Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի (ՄԱԱԴ) և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) համագործակցության շրջանակում քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծառայողների վերապատրաստման երկամյա ծրագիրը մոտենում է ավարտին։ Վերջին փուլի առաջին դասընթացը տեղի ունեցավ հուլիսի 15–18-ը։ ՀԱԵ «Հույսի տան» հյուրընկալ հարկի տակ ՀԱԵ ՔԴ ավելի քան 30 ծառայող առիթ ունեցավ լսելու ՄԱԱԴ-ի դասախոս Վեր. Դր. Վիլբերտ վան Սաանին։
Ուսումնասիրության թեման այս անգամ Հովհաննեսի Ավետարանը, առաքելական նամակներն ու Հայտնության գիրքն էր։ Դասախոսությունների առաջին մասը Հովհաննեսի Ավետարանի ուսումնասիրությանն էր ուղղված՝ կառուցվածքին, պատմական համատեքստին, Հիսուս Քրիստոսի աստվածային ինքնության յուրահատուկ կերպերին, չարչարանքներին, խաչելությանը և հարությանը: Անդրադարձ կատարվեց Հիսուս Քրիստոսի յոթ «ես եմ»-ներին, նշաններին և փառքի գրքին:
Դասախոսության երկրորդ մասում անդրադարձ կատարվեց Պողոս Առաքյալի կյանքին` դարձին ու միսիոներական ճանապարհորդություններին, դրանց լույսի ներքո դիտարկվեցին նամակները: Վերլուծվեց Եբրայեցիներին ուղղված նամակի ու Հայտնության գրքի պատմական կոնտեքստը, հեղինակների ու ունկնդիրների իրավիճակները, ու նաև այն, թե ինչպե՞ս պետք է հասկանալ դրանք մեր այսօրվա կյանքում: Բացի տեսական գիտելիքներից, ուսանողները ստացան նաև կիրառական հմտություններ, աստվածաշնչյան տեքստերի ուսումնասիրությունների, մեկնաբանությունների մեթոդների վերաբերյալ:
Վերջին օրը նվիրված էր ընդհանուր չորս դասընթացի՝ Հին և Նոր Կտակարանների վերաբերյալ ամփոփոմանը և դասընթացի ընդհանուր արժևորմանն ուսանողների կողմից: Մասնակիցները նշեցին այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցել էին այս երկու տարվա ընթացքում և նաև առաջարկներ արեցին հետագա դասընթացների համար: