.
Տղամարդկանց մեկօրյա համագումար Սյունիքում՝ Կապանի բնության գրկում

Ամռան առաջին շաբաթ օրը Սյունիքի մարզում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) տղամարդկանց համար նշանավորվեց առանձնահատուկ համագումարով։ ՀԱԵ տղամարդկանց խմբերը համակարգող հանձնախմբի նախաձեռնությամբ սա եղավ տարվա երրորդ և վերջին տարածաշրջանային մեկօրյա համագումարը (նախորդ երկուսը կայացել էին Երևանում և Գյումրիում)։

Հունիսի 7-ին Սիսիանից, Գորիսից և Կապանից շուրջ 40 տղամարդ, մասնակցեց համագումարին, որը կազմակերպվել էր այս անգամ ոչ թե եկեղեցու պատերի ներսում, այլ Կապանի բնության գրկում՝ անտառում, գետի ափին տեղակայված տարածքում։ Թեև ծրագիրը գրեթե նույնն էր, ինչ նախորդ համագումարներին, բայց բնությանը մոտ լինելն այս հանդիպմանը հաղորդեց նոր մթնոլորտ ու հոգևոր թարմություն։

Փառաբանությամբ ու պաշտամունքով սկսված օրը շարունակվեց «Աստծո պատկերով ու նմանությամբ» թեմայի շուրջ ուսումնասիրմամբ։ Պատգամախոսը, ինչպես նախորդ հանդիպումներին, ՀԱԵ Գյումրու հոգևոր հովիվ՝ պատ. Արամ Բաբաջանյանն էր։ Նա այս անգամ ևս խոսեց Ծննդոց 1.26 համարի հիման վրա՝ շեշտելով, որ մարդը, և հատկապես տղամարդը, ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, ինչն իրեն տալիս է առաջնորդության պատասխանատվություն՝ ընտանիքում, եկեղեցում ու շրջապատում։

Մասնակիցներն առիթ ունեցան փոքր խմբերով քննարկել թեման՝ շեշտադրելով անձնական փորձառություններն ու կյանքի մեջ գործնական քայլերը։ Խոսվեց այն մասին, թե ինչպես ապրել Աստծո պատկերով, ինչպես փոխանցել հավատքի արժեքները շրջապատին, ինչպես աղոթքի միջոցով խաղաղություն և ուղղություն գտնել ամենօրյա որոշումներում։

Համագումարի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով՝ ընդգծելով, որ այս ձևաչափն առանձնահատուկ էր։ Անտառի լռությունը, գետի մեղմ ձայնը, բաց երկինքը, ինչպես նաև ջերմ հաղորդակցությունը համեղ սեղանի շուրջ ոչ միայն հաճելի էին, այլև օգնում էին ավելի խորությամբ զգալ Աստծո ներկայությունը։

Այսպիսի հանդիպումները ոգեշնչում են տղամարդկանց, հատկապես երիտասարդներին, հավատարիմ մնալու իրենց հավատքին և ավելի ակտիվ մասնակցելու եկեղեցու կյանքին։ Սյունիքի այս համագումարը դարձավ նոր և հիշարժան փորձառություն, որը դեռ երկար կմնա մասնակիցների մտքում ու սրտում։

Աստծո կամոք, տղամարդու՝ աստվածաշնչյան հիմքերով դերի մասին թեմայի ամփոփումը կլինի աշնանը, երբ ՀԱԵ բոլոր տղամարդիկ կհավաքվեն Հանքավանում տեղի ունենալիք միասնական համագումարին:

Նախորդ
...
X