցում և ստացել սերժանտի կոչում:

Զորացրվելուց հետո՝ 1971-1982 թթ., «Բյուրական» հանգստյան տանն աշխատել է որպես մշակութային միջոցառումների և մարզական խաղերի կազմակերպիչ:

Հայաստանի առողջարանների և հանգստյան տների ղեկավարման կենտրոնական խորհուրդը Ա. Մարդոյանին 1975-1980 թթ. գործուղել է՝ սովորելու Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) կուլտուրայի բարձրագույն դպրոցում, որտեղ ստացել է Մշակութային և կրթական աշխատանքների մեթոդիստի և կազմակերպչի բարձրագույն որակավորում:

1975թ. ամուսնացել է Մելանյա Գեղամյանի հետ:

1982-2000 թթ. աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում՝ որպես հաղորդավար (զբաղվել է նաև ռադիոլրագրությամբ):

1990-ական թթ. ամառային արձակուրդներին Ա. Մարդոյանը և Մ. Գեղամյանը, իրենց աշխատանքի զուգահեռ, ղեկավարել են պիոներական ճամբարներ:

1990 և 1991 թթ. Ա. Մարդոյանը Ծաղկաձորի «Փարվանա» և «Ակադեմիա» ճամբարներում հյուրընկալել է «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներին, որոնց միջոցով ինքն ու կինը՝ Մելանյա Գեղամյանը, ճանաչել են Հիսուս Քրիստոսին և ընդունել Նրան՝ որպես իրենց կյանքի առաջնորդ:

1991 թվականից Անդրանիկ Մարդոյանը և Մելանյա Գեղամյանը՝ որպես կամավորներ, ծառայել են Հայ Ավետարանչական ընկերակցության Երևանի գրասենյակում:

1993թ., հաշվի առնելով Անդրանիկ Մարդոյանի փորձառությունը երեխաների հանգստի կազմակերպման ոլորտում, նրան վստահվում է Հայ Ավետարանչական ընկերակցության «Ծաղկահովիտ» ճամբարի (գտնվում է Ծաղկաձորում) տնօրենի պաշտոնը:

1990-ական թթ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արք. Ներսիսյանի (այժմ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոս Ամենայն Հայոց)առաջադրանքով կազմակերպել է քրիստոնեական գեղարվեստական մի շարք ֆիլմերի թարգմանությունը և կրկնօրինակել դրանք: Հետագայում նմանատիպ մի քանի ֆիլմեր է թարգմանել և կրկնօրինակել Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի աջակցությամբ:

Ա. Մարդոյանի թարգմանած և կրկնօրինակած ֆիլմերից են՝ «Հիսուսը Նազարեթից», «Եղբայր արև, քույր լուսին», «Չորրորդ իմաստուն մարդը», «Խաչ և դանակ», «Ջոնի», «Ապաստարան» և այլն: Այս ֆիլմերը, որոնք ընդգրկված են քրիստոնեական մշակույթի համաշխարհային գանձարանում, այժմ էլ պարբերաբար ցուցադրվում են ինչպես Հայաստանի հանրային, այնպես էլ այլ հեռուստաընկերություններով:

1996թ. Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հարյուր հիսունամյա հոբելյանի կազմակերպչական աշխատանքներում ցուցաբերած նշանակալից օգնության (տարբեր հրատարակություններ, գրքույկներ, մամուլի ասուլիսների կազմակերպում) արդյունքում, նաև հաշվի առնելով հանրային ռադիոյում ունեցած աշխատանքային փորձը՝ Ա. Մարդոյանը հրավիրվել է Հայ Ավետարանչական ընկերակցություն՝ աշխատելու որպես «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի» նորաբաց հանդեսի խմբագիր և մամուլի ու հրատարակչական գործերի ղեկավար:

1997-1999 թթ., որպես ազատ ունկնդիր, մասնակցել է Հայաստանի Ավետարանական աստվածաբանական ճեմարանի դասընթացներին: Հետագայում աստվածաբանության ոլորտում իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ:

Անցած տարիներին հրատարակել է Հայ Ավետարանչական ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գործունեությունը լուսաբանող բազմաթիվ գրքեր և հոդվածներ ՀՀ տարբեր պարբերականներում, մատուցել տարատեսակ ծառայություններ Երևանում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում (աստվածաշնչյան սերտողություններ, քարոզներ և այլն), կազմակերպել ռադիո և հեռուստատեսային հաղորդումներ, ռեպորտաժներ, մամուլի ասուլիսներ՝ Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների և Հայ Ավետարանչական ընկերակցության ղեկավարների մասնակցությամբ:

Ապահովել է Հայ Ավետարանական եկեղեցիների և Հայ Ավետարանչական ընկերակցության բարձրաստիճան ղեկավարների մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող համահայկական միջոցառումներին: Նրանց համար հանդիպումներ է կազմակերպել Հայաստանի հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան ղեկավարների հետ և անձամբ մասնակցել դանց:

2001-2003 թթ. միջազգային ռադիոյի Երևանյան գրասենյակում (վեր. Ռընե Լևոնյանի և Հարութ Ներսեսսյանի իմացությամբ) վարել է «Աստվածաշունչը՝ սկզբից մինչև վերջ» հաղորդաշարը:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր: 

Նախորդ
...
X