«Կուռքը գրեթե միշտ «լավ բան» է, որը մեր թույլտվությամբ գրավում է Աստծո տեղը»։
Ժամանակակից հոգևոր մարտահրավերների վրա լույս սփռող այս միտքը հնչեց ՀԱԵ կանանց մեկօրյա տարածաշրջանային երրորդ՝ վերջին համագումարին, որը տեղի ունեցավ Ստեփանավանում, մայիսի 17-ին: «Կեղծ աստվածներ» թեմայով համագումարի մասնակիցներն այս անգամ Հայաստանի հյուսիսային շրջանի տարբեր տարիքի կանայք ու աղջիկներ էին, ավելի քան 200 հոգի՝ Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի, Թումանյան, Նոյեմբերյան, Շիրակամուտ, Գյումրի, Իջևան, Դիլիջան, Բերդ, Սպիտակ քաղաքներից։
Համագումարի մասնակիցների ժամանումն ուղեկցվում էր ոչ միայն քաղցր հյուրասիրությամբ, այև կարոտած ու ջերմ հաղորդակցությամբ։ Քույրերը ողջունում էին միմյանց գրկաբաց, ուրախությամբ, քաջալերող խոսքերով և հոգևոր միասնության այն խոր զգացումով, որն այսպիսի հանդիպումներին եզակի գույն է հաղորդում։
Յուրահատուկ էր միասնական փառաբանության պահը, երբ հարյուրավոր կանայք միասին բարձրացնում էին իրենց ձայնն առ Աստված՝ միահունչ երգով, աղոթքով և անկեղծ երկրպագությամբ։ Դա տեսանելի վկայությունն էր այն կյանքի, որն ապրում է Ավետարանի շնորհով լուսավորված համայնքը։
Համագումարի խոսնակն այս անգամ ՀԱԵ ավագ հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանն էր։ Պատգամն ուներ երկու հիմնական մաս։ Առաջին բաժնում վեր. Խաչատրյանն անդրադարձավ կուռքերի ամենամեծ վտանգին՝ սրտի խորքում լինելուն:
«Սրտի խորքում թաքնված կուռքերը տեսանելի չեն, բայց խոր արմատներ ունեն»,- նշեց վերապատվելին՝ անդրադառնալով Եզեկիել 14.2-5 հատվածի մեկնաբանությանը։ Դրանք կարող են լավ ու արժևորվող բաներ լինել՝ ընտանիք, ծառայություն, կարգապահություն, մշակութային նորմեր։ Բայց երբ դրանք սկսում են փոխարինել Աստծուն մեր ներսում, դառնում են կուռքեր. «Ի՞նչ ես պահում քո սրտում, որ դարձել է քեզ համար Աստծուց կարևոր: Այս հարցն ուղիղ է ու անհարմար, բայց հենց դա է սիրտը քննելու սկիզբը»,-նշեց վեր. Խաչատրյանը։ Այնուհետև խոսնակը կուռքերի դեմ պայքարը դիտարկեց որպես սրբության և կարգապահության ուղի: Նա հիշեցրեց, որ սրբությունն ինքնաբերաբար չի գալիս։ Սուրբ կյանքը մշտական պայքար է՝ մարմնի, աշխարհի և սատանայի դեմ։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մարտնչում եմ այնպես, ինչպես ոչ թե օդին խփելով, այլ խոցում եմ իմ մարմինը և ստրկացնում...» (Ա Կորնթացիներ 9.26-27)։
«Սա ոչ թե ինքնախղճահարության, այլ նպատակաուղղված հոգևոր կարգապահության կոչ է»,- նշեց խոսնակը։
Պատգամի առաջին բաժնին, որը խորապես անձնական, գործնական ու մերկացնող անդրադարձ էր սրտի վրա գահ բարձրացած՝ երբեմն անտեսանելի աստվածներին, կանայք բաժանվեցին փոքր խմբերի՝ քննարկելու իրենց անձնական կուռքերը, դրանց ծագման պատճառներն ու աննկատ թողնելու հետևանքները: Այնուհետև վերադարձան եկեղեցասրահ, որտեղ լսեցին նյութի ամփոփումը:
Պատգամի երկրորդ հատվածում վեր. Ավետիք Խաչատրյանն անդրադարձավ ժամանակակից կուռքերի կոնկրետ օրինակների.
- Ընտանիքը, որպես կուռքեր ( Օր.՝ մայրության, երեխաների հաջողության պաշտամունք, ամուսնու երջանկության գերակայություն, ընտանիքի պատվի աստվածացում և այլն)։
- Անվտանգության կուռքեր (Օր.՝ մարդկանց ներկայության կախվածություն, խաղաղ կյանքի փնտրտուք,կարգապահության մոլուցք և այլն)
- Ինքնաարդարացման կուռքեր (Օր՝ հոգևոր պահվածքի միջոցով արդարացում, հոգևոր վարքի ցուցադրականություն և այլն)
- Մշակութային կուռքեր (Օր՝ մարմնի գեղեցկության պաշտամունք, հասարակական կարծիքի գերիշխանություն, իդեալականացված սոցիալական կյանք և այլն):
- Բարոյական կուռքեր (Օր՝ բարու բավարարության համոզմունք և այլն)։
- Քաղաքական և ազգային կուռքեր (Օր.՝ Ազգի գերագնահատում, քաղաքակա կամ որևէ գաղափարախոսության աստվածացում և այլն)
«Սրանցից յուրաքանչյուրն ինքնին կարող է «բարի բան» լինել։ Բայց հենց լավ բաներն էլ դառնում են մեր հոգու կուռքը, երբ իրենց վերագրում ենք այն, ինչ միայն Աստծուն է հատուկ»,- նշեց խոսնակը՝ ավելացնելով, որ սրտի փոփոխությունը սկսվում է Ավետարանով: Որպես թեմայի ամփոփում՝ մեջբերեց Հիսուսի խոսքերը Սամարացի կնոջը.«Ով խմի այն ջրից, որ Ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի...» (Հովհաննես 4.14): Քրիստոսը չի փնտրում իդեալական հավատացյալի կամ սուրբ քրիստոնյայի։ Նա փնտրում է զղջացող սրտեր, որոնք պատրաստ են բացել իրենց ներսը ու ասել. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից...»։ Պատգամաբերը հիշեցրեց՝ «Ավետարանը միայն սկսնակների համար չէ. այն մեր սիրտն առողջ պահելու դեղամիջոցն է ամեն օր, որպեսզի մեղքից ձերբազատվենք ու Տիրոջ հետ լինենք»։
Ամփոփելով իր խոսքը՝ վեր. Խաչատրյանը նշեց, որ սրտի մաքրությունը սկսվում է կուռքերի բացահայտմամբ ու դրանցից հրաժարվելով։ Եվ հենց այդ պահին է սկսվում ազատությունը. «Այն օրը, երբ կուռքերը վայր դնես, քեզ համար նոր ազատություն կսկսվի»։
Համագումարն ավարտվեց, քույրերն իրենց քաղաք ու տուն վերադարձան՝ սրտում պահելով համոզումը՝ կուռքերին պետք չէ հեռուներում կամ պատմության էջերում փնտրել։ Դրանք ապրում են մեր առօրյայում, մեր վախերում, մեր երազանքներում։ Բայց եթե համարձակվենք հայտնաբերել դրանք ու Ավետարանի լույսի տակ բերել, մեր սրտերում կրկին կթագավորի Աստված։