Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ հայկական սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իր հիմնադրման օրից ծառայում է ոչ միայն լիբանանահայ համայնքին, այլև համահայկական կրթամշակութային դաշտին, այս տարի նշում է իր հիմնադրման 70-ամյակը։
(Հայկազյան համալսարանը հիմնադրվել է 1955 թ.-ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության (ՄԱՀԱԵՄ) կողմից։ Կոչվում է Հայկազյան ի պատիվ Կոնիայի ճեմարանի նախկին ուսուցչապետ` վեր. դոկ. Արմենակ Հայկազյանի)
Հոբելյանական այս իրադարձությունը նոր հնարավորություն դարձավ ամրապնդելու համալսարանի կապը Հայաստանի գիտական, կրթական և մշակութային հաստատությունների հետ։
Հունիսի 13-17-ը Երևանը դարձավ Հայկազյան համալսարանի գաղափարական և գործընկերային ներկայության կենտրոնը՝ հյուրընկալելով մի շարք միջոցառումներ, որոնցով ամփոփվում էր համալսարանի յոթ տասնամյակի ճանապարհը և նշմարվում ապագայի ուրվագիծը։
Այդ առիթով Հայաստանում էին համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ և տիկին Մարալ Հայդոսթյանները, հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Հասմիկ Բարանը, փոխնախագահ Ջոն Սաղրյանը, Հայկական Սփյուռքի Ուսումնասիրությունների Կենտրոնի (ADRC) տնօրեն դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը։
Տոնական միջոցառումների շարքը մեկնարկեց հունիսի 13-ին՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացած պաշտոնական ընդունելությամբ, որը համախմբեց պետական, ակադեմիական, մշակութային, դիվանագիտական ու եկեղեցական ոլորտների պատվավոր հյուրերի՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։ Ընդունելության ընթացքում ներկայացվեց համալսարանի անցած ճանապարհն ու կրթամշակութային դերակատարումը՝ շեշտադրելով արժեքավոր գործընկերային հարաբերությունները և միջազգային ներկայությունը։ Հանդիսության մուտքի սրահում տեղադրված էր 70 թեմատիկ պաստառ՝ պատկերավոր ներկայացնելով համալսարանի պատմության, ուսանողական կյանքի և հանրային առաքելության կարևոր հանգրվանները։
Հունիսի 15-ին, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում՝ Բաղրամյան 18 հասցեում, տերունական պաշտամունքը համալսարանի գործունեության համար Աստծուն փառավորելու առիթ դարձավ։ Շնորհակալության և փառաբանության աղոթք բարձրացվեց առ Աստված համալսարանի գործունեության, հավատքի ու սիրո նվիրյալների, ինչպես նաև հետագա ընթացքի Տիրոջ առաջնորդության համար։ Օրվա պատգամաբերը Հայկազյան համալսարանի նախագահ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահի տեղապահ, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանն էր։
Նա պատգամն առել էր Պողոս առաքյալի՝ Գաղատացիներին ուղղված նամակի 5-րդ գլխի 1-15 համարներից։ «Աստծուն փառք տանք նաև այն ամենի համար, ինչ որ Հայկազյան համալսարանը կարողացավ տալ, բաշխել»,- իր խոսքը սկսեց վերապատվելին՝ Պողոսի նամակը կապելով նաև Հայկազյանի անցած ուղու հետ։ Պատգամաբերը հիշեցրեց, որ մեր փրկության հիմքն օրենքը չէ, այլ՝ Քրիստոսի շնորհը։ Աստված մեզ կոչ է անում ապրել ոչ թե կանոններով լի ստրկության մեջ, այլ՝ սիրով լի ազատության մեջ։ Երբ մեր հավատքը հիմնվում է սիրո վրա, ոչ թե վախի կամ պարտադրված օրենքի, այն դառնում է կենդանի ու զորավոր վկայություն։ Այդպիսին է նաև համալսարանի անցած ուղին, որի ընթացքում շատերն են սիրո կենդանի վկայություն դարձել, բայց վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանն առանձնացրեց երկուսին՝ ամերիկացի միսիոներուհի Էլիզաբեթ Ուեբբին ու Հայ Ավետարանական հովիվ, աստվածաբան, մանկավարժ, գիտնական, լեզվաբան և երաժիշտ վեր. դոկ. Արմենակ Հայկազյանին։ Առաջինն այդպես էլ չիմացավ Հայկազյան համալսարանի գոյության մասին, որովհետև մահացավ մինչ այդ։ Նա ցեղասպանությունից առաջ, Աստծո նախախնամությամբ հայտնվելով Ադանայում, մտերմացել էր հայերի հետ, իսկ ջարդերի ականատես դառնալով՝ այդ մասին բարձրաձայնել միջազգային հանրությանը։ Հայերի հետ լինելու համար տեղափոխվելով Բեյրութ՝ քրոջ հետ շինություններ էր գնել ու դարձրել դրանք հայ որբ աղջիկների փրկության ու կրթության կենտրոն։ Այդ շենքերում է այսօր տեղակայված Հայկազյան համալսարանը։ Երկրորդը՝ Արմենակ Հայկազյանը, Մեծ Եղեռնի նահատակներից մեկը, հայ դպրության պատմության մեջ իր ուրույն տեղն ապահովելուն զուգահեռ, իր անունը նվիրեց Սփյուռքի ամենանշանավոր կրթօջախին՝ Բեյրութի Հայկազյան համալսարանին: «Խոնարհաբար պետք է ընդունենք, որ մեր արածն այսօր չնչին է: Մենք քիչ բան տվեցինք Աստծուն, 70 տարի Աստված մեզ շատ բան տվեց»,- նշեց վեր. դոկ. Հայդոսթյանը՝ իր պատգամն ավարտելով Արմենակ Հայկազյանի խոսքերի մեջբերմամբ. «Չես կարող մարդ դաստիարակել առանց սիրո»,- և հավելեց,- «Եթե մենք այսպիսի շնորհք ու ազատություն ենք ստացել Աստծուց, որ մեր կյանքը նվիրենք նոր սերնդին ազատությունը բաշխելուն, ինչու ՞ վերադառնանք աշխարհի օրենքի նեղ սահմաններին»:
Հաջորդ օրը՝ հունիսի 16-ին, Հայկազյան համալսարանի պատվիրակությունը հյուրընկալվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) Հայաստանի գրասենյակում։ AMAA-ի կողմից համալսարանի հոբելյանի առիթով կազմակերպված տոնական տորթի կտրման արարողությունից բացի, տեղի ունեցավ պանելային քննարկում, որի ընթացքում Հայկազյանի ներկայացուցիչները սիրով պատասխանեցին AMAA-ի աշխատակիցներին հետաքրքրող հարցերին։
Հունիսի 16-ին և 17-ին կազմակերպվեց ևս երեք միջոցառում՝ բաց դասախոսություններ և քննարկումներ Երևանի տարբեր կրթամշակութային հարթակներում՝ Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանում, Հայաստանի Պատմության Թանգարանում և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական Արվեստների Թանգարանում։ Դրանք նվիրված էին համալսարանի հիմնարար արժեքներին, հայագիտությանը, սփյուռքահայ կրթությանը, ինքնության պահպանմանն ու համալսարանական փորձի փոխանակման հարցերին։
Այս հանդիպումները հնարավորություն տվեցին համալսարանի ներկայացուցիչներին վերահաստատել և արժևորել երկարամյա արդյունավետ համագործակցությունը Հայաստանի կրթական, գիտական ու մշակութային համայնքի հետ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը։ Մասնակիցների թվում կային համալսարանի նախկին շրջանավարտներ, ակադեմիական գործընկերներ, ուսանողներ, հետազոտողներ ու համալսարանի գաղափարներով ոգեշնչված անհատներ։
Հայկազյան համալսարանի 70-ամյակը Հայաստանում ոչ միայն հոբելյանական մի հանգրվան էր, այլև հիշեցում այն մասին, որ կրթությունը՝ երբ արմատավորված է հավատքի, մշակույթի ու համայնքային պատասխանատվության մեջ, կարող է միավորել աշխարհագրորեն հեռու, սակայն գաղափարապես մոտ ժողովուրդների։ Իսկ տոնական հինգ օրվա ընթացքում Հայկազյան համալսարանն ինչ-որ իմաստով վերամիավորվեց հայրենիքի հետ ոչ որպես հյուր, այլ որպես գիտակրթական ընտանիքի լիիրավ անդամ։