Երբ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության բաժինը հայտարարեց «Իմ տունը» խորագրով երիտասարդական համագումարի մասին, մասնակիցներից ոչ ոք չէր պատկերացնում, որ առաջին իսկ րոպեներին քարերով են տուն կառուցելու, իսկ հետո կառուցելու են նոր ընկերություն, համոզումներ ու հավատքի ամուր հիմքեր։
120 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում ՀԱԵ համայնքներից, մայիսի 1-2-ը հավաքվել էր Հանքավանի «Շողիկ» ճամբարում՝ վերագտնելու տան, ընտանիքի իմաստը, ապագա կողակցի ընտրության սկզբունքները՝ Աստվածաշնչյան ճշմարտությունների լույսի ներքո։
Համագումարի բացման արարողությունից արդեն պարզ էր՝ սա սովորական հավաք չէ։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ստացավ մի մեծ ծրար, որի ներսում քարեր էին, բայց ոչ թե ծանրություն կրելու, այլ՝ հիմք դնելու համար։ Այդ քարերով մասնակիցները գտան իրենց խմբակիցներին ու պարզ նյութերով, բոլորով միասին կառուցեցին փոքրիկ տնակներ՝ խորհրդանիշն այն տան, որ Աստված է կամենում կառուցել յուրաքանչյուրի սրտում ու կյանքում։ Ամեն մեկն իր պատմությունն ու փորձառությունն էր բերել՝ միաձուլելու ընդհանուր շինարարությանը՝ հասկանալու, թե ինչ է նշանակում տուն ունենալ ոչ միայն երկրային իմաստով, այլ՝ Աստծո ներկայության մեջ, Նրա ճշմարտությամբ և նախախնամությամբ։
Համագումարի ընթացքում երիտասարդները բացահայտեցին, որ ամուսնական տունը կառուցվում է համբերության, ներողամտության, սիրո, վստահության, խաղաղության, ուրախության, միաբանության, ապահովության, հանգստության ու օրհնության քարերով, բայց դրանց շաղախն Աստծո ներկայությունն է։
«Ամուսնությունը՝ սրբության ուղի», սա համագումարի առաջին օրվա թեման էր։ Խոսնակը՝ ՀԱԵ ավագ հովիվ վեր. Ավետիք Խաչատրյանը, ամուսնությունը դիտարկեց ավանդական և աշխարհիկ ընկալումներից վեր՝ որպես հոգևոր ճամփորդություն և ծառայություն։ Հիմնվելով Եփեսացիներին 5.25-27 և Ա Կորնթ. 13.4-7 համարների վրա՝ վերապատվելին նշեց, որ համատեղ «ամուր տուն» կառուցելը պահանջում է պայքար, եսասիրության զոհաբերություն, ներողամտություն և համբերություն։ Ընտանիքն օգնում է բացահայտել մեր թերություններն ու բարեփոխվել, անցնել սրբացման ուղին՝ Աստծո առաջնորդությամբ. «Ամուսնությունն այն խոշորացույցն է, որի օգնությամբ տեսնում ենք մեր թերությունները, ու քանի որ տեսնում ենք նույնիսկ մանր ճաքերը, Աստծո շնորհով ու Նրա Խոսքի լույսի ներքո կարող ենք բարեկարգել դրանք՝ թույլ չտալով, որ փոքր խնդիրները վերաճեն մեծի ու հանգեցնեն տան փլուզման: Ընտանիքը ոչ թե անհատական երջանկության մասին է, այլ համատեղ սրբագործման, որի արդյունքը համատեղ երջանկությունն է»։ Խոսվեց նաև այն մասին, որ իրական սերը ոչ այնքան զգացմունք է, որքան սիրելու, ներելու և ծառայելու ամենօրյա որոշում:
Համագումարի երկրորդ օրը երիտասարդները լսեցին «Ստեղծելով ընտանիք՝ Աստծո ճանապարհով» թեման, որի ընթացքում խոսնակն անդրադարձավ ընտրության աստվածահաճո սկզբունքներին։ «Աստված ոչ միայն ստեղծել է ընտանիքը, այլ նաև սահմանել է սկզբունքները, որոնցով պետք է այն կառուցվի։ Ընտանիքը պետք է ձևավորվի հավատքի, հնազանդության և սիրո վրա»,– նշեց վեր. Խաչատրյանը՝ անդրադառնալով Ծննդոց 24.1–67 համարներում նկարագրված ամուսնության պատմությանը։ Իսահակի համար որպես կին Ռեբեկային ընտրելու սկզբունքների հիման վրա խոսնակն անդրադարձավ ընտրության Աստծո կողմից սահմանված հոգևոր չափանիշներին. «Մի՛ ստեղծեք ընտանիք անհավատ մարդու հետ՝ հույս ունենալով, թե հետո կփոխվի։ Ընտանիքի հիմքը պետք է լինի Աստծո վրա հիմնված հոգևոր միասնությունը։ Ընտանիքը համատեղ առաքելություն է, այն ծառայություն է Քրիստոսի պատկերն արտացոլելու համար։ Այդ պատճառով Աստծո խոսքը և աղոթքը պետք է գերակա լինեն ընտրությունից առաջ, իսկ հետո նաև ամուսնական կյանքի որոշումներում։ Ընտանիքը պահանջում է հանձնառություն, խոնարհություն եւ փոխադարձ հարգանք»։
Հոգևոր նյութերի սերտողությունը շարունակվեց նաև փոքր խմբերում, որտեղ մասնակիցներն անկեղծ քննարկումներ ունեցան նաև անձնական աճի, հարաբերությունների նպատակի, սպասելու արվեստի, սեռականության սահմանների, իրական սիրո դրսևորումների ու աստվածաշնչյան օրինակների վերաբերյալ։
Համագումարի օրերը լի էին ոչ միայն աստվածաշնչյան ուսուցումներով, այլև աղոթքով ու փառաբանությամբ, հոգևոր մտորումներով ու պանելային քննարկումներով, միտքն ու մարմինը մարզող խաղերով, սրտի խորքում թաքնված հարցերը վեր հանող ներկայացումներով ու ընտանեկան դրվագներ պատկերող հումորային բեմականացումներով։ Յուրաքանչյուր պահ ծառայեց մեկ նպատակի՝ երիտասարդներին հիշեցնելու, որ Աստված հենց իրենց կյանքում է ցանկանում կառուցել Իր տունը՝ սրբությամբ, խաղաղությամբ ու սիրով լի ապագայի տունը։
Համագումարի սկզբում նրանք ձեռքերին տուն կառուցելու քար ունեին, բայց սրտերում՝ երազանք մեկ այլ տան մասին։ Համագումարի ավարտին վստահ էին՝ քար առ քար դեպի սրբություն են գնալու ու կառուցելու են իրենց տունը՝ երկնքի նախագծով։