Նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում «Շողիկում» էին որպես մանուկ, պատանի կամ երիտասարդ, այսօր արդեն նույն ճամբարում ծառայության նախապատրաստվող առաջնորդներ են։ Բայց մինչ այդ, կարևոր հարցի պատասխան պետք է գտնեն՝ «ո՞րն է կյանքի նպատակը», քանի որ միայն ճշմարիտ նպատակը կարող է դառնալ արդյունավետ առաջնորդության սկիզբը։
Մայիսի 2-3-ը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (AMAA) Հանքավանի «Շողիկ» ճամբարը հյուրընկալեց աշակերտական համագումարը՝ «Նպատակաուղղված կյանք» խորագրով։ Համագումարը մեկտեղել էր շուրջ 100 երիտասարդ Հայաստանի տարբեր անկյուններից՝ Սյունիքից մինչև Լոռի։ Նրանք այն երիտասարդներն են, ովքեր տեղական եկեղեցիներում անցել կամ անցնում են հոգևոր աշակերտության ուսուցումներն ու այս ամառ պատրաստվում են իրենց առաջին ծառայությանը՝ որպես օգնական առաջնորդներ հենց «Շողիկում»։
Համագումարը մեկնարկեց յուրահատուկ խմբային մարտահրավերով։ Նախապես կազմավորված թիմերը ստեղծեցին իրենց զինանշանն ու կարգախոսը՝ պատկերելով դրանք պաստառների վրա։ Այնուհետև, ծանոթության, համագործակցության ու գնահատման միջոցով բացահայտեցին իրենց թիմի ուժեղ և թույլ կողմերը։
Համագումարի գլխավոր խոսնակն էր Ներսես Ռաստգելենյանը՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքի եղբայրության եկեղեցու հովիվը։ Նրա պատգամը՝ հիմնված աստվածաշնչյան ճշմարտության վրա, ուղղված էր կյանքի իրական նպատակի բացահայտմանը։
Որտե՞ղ փնտրել կյանքի իմաստը, երբ աշխարհի առաջարկած բոլոր նպատակները, ինչպես Սողոմոն իմաստունն է ասում, ի վերջո՝ ունայնություն են։ Ունայնություն են, երբ նպատակը սխալ բաների մեջ ես փնտրում. «Եթե Աստծո հետ փոխհարաբերություն չունենք, կյանքն անիմաստ է: Ներքին դատարկությունը, որը հավիտենականությունը ճանաչելու համար է, ոչնչով փոխարինել չի լինի»,- ամփոփեց պատգամախոսը՝ մեջբերելով Եփեսացիներին 1.4-5 և Ժողովող 3.11 համարները:
Իսկ եթե ճշմարիտ նպատակը միայն Քրիստոսի մեջ է, ապա ամեն օրը պետք է ապրել Նրան ծառայելով։ Այս ուղերձով էր ներշնչված նաև համագումարի կարգախոսը՝ «Նպատակաուղղված կյանք՝ Քրիստոսով»։
Ներսես Ռաստգելենյանի պատգամը հաջորդ օրը կենտրոնացավ Քրիստոսով նպատակաուղղված կյանք ապրելու 3 առանցքային գործիքների վրա՝
- Ժամանակ — Եփեսացիներին 5․15-17-ում ասված է՝ ժամանակը պետք չէ վատնել անիմաստության վրա, այլ պետք է գործածել Աստծո թագավորության համար։ «Ծախու առեք ժամանակը»,- ասվում է Գործք 20.24-ում։
- Տաղանդներ — Մեր կյանքը մեզ չի պատկանում (Ա Կորնթ. 6․20)։ Տիրոջը փառք տալու ամենամեծ ուղին Աստծուց ստացած շնորհներն օգտագործելն է՝ Իր թագավորության տարածման համար։
- Գանձեր — Աստված մեր վստահության կարիքն ունի նաև նյութականի մեջ։ Մատթեոս 6․19–21-ում կոչ է արվում գանձեր դիզել երկնքում, ոչ թե երկրի վրա։
Ռաստգելենյանը հիշեցրեց նաև Սողոմոնի խոսքերը՝ «Աստծուց վախենալ և պատվիրանները պահել՝ սա է մարդու պարտքը»։ Նա հարց բարձրացրեց․ «Ի՞նչ է նշանակում կյանք, և՝ ավելի կյանք»։ Քրիստոսի հետ միայն հարաբերությո՞ւն, թե՞ կենդանի հաղորդակցություն։ «Հարաբերությունը գալիս է վերստին ծնունդով, իսկ հաղորդակցությունը՝ հոգևոր աճով։ Մեր սրտի բոլոր դռները պետք է բաց լինեն Նրա առաջ, որպեսզի մաքրվենք մեղքից»։
«Շողիկում» օրը սկսվում էր փառաբանությամբ ու ավարտվում աղոթքով, ընթացքում ինտելեկտուալ ու զվարճալի խաղեր էին, ուսուցողական ու լիցքաթափող ներկայացումներ, գործնական քննարկումներ խմբերում՝ Աստծո Խոսքի յուրաքանչյուր պատգամից հետո։
Համագումարը, որը միավորել էր Ատծո տանը մեծացած ու ծառայության կանչված երիտասարդներին, որոնցից շատերն ընդամենը 17 տարեկան են, կյանքի ծաղկման փուլում, կարևոր առաքելությունից առաջ տվեց գլխավոր հարցի պատասխանը. Կյանքի նպատակն Աստծուն փնտրելն ու Նրա կամքի համեմատ ապրելն է։ Տիրոջը նվիրված կյանքը պտղաբեր ու իմաստալից է։