.
ՀԱԵ կանանց ամառային համագումար Հանքավանի «Շողիկ» ճամբարում

Ի՞նչ կարող է լինել կնոջ սրտում… մեծ ու փոքր կուռքեր, որոնք քողարկվում են մայրության անվան տակ, հարաբերության սպասման, կատարյալ լինելու ձգտման մեջ... դրական բաներ, որոնց կործանարար լինելը բացահայտվում է միայն Աստծո Խոսքի լույսի ներքո:

18-ից 80 տարեկան 200-ից ավելի կին՝ Հայաստանի տարբեր մարզերից՝ Լոռիից մինչև Սյունիք, հունիսի 19–21-ը Հանքավանում էին՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) «Շողիկ» ճամբարում: Ամառային երկօրյա համագումարը ՀԱԵ կանանց խմբերի ամենասպասված իրադարձությունն է. այն հնարավորություն է տալիս ոչ միայն կտրվել աշխարհի թոհուբոհից, վայելել Հանքավանի ճոխ բնությունն ու հոգևոր քույրերի ընկերակցությունը, այլև միասին փառաբանել Աստծուն, աղոթել, զորանալ Տիրոջ ներկայությամբ, ամփոփել տարվա ընթացքում սերտած հոգևոր թեմաներն ու սովորել նոր բան։

Համագումարի այս տարվա ուսումնասիրության թեման սրտում թաքնված կուռքերն էին։ ՀԱԵ կանանց աշխատանքային խումբը, բանախոսության նյութերն ընտրելիս, հիմնվել էր աստվածաբան, հովիվ, աշխարհահռչակ քարոզիչ և բազմաթիվ հոգևոր գրքերի հեղինակ Թիմոթի Քելլերի «Կեղծ աստվածները» գրքի վրա, որը, ի դեպ, Նյու Յորք Թայմսի բեսթսելլերի ցանկում է։

Հինգ թեմայից բաղկացած բանախոսությունների առանցքում աստվածաշնչյան մոտեցումներն էին՝ ժամանակակից կեղծ աստվածներին բացահայտելու, դրանցից ձերբազատվելու և միակ ճշմարիտ Աստծուն վերադառնալու վերաբերյալ։

Առաջին օրվա խոսնակը՝ Սպիտակում ՀԱԵ երեցկին Արմինե Արևջանյանը, համագումարի մասնակիցներին խոսեց կռապաշտության երևույթի մասին, որի առանցքում հաճախ դրական բաներ են, մասնավորապես՝ սերը։ Մարդը ծնված օրից սեր է փնտրում և հաճախ այն դարձնում կյանքի նպատակ, հետևաբար՝ կուռք, քանի որ այն Աստծուց ավելի կարևոր է համարում։ Մինչդեռ Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ իրական սիրո աղբյուրն Աստված է (Հովհաննես 3.16), և Նրան պետք է ուղղենք մեր սերը (Ղուկաս 10.27)։

Համագումարի երկրորդ օրվա խոսնակները երեքն էին։ Նախ, Նոյեմբերյանում ՀԱԵ երեցկինը՝ Գայանե Շարբաթյանը, խոսեց փողի կռապաշտության մասին։ Այն, ինչ պետք է լիներ Աստծո փառքը տեսնելու և պատմելու միջոց, հաճախ դառնում է նպատակ, իսկ նպատակը սկսում է արդարացնել բոլոր միջոցները։ Երբ փողը դառնում է մեր միակ շարժիչ ուժն ու ամենափափագելի ձգտումը, կռապաշտությունն ակնհայտ է դառնում։ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ երկու տիրոջ ծառայել չենք կարող (Ղուկաս 16.13)։

Այնուհետև ՀԱԵ ՀԱԹ-ի կանանց խմբի պատասխանատու Իննա Ավակովան անդրադարձավ հաջողության ու փառքի գայթակղությանը։ Ամեն մարդ ընդունված ու հաջողված լինելու ձգտում ունի, բայց այն պահից սկսած, երբ կարծում ենք, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել առանց Աստծո շնորհի, փառքն ու հաջողությունը դառնում են ինքնանպատակ, հետևաբար՝ կուռք (Ա Կորնթացիներին 1.28–29)։

Օրվա թեմաների եզրափակումն արեց Այնթապում ՀԱԵ երեցկինը՝ Գայանե Հովհաննիսյանը։ Համադրելով աստվածաշնչյան ճշմարտությունը մշակութային խորն ըմբռնման հետ՝ նա հորդորեց համագումարի մասնակիցներին բացահայտել և հաղթահարել ժամանակակից կյանքի թաքնված կուռքերը։ Դրանք հաճախ թաքնված են մեր մշակույթի, երբեմն էլ՝ կրոնական համոզմունքների մեջ։ Ցավոք, նույնիսկ կրոնական համոզմունքները կարող են դառնալ կուռք, երբ դրանք ավելի ենք կարևորում, քան Աստծուն ու Նրա փրկարար շնորհը՝ մոռանալով Տիրոջ պատվիրանը (Բ Օրենք 5.8)։

Յուրաքանչյուր թեմայից հետո մասնակիցները բաժանվում էին փոքր խմբերի՝ քննարկելու նյութն անձնական անդրադարձի հարցերի ու գործնական քայլերի շրջանակում։ Այս պահերը հատկապես կարևոր էին, քանի որ յուրաքանչյուր մասնակից խոսելու հնարավորություն ուներ, իսկ թեման ավելի խորն էր յուրացվում գործնական օրինակներով ու վկայություններով։

Համագումարի երկրորդ օրը յուրահատուկ էր նաև իր բազմազանությամբ։ Կանայք խաղացին ինտելեկտուալ և զվարճալի խաղեր, պատրաստեցին գոբելենագործ էջանիշեր, իսկ երեկոյան մասնակցեցին Անուշ Վարդանյանի կազմակերպած մշակութային երեկոյին։

Հենց սկզբից համագումարի բոլոր մասնակիցներն ընդգրկվեցին մի մեծ «կտավ» հիշեցնող խաղի մեջ։ Պատահականությամբ բաժանված գունավոր ժապավեններից յուրաքանչյուրը գործնական մի առաջադրանք էր ենթադրում ՝ օգնելու, քաջալերելու, սիրելու կամ այլ աստվածահաճո ծառայության ձևով։ «Մենք բոլորս Աստծո ստեղծագործության մեծ կտավի մի գույնն ենք, ուստի Տիրոջ մտքի գեղեցկությունը փոխանցելու առաքելություն ունենք»,– նշեց Անուշ Վարդանյանը։

Երեկոն շարունակվեց խաղերով, մրցանակներով, հումորային սկեչերով և եզրափակվեց կույր Բարդուղիմեոսի պատմության բեմադրությամբ։ Ներկայացման մասնակիցները ՀԱԵ Բաղրամյան 18-ի կանանց խմբի անդամներն էին, ովքեր հուզեցին հանդիսատեսին իրենց անկեղծ ու ոգեշնչող խաղով։

Երեկոն եզրափակվեց հոգևոր խորհրդածությամբ։ ՀԱԵ ավագ հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց կույր Բարդուղեմիոսի պատմության այն մանրամասներին, որոնք հաճախ մնում են աննկատ։ Դրանց միջոցով նա բացահայտեց իրական հավատի սկզբունքներն ու Աստծո հետ հանդիպման անկյունադարձային պահերը։ Վերապատվելին խոսքից հետո ապաշխարության կոչ արեց, որին արձագանքեցին մի խումբ նորահավատ կանայք՝ այդպիսով հոգևոր մթնոլորտն ամբողջացնելով իրական ուրախությամբ։

Համագումարի վերջին օրն ամփոփվեց ընդհանուր թեմայով։ ՀԱԵ ավագ հովվի կինը՝ Ցոլինե Միքայելյանը, անդրադարձավ Քելլերի գրքի վերջին երկու գլուխներին՝ խոսելով կուռքերի հայտնաբերման և դրանք միակ ու ճշմարիտ Աստծով փոխարինելու գործնական քայլերի մասին։ Կողոսացիներին 3.1-5 համարներում Պողոս առաքյալը հորդորում է միտքն ու սիրտը վերևում եղած բաների վրա կենտրոնացնել։ Սա նշանակում է երախտագիտություն, ուրախություն և հանգիստ՝ այն ամենի համար, ինչ Հիսուսն արել է մեզ համար։ Եթե գիտակցենք, որ այս կյանքը հավիտենականության համար ենք ապրում, և դա Աստծո ձրի շնորհն է մեզ, ապա կկարողանանք բացահայտել ու ազատվել կեղծ աստվածներից, որոնք երբեք չեն կարող փոխարինել իրական, ճշմարիտ ու ամենակարող Աստծուն։

Համագումարը եզրափակվեց Հաղորդության Պաշտամունքով։ Պատգամախոսը՝ ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը, քարոզեց Մատթեոս 22.34-40 համարների շուրջ՝ ընդգծելով Աստծուն և ընկերոջը սիրելու երկու պատվիրանների սերտ կապը։ Չենք կարող սիրել Աստծուն, բայց արհամարհել ընկերոջը. անշահախնդիր սիրո հիմքում կարող է լինել միայն աստվածային սիրո ճշմարիտ ընկալումը։

Պատգամից հետո պատ. Արամ Բաբաջանյանն ու վեր. Ավետիք Խաչատրյանը մատուցեցին Սուրբ Հաղորդությունը։

Համագումարի երկու լիարժեք օրերը ՀԱԵ կանանց համար դարձան հոգևոր վերափոխման ու Աստծով զորանալու հանգրվան: Նրանք տուն վերադարձան՝ զինված Աստծո Խոսքով ու համբերությամբ, որպեսզի Տիրոջ օգնությամբ կարողանան գտնել ու ազատվել սրտի խորքում թաքնված անտեսանելի կուռքերից։

 

 

Նախորդ
...
X