Տղամարդիկ, ովքեր հավատում են Աստծուն, Նրա պատկերը կրելու և իշխանությունը ներկայացնելու պատասխանատվություն ունեն ինչպես ընտանիքում, այնպես էլ եկեղեցում և հասարակության մեջ։ Այս համոզմունքով էր, որ մայիսի 10-ին Երևանում՝ Հարավ-Արևմտյան Թաղամասում (ՀԱԹ) գտնվող Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում (ՀԱԵ) համախմբվել էր Հայաստանի տարբեր համայնքներից (ՀԱԹ, «Հույսի Տուն», Բաղրամյան 18, Արմավիր, Այնթապ, Աբովյան, Արտաշատ, Դիլիջան, Ստեփանավան) ժամանած վաթսունից ավելի տղամարդ՝ մասնակցելու «Աստծո պատկերով և նմանությամբ» խորագրով տղամարդկանց տարածաշրջանային մեկօրյա համագումարին։
Համագումարը տղամարդկանց հերթական հանդիպում չէր, այլ առիթ՝ վերագտնելու սեփական հոգևոր ինքնությունը, միասին փնտրելու Աստծուց ստացած տղամարդկային կոչումը, վերաարժևորելու ընտանիքում և եկեղեցում ունեցած դերը։
Համագումարը մտերմիկ հաղորդակցության ու հոգևոր սննդի յուրահատուկ համադրություն էր։ ՀԱԹ-ի եղբայրները ջերմ ընդունելություն ու համեղ հյուրասիրություն էին նախապատրաստել, որին հաջորդեց սուրբգրային թեմաներով խաղ-մրցույթը։ Սակայն օրվա բովանդակային առանցքը դարձավ պաշտամունքը՝ փառաբանության բաժինը, Աստծո Խոսքի ուսուցումն ու խմբային քննարկումները։
Օրվա բանախոսը՝ Գյումրու ՀԱԵ հովիվ պատ. Արամ Բաբաջանյանն էր։ Նա իր պատգամում հիշեցրեց, որ տղամարդու դերը հասկանալու համար պետք է նախ հասկանալ մարդու դերը ստեղծագործության մեջ։ Հիմնվելով Ծննդոց 1.26-ից սկսած սուրբգրային հատվածի վրա՝ պատ. Արամը նշեց, որ այս ճշմարտության լույսի ներքո տղամարդը կոչված է ոչ միայն մարմնավորելու Աստծո պատկերը, այլև ապրելու ըստ այն իշխանության, որ Աստված դրել է իր ներսում։ Այդ պատկերը դրսևորվում է այնտեղ, ուր կա հնազանդություն, զոհողություն, խնամք, առաջնորդություն և ճշմարտության հանդեպ հավատարմություն։ Տղամարդն Աստծո կողմից ընտրված այն կարևորագույն խողովակներից է, որով Տիրոջ ներկայությունը երևում է նախ ընտանիքում, ապա՝ համայնքում։
Բանախոսն ընդգծեց, որ Աստված ստեղծեց ընտանիքը՝ որպես Իր ներկայությունն արտացոլող միջավայր։ Սուրբ Գիրքը՝ Եփեսացիներին 5.22-33 հատվածում, տալիս է հարաբերությունների այն պատկերն ու օրինակը, որով պետք է առաջնորդվի յուրաքանչյուր քրիստոնյա ամուսին։ Պատ. Արամ Բաբաջանյանն ընդգծեց՝ տղամարդն ընտանիքի քահանան է։ Նրա սիրո, արդարության և հոգատարության միջոցով ընտանիքը դառնում է օրհնված, և այդ օրհնությունը տարածվում է ամբողջ ստեղծագործության վրա։
Բանախոսությանը հաջորդող խմբային քննարկումները խորացրին ուսուցման թեմաները՝ հորդորելով մասնակիցներին խորհել ու անձնական անդրադարձ կատարել Ադամի դերի, Աստծո իշխանության բնույթի և այսօր Աստծո պատկերը կրելու գործնական ձևերի մասին։
Համագումարի երկրորդ բաժնում պատ. Բաբաջանյանն ամփոփեց տղամարդու հոգևոր նկարագիրն ութ կարևոր ուղենիշներով՝ պատասխանատվություն վերցնելու, Քրիստոսի նման սիրելու, ընտանիքն առաջնորդելու, երեխաներին օրհնելու, արդարության մեջ ապրելու, ներքին խաղաղություն գտնելու, հավատարմություն ցուցաբերելու և, վերջապես, հոգևոր ժառանգություն թողնելու կոչով։
Համագումարը եզրափակվեց աղոթքով, եղբայրական զրույցներով և խմբային լուսանկարով։ Բայց ամենակարևորը՝ մասնակիցներից յուրաքանչյուրը վերադարձավ իր տուն և համայնք՝ զորացած, իր կոչման մեծության գիտակցմամբ ու որոշումով՝ վերագտնել Աստծո պատկերն ու իշխանությունը սեփական կյանքում։